Բաժիններ՝

Իրանը հերքել է իր առնչությունը Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական դիրքերի վրա հարձակումներին

Թեհրանը հերքել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի մեղադրանքներն այն մասին, թե Իրանը որևէ առնչություն ունի Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական դիրքերի վրա հարձակումներին: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Սայիդ Իրավանին այս թեմայով չորս առանձին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին։ Այդ մասին տեղեկանում ենք Tasnim գործակալությունից:

«Կցանկանայի մեկ անգամ ևս ընդգծել. Իրանը չի մասնակցել ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների վրա որևէ հարձակման: Իսլամական հանրապետությունն անհիմն է համարում այս հարցում ԱՄՆ-ի մեղադրանքները և կարծում է, որ այդ բոլոր հայտարարություններն օկուպանտ երկրի կողմից փորձ է՝ արդարացնելու և ապաքրեականացնելու Սիրիայում և տարածաշրջանում իրականացվող սեփական ագրեսիան և միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կանոնադրության լուրջ խախտումները», – հայտարարել է նա։

Դեկտեմբերի 4-ին The Washington Post թերթը, վկայակոչելով Պենտագոնի տվյալները, հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները հոկտեմբեր 17-ից Մերձավոր Արևելքում ենթարկվել են զինյալների առնվազն 76 հարձակումների: Ըստ հրատարակության՝ Իրաքում և Սիրիայում ամերիկյան զորքերի ուղղությամբ հրթիռակոծություններ և անօդաչու թռչող սարքերի հարձակումներ են իրականացվում գրեթե ամեն օր։

Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտնել էր, որ Կարմիր ծովում «Քարնի» ականակիր նավը օգնության է հասել 3 առևտրային նավերի, որոնք հարձակման են ենթարկվել Եմենի՝ հութի ապստամբների կողմից վերահսկվող տարածքներից։ ԱՄՆ-ն այդ հարձակումներին աջակցելու համար մեղադրել էր Իրանին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս