Քաղաքային իշխանությունը մտադիր չէ հետ մնալ կառավարությունից

Երևանի քաղաքային իշխանությունը, նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, մտադիր չէ ամենևին հետ մնալ կառավարությունից։ Այստեղ էլ պատրաստվում են ամենուրեք բարձրացնել հարկերն ու այլ վճարները, ֆինանսական բեռ ավելացնել քաղաքացիների վրա։

Ժամանակին ինքնամոռաց բողոքում էին թանկացումների դեմ, առիթ-անառիթ շարժումներ էին ձևավորում, փողոց էին դուրս գալիս՝ իբր քաղաքացիների իրավունքների համար են պայքարում, հիմա բացահայտ թալանում են մարդկանց, լծվել են քաղաքացիների գրպանները դատարկելու գործին։

Մի կերպ քաղաքապետի պաշտոնը հաջողացնելուց հետո, գործի են անցել։

Նպատակ ունեն հաջորդ տարվանից կտրուկ բարձրացնել հայտնի «կարմիր գծերի» վարձավճարները։ Այն կարմիր գծերի, որոնց ներդրման դեմ ժամանակին պայքարում էին։

Կարդացեք նաև

Ավագանու որոշման նախագիծ են դրել շրջանառության մեջ՝ Երևանում տեղական վճարների դրույքաչափեր սահմանելու մասին։ Այլ թանկացումներից բացի, առաջարկում են կտրուկ բարձրացնել նաև ավտոկայանատեղիների վճարները։

Կենտրոնում կայանելու համար տարեկան վճարը սահմանել են ոչ ավել, ոչ պակաս, 160 հազար դրամ։

Հիմա 12 հազար դրամ է։

Արդեն նույնիսկ կրկնապատկելով կամ եռապատկելով չեն բավարարվում. Մտադիր են միանգամից բարձրացնել ավելի քան 13 անգամով։

Մեկ օրվա համար էլ պահանջում են 2 հազար դրամ, մեկ շաբաթվա համար՝ 5 հազար դրամ։

Կենտրոնի փողոցներում մեկ ամսվա կայանման գինը դրել են 18 հազար դրամ։ Ավելի շատ, քան այսօր քաղաքացիները վճարում են մեկ ամբողջ տարվա համար։

Կենտրոնից դուրս կամ երկրորդ գոտում մեկ օրվա համար առաջարկում են գանձել 1000 դրամ, մեկ շաբաթվա համար՝ 2 հազար դրամ, մեկ ամսվա համար՝ 4 հազար դրամ։

Տարեկան վճարը կենտրոնից դուրս նախատեսում են դարձնել 24 հազար դրամ։

Երեք անգամով էլ պատրաստվում են բարձրացնել ժամային վճարը։ Այսօր այն 100 դրամ է, առաջարկում են սահմանել 300 դրամ՝ յուրաքանչյուր մեկ ժամի համար։

Երևանի ՔՊ-ական քաղաքային իշխանությունը, իր արբանյակ կուսակցության հետ, ահա այսպիսի ամանորյա անակնկալ է պատրաստել ավտոսեփականատերերի համար։

Կայնատեղիների հնարավորություններն ընդլայնելու, նորերը կառուցելու փոխարեն՝ գներն են բարձրացնում։ Չեն ուզում ուղեղներին մի քիչ զոռ տալ՝ նորմալ լուծումներ գտնել։ Հեշտ ձև են գտել՝ թանկացնում են, որ իբր քաղաքի կենտրոնը լիցքաթափեն։ Այնինչ՝ քաղաքի կենտրոնը ավտոմեքենաներից լիցքաթափելու համար, նախ պետք է մտածել հասարակական տրանսպորտի վիճակը բարելավելու մասին։ Ժամերով մարդիկ տրանսպորտի են սպասում՝ մի տեղից մյուս տեղ հասնելու համար։ Էլ չասենք, թե ինչ է կատարվում առավոտյան ու երեկոյան ժամերին։

Բայց սա միակ անակնկալը չէ, որ առաջիկայում մտադիր է մատուցել քաղաքային իշխանությունը։

Հաջորդը լինելու է հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը։

Այդ մասին որոշման նախագիծ դեռ չեն դրել շրջանառության մեջ, բայց կդնեն, ժամանակը մոտենում է։ Ու եթե մայրաքաղաքի բնակիչները կարծում էին, թե ընտրություններից հետո էլ շարունակելու են հասարակական տրանսպորտից օգտվել 100 դրամով, ապա չարաչար սխալվում են։

Երևանի քաղաքապետի ու ավագանու ընտրությունները ստիպեցին ժամանակին հետաձգել ուղեվարձի բարձրացումը։ Ընտրությունից առաջ, բնականաբար, նման զոհաբերության չէին գնա ու բարձրացնեին ուղեվարձերը։ Դրա համար քաղաքային բյուջեից բոլ-բոլ փող էին տալիս՝ փակելու հասարակական տրանսպորտի վնասները։ Այդպիսով հույս ունեին շահել երևանցիների քվեն։ Թեև դա էլ չօգնեց։ Նույնիսկ իրենց արբանյակ կուսակցության հետ միասին չկարողացան ավագանիում մեծամասնություն ստանալ։

Լավ-վատ, ընտրություններն ավարտվել են, հիմա եկել է ծանր որոշումներ ընդունելու ժամանակը։

Այդ որոշումներից մեկն էլ լինելու է հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը։

Տասնյակ-միլիոնավոր դոլարների վարկեր են վերցրել, նոր ավտոբուսներ, նաև տրոլեյբուսներ են բերել, այդ վարկերը պիտի՞ փակվեն, թե՞ ոչ։ Եվ որտեղի՞ց պիտի փակվեն, եթե ոչ՝ ուղեվարձը բարձրացնելու միջոցով։

Կապ չունի, թե այդ բարձրացումն ինչպես կներկայացվի, վճարումների նոր համակարգի ներդրման անվան տա՞կ, թե՞ այլ տարբերակով, բայց լինելու է, խուսափել չեն կարող, որովհետև իրենց քաղաքական նպատակներից ելնելով, ինչպես քաղաքային բյուջեն, այնպես էլ՝ քաղաքային տրանսպորտի համակարգը չափից դուրս ծանրաբեռնել են, ֆինանսական լուրջ բեռ են ավելացրել։ Ու առաջիկայում պիտի փորձեն դուրս գալ դրա տակից, այլ տարբերակ չունեն։ Անունը կդնեն բարեփոխումներ ու կբարձրացնեն ուղեվարձերը։

Միևնույն է, ընդդիմացողներ չկան։ Եթե նույնիսկ լինեն, կդնեն ոստիկանական մահակի տակ ու այնքան կճնշեն, մինչև դադարեն բողոքել։

Վաղուց արդեն Հայաստանում բողոքողների դեմ պայքարի նախկին փափուկ ձևերը գոյություն չունեն։ Ամենակոպիտ մեթոդներով ճնշում են դժգոհության ցանկացած փորձ, վախեցնում են ոստիկանական բիրտ ուժով, մարդկանց մասսայաբար հավաքում, տանում-լցնում են ոստիկանական բաժանմունքներ, չեղած տեղից գործեր են կարում ու ստիպում լռել։

Չկան կամ կան, բայց այլևս այլ դաշտում են գործում, գուցե նաև իշխանությունների հետ են համագործակցում այն հասարակական շարժումները, որոնք ժամանակին իբր քաղաքացիների իրավունքների համար էին պայքարում։ Այդ շարժումների անդամների մի մասը հիմա իշխանական փափուկ աթոռներին են ու վաղուց մոռացել են հասարակության մասին։

«Կարմիր գծերի» իսպառ վերացման համար պայքարելու նպատակով ժամանակին մի այսպիսի նախաձեռնություն էր գործում՝ «Դուրս մեր գրպանից»։ Շարժման մասնակիցները մի պահ նույնիսկ բոյկոտում էին «կարմիր գծերը», հրաժարվում վճարումներ կատարել։

Հետո, թե ինչ եղավ, հայտնի է. ոչ միայն դուրս չեկան մարդկանց գրպանից, այլև հիմա պատրաստվում են նոր թափով մտնել։ Եվ ո՞ւր են հիմա այն հասարակական շարժումներն ու նախաձեռնությունները, որոնք նախկինների օրոք այդքան «անհանգստացած» էին հասարակության համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս