«Սկյութական ոսկին» բերվել է Ուկրաինա՝ գրեթե 10 տարի Ամստերդամում մնալուց հետո
Կիևում սկսվել է Ուկրաինա բերված «սկյութական ոսկու» մաքսային ձևակերպման գործընթացը։ Այդ մասին հաղորդել է Ուկրաինայի պետական մաքսային ծառայությունը։
«Կիևի մաքսատունը սկսել է «սկյութական ոսկու» մաքսային ձևակերպումը: Հենց այս պահին բեռնատարը, որը բեռնված է 2 694 կգ մշակութային արժեքներով՝ հայտնի «սկյութական ոսկի» ընդհանուր անվամբ, մտել է Կիև-Պեչերյան մայրավանքի տարածք, որտեղ Ուկրաինայի ազգային թանգարանի գանձարանում կիևցի մաքսավորները կկատարեն գանձերի նույնականացում», – ասված է գերատեսչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի պատմության ազգային թանգարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ այս պահին մասնագետներն ստուգում են բերված 565 արտեֆակտների վիճակը։
«Դրանք, մասնավորապես, հնագույն քանդակներ են, սկյութական և սարմատական զարդեր, 2 հազար տարվա վաղեմություն ունեցող չինական լաքապատ զարդատուփեր», – նշվում է թանգարանի տարածած հաղորդագրության մեջ:
«Սկյութական ոսկին» գրեթե 10 տարի Ամստերդամում էր։
2013 թվականի ամռանը Կիևի պատմական գանձերի թանգարանի և Ղրիմում գտնվող չորս այլ թանգարանների ցուցանմուշներից ձևավորվել էր հավաքածու (ավելի քան 2000 առարկա), որոնց արժեքը գնահատվում է մոտ մեկ միլիոն եվրո։ Հենց այս հավաքածուն էլ հիմք է հանդիսացել «Ղրիմ՝ ոսկի և Սև ծովի գաղտնիքները» ցուցահանդեսի համար, որը պետք է ցուցադրվեր Ամստերդամի Ալարդ Պիրսոնի անվան թանգարանում 2014 թվականի փետրվարից մինչև օգոստոս։ Այն բանից հետո, երբ Ղրիմն անցավ Ռուսաստանի վերահսկողության տակ, հարց առաջացավ, թե ում պետք է վերադարձվեին ցուցանմուշները՝ կոնկրետ թանգարաններին, որոնց հետ կնքվել է պայմանագիրը, թե Ուկրաինայի պետությանը: Ուկրաինայի օգտին առաջին որոշումը կայացվել է 2016 թվականին, վերաքննիչ դատարանն այն հաստատել է 2021 թվականին։ 2023 թ․ հունիսին Նիդերլանդների գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ստորին ատյանի դատարանների որոշումները՝ կապված «սկյութական ոսկին» Ուկրաինային վերադարձնելու հետ։