Այսօրվա գիտությունը ձևավորում է վաղվա գործարարությունը. Երևանում անցկացվում է «Գիտություն և գործարարության օրեր 2023» համաժողովը
Երևանում մեկ հարկի տակ են հավաքվել ձեռներեցներ, գործարարներ, անվանի գիտնականներ ու հետազոտողներ՝ քննարկելու ու հասկանալու, թե ինչպես կարող են գիտությունն ու գործարարությունը համատեղ ջանքերով ներդնել՝ օգնելու ունենալ գիտահեն ու արագ զարգացող տնտեսություն:
Երևանում դեկտեմբերի 1-ին մեկնարկել է արդեն երկրորդ տարին անցկացվող «Գիտության և գործարարության օրեր» համաժողովը, որը նախաձեռնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը:
«Մեր այս նախաձեռնության նպատակն է մեկ հարկի տակ հավաքել ձեռներեցներին և գործարարներին, գիտնականներին ու հետազոտողներին, ինչպես նաև պետական պաշտոնյաներին, որպեսզի միասին մտքերի բախման շնորհիվ ավելի լավ հասկանանք, թե ինչպիսին պետք է լինեն մեր բոլորի ջանքերը, որ կարողանանք հասնել այնպիսի ընկերություններ ունենալուն, որոնք իրենց բնույթով կլինեն գիտելիքահեն, կարտադրեն ու կվաճառեն այնպիսի ապրանքներ, որոնք ունիկալ են,կարող են արտահանվել ամբողջ աշխարհով մեկ, այլ ոչ թե մեկ կամ մի քանի շուկաներ»,-ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Կառավարության տնտեսական քաղաքականության առանցքը աշխատանքի արտադրողականության բարձրացումն ու ներդրումների վրա հիմնված տնտեսական աճն է: Աշխատանքի արտադրողականության խթանման համար կառավարությունը նախաձեռնել ու իրականացնում է մի շարք ծրագրեր: Քերոբյանը ներկայացրեց այդ ծրագրերը, այդ թվում տնտեսության արդիականացման ծրագիրը:
Մի քանի շաբաթ առաջ կառավարությունը հաստատել է նաև տնտեսապես բարդ ապրանքների արտադրության օժանդակության ծրագիրը: «Դրանք այն ապրանքներն են, որոնք ավելի գիտելիքահեն են, ունեն համեմատաբար փոքր մրցակցություն արտաքին շուկաներում և պահանջում են ավելի լուրջ ներդրումներ: Մենք պատրաստ ենք նման ներդրումների պարագայում քեշբեքի(հետվերադարձ) և հարկային արտոնությունների տեսքով ընկերություններին վերադարձնել իրենց ներդրումների մինչև 35 տոկոսը»,-ասաց Քերոբյանը:
Տնտեսապես բարդ ապրանքների տեսությունը ստեղծել են հայտնի գիտնականներ: Եվ համաժողովի շրջանակում հնարավորություն կա «առաջին ձեռքից»՝ հենց Սեզար Իդալգոյից լսել, թե ինչ է նշանակում բարդ ապրանք, ինչ առավելություններ ունեն այդ ապրանքներն արտադրողները, ինչպես կարելի է հասնել համեմատաբար մեծ շուկաների:
«Կառավարության ներդրումը տնտեսական հզորացման մեջ առավել խոսուն արտահայտվում է այն բյուջեով, որոնք նախատեսված են տնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար: Եթե 2020-ին կառավարությունն Էկոնոմիկայի նախարարության տնտեսական ծրագրերի համար նախատեսել էր ներդնել մոտ 20 մլրդ դրամ, ապա 2024-ին այդ թիվը կկազմի 92 մլրդ դրամ: Սրանք ներդրումներ են, որոնք կառավարությունն անում է մեր ընկերություններում՝ դրանց մրցունակությունն ու բարձր արտադրողականությունն ապահովելու համար»,-ասաց Քերոբյանը:
Համաժողովի այս տարվա գլխավոր բանախոսը «Սև Կարապ» և «Հակափխրունություն բեսթսելերների հեղինակ, հայտնի գրող, հրապարակախոս, փիլիսոփա ու գիտնական Նասիմ Նիկոլաս Թալեբն է: Նախարարը հույս հայտնեց, որ Թալեբը կօգնի հասկանալ, թե ինչպես կարելի է փոքր ռիսկով հասնել մեծ արդյունքի:
Նախորդ տարվա համաժողովի հատուկ հյուրը նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանն էր: Նա վիդեո ձևաչափով հղած իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների, դժվար իրավիճակի մասին՝ ընդգծելով, որ սակայն գիտությունն ուժ ունի՝ վերափոխելու մարտահրավերները:
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը համաժողովը կարևոր հարթակ համարեց՝ մտքեր կիսելու, կարևոր խնդիրների մասին քննարկումներ ունենալու և հասկանալու համար, թե ինչպես կարող են գիտությունն ու գործարարությունը համատեղ ջանք ներդնել հանրային այն խնդիրների լուծման համար, որոնք պայմանավորում են զարգացումը:
«Մենք ապրում ենք բարդ ժամանակներում: Բարդ ժամանակները մտքի ժամանակներ են, իսկ մտքի զարգացումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ մենք հետևողական ջանք ենք ներդնում գիտության զարգացման ուղղությամբ: Սա մեր կառավարության առաջնահերթություններից է: Նախորդ տարիներին մենք ավելի քան 150 տոկոսով ավելացրել ենք գիտության ֆինանսավորումը, դա արդեն ունի արդյունքներ»,-ասաց նախարարը:
Կառավարությունը շարունակական աշխատանք է տանում՝ գիտության մեջ ներգրավված անձանց, գիտաշխատողների աշխատավարձի բարձրացման ուղղությամբ, ինչը նախարարը խթան համարեց՝ երիտասարդների մղելու զբաղվել գիտությամբ: Անդրեասյանը խոսեց նաև դրամաշնորհային ծրագրերի մասին, շահառուների ավելի քան 70 տոկոսը մինչև 35 տարեկան գիտնականներ են: Ըստ նրա՝ գիտական սարքավորումների և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ևս էական քայլեր, թարմացումներ են արվել:
«Ո՞րն է գիտության արդյունքը, որի շուրջ արվում են այդ ներդրումներ, ինչպիսի՞ն է դրա հանրային ազդեցությունը, ինչպիսին է ազդեցությունը տնտեսության զարգացման վրա, ինչպես պետք է այս երկու ոլորտներն աշխատեն միասին ու ինչպիսի արդյունք պետք է տան հանրության առջև կանգնած մարտահրավերների ուղղությամբ: Հենց այս հարցերի շուրջ է, որ կունենանք արդյունավետ քննարկում»,-ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ համաժողովի շրջանակում հնչած մտքերը հիմք կհանդիսանան աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Համաժողովի շրջանակում նախատեսված են պանելային քննարկումներ: Քննարկումների մասնակիցները տեսակետներ հայտնեցին, որ այսօրվա գիտությունը ձևավորում է վաղվա գործարարությունը: