Ռուբենսի՝ նախկինում անհայտ կտավը աճուրդի կհանվի Վարշավայում
Ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսի (1577-1640) «Սուրբ ընտանիքը» նախկինում անհայտ կտավը Վարշավայում աճուրդի կհանվի Polswiss Art աճուրդի տան կողմից։
«Հետազոտությունները ցույց են տվել, որ անհայտ այդ նկարը դեռ ներառված չէ Պիտեր Պաուլ Ռուբենսի ստեղծագործությունների կատալոգում: Անշուշտ, դա դուրս է գալիս արվեստի (գործերի) շուկայի շրջանակներից և հետաքրքրություն կառաջացնի լեհական և արտասահմանյան գիտական շրջաններում», – ասել է Polswiss Art-ի ներկայացուցիչ Մաժենա Կարպինսկայան:
Նկարը Վիեննայում գնել է լեհ կոլեկցիոներներից մեկը, ընդ որում՝ ո՛չ վաճառողը, ո՛չ էլ գնորդը պատկերացում չեն ունեցել, թե դա ինչ արժեք է ներկայացնում: Հետագայում ամենաժամանակակից տեխնիկական մեթոդներով կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կտավը ոչ միայն նկարվել է Ռուբենսի արվեստանոցում, այլև պատկանում է նկարչի վրձնին։
«Սուրբ ընտանիքը» նկարում նկարիչը պատկերել է մանուկ Հիսուսին՝ նստած Մարիամ Աստվածածնի գրկում, որի թիկունքին կանգնած է Սուրբ Հովսեփը՝ մի ձեռքը մորուքին։ Ենթադրվում է, որ Ռուբենսն այս կտավը նկարել է 1630 թվականին Ամստերդամում։
Ներկայում կտավը գտնվում է Լեհաստանում՝ մասնավոր հավաքածուներից մեկում։ Այն աճուրդի կհանվի դեկտեմբերի 12-ին։
Լոտի մոտավոր արժեքը գնահատվում է 4-6 միլիոն զլոտի (մոտ 1-1,5 միլիոն դոլար):