Ի՞նչ է անում «սատանան», երբ մնում է անգործ … «Ազգ»
Մեր մամուլում ընդունված չէ Ազգային անվտանգության ծառայության մասին գրել ու խոսել, առավել ևս՝ քննադատել: Միայն՝ պաշտոնական աղբյուրներից բաց թողնված տեղեկություններ ու հաղորդագրություններ, երբեմն՝ պարագայական ակնարկներ: Սովետական տխրահռչակ КГБ-ի օրերից մնացած կարծրատիպը շարունակում է կարծր մնալ, և մարդիկ, նույնիսկ ամեն բանի տակ ինտրիգ փնտրող լրագրողները, ձեռնպահ են մնում այդ ծառայության վերաբերյալ բարձրաձայնումներ, առավել ևս բացահայտումներ անելուց: Վերջապես՝ գաղտնի է այդ ծառայությունը. մի անզգույշ քայլ կամ տվյալ՝ կարող է վնաս հասցնել երկրին ու պետությանը: Մանավանդ որ նման արարքը ենթակա է պատիժի՝ գրված և անգիր օրենքով:
Չեմ պատրաստվում որևէ բացահայտում անելու, քանի որ… բացահայտելիք որևէ բան չունեմ: Բայց ուզում եմ մի քանի դիտարկումներ անել, ավելի ճիշտ՝ հարցադրումներ, մեկնելով մեր երկրի անվտանգության շահերից ու մտահոգություններից: Մեկնելով նաև մեր մասնագիտության մեջ ընդունված այն սկզբունքից, որ երբեմն հարցն ու հարցադրումը ավելի կարևոր է, քան պատասխանը, մանավանդ երբ պատասխան չես էլ ակնկալում:
Ավելի թանձր գույներով չես կարող նկարագրել մեր երկրի վիճակը, քան արդեն իսկ կա: Պարտություններ, զոհեր, առևանգվածներ, կորուստներ, բռնագաղթվեցված մի ողջ ժողովուրդ, նորանոր սպառնալիքներ, ներքին անորոշություն, արտաքին ճնշումներ, պատերազմի վերահաս վտանգ, շուռ տված անվտանգություն, մշուշոտ ապագա: Ու բնական մղումով մեր հայացքը թեքվում է դեպի ուժային գլխավոր կառույցներ՝ բանակ և ԱԱԾ: Առաջինը չգիտենք ի՞նչ կարող է անել, երկրորդը չգիտենք՝ ի՞նչ է անում: Առաջինը բարոյալքված, երկրորդը՝ ինքնալքված, գոնե, ինչպես ընդունված է ասել, առևերույթ: Եվ սա, ինչպես սարկաստիկ ծանոթ երգում է հնչում, մեր երկրում «թուրքերն են ֆռֆռում», և ոչ միայն թուրքերը…
Մեր թերթի նախորդ համարի այս և հաջորդ էջերում, օգտվելով միջազգային բաց աղբյուրներից, արտառոց փաստեր էինք բերել մեր երկրի դեմ դեռ 9-10 տարի առաջ ծրագրված և գործադրվող միջազգային, ավելի շուտ՝ բազմազգային դավադրության վերաբերյալ: Այդ դավադրության մեխը նավթա-գազազային այն խոշոր գործարքներն էին, որոնց շահառուներն էին ու ե՛ն բրիտանական, ռուսական, ամերիկյան, հոլանդական, նույնիսկ նորվեգական ու ֆրանսիական խոշորագույն ընկերություններ՝ ադրբեջանական Socar-ի և ալիև-փաշաևյան կլանի հետ ձեռք-ձեռքի տված: Բազմամիլիարդանոց այդ ծրագրերը, դրանց իրացմանը մասնակից անձնավորությունները, ինչպես, օրինակ, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, բացառապես ստվերում չեն գործել, բաց աղբյուրները հետևել և արձագանքել են դրանց: Իսկ մեր գաղտնի ծառայությունները, ներառյալ համապատասխան երկրներում աշխատող մեր դիվանագետները, հետևե՞լ են դրանց, մշակել-վերլուծե՞լ են դրանք, նախատեսե՞լ են գալիք աղետները՝ 44-օրյա պատերազմը և մյուս նախահարձակումները:
Սրամիտ մի ընկեր պնդում է, որ Նոյյան տապանը չէր լինի, նրա ուղևորները չէին փրկվի, եթե Նոյը նախապես իրազեկված չլիներ: ԱԱԾ-ն ժամանակին պետական համապատասխան մարմիններին իրազեկե՞լ է «ջրհեղեղի» մասին: Եթե այո՝ ապա 2020 թ. սեպտեմբերի 27-ին մեր բանակը ինչո՞ւ անակնկալի եկավ, և մի քանի օրում թուրք-ազերիներին հաջողվեց ճեղքել Ջեբրայելի մեր պաշտպանական հզոր գիծը: Ինչո՞ւ նախապատրաստված չէինք իսրայելաթուրքական ԱԹՍ-ների հարձակման դեմ: Ինչո՞ւ էինք կարծում, որ ռազմական գործողությունները, ինչպես նախորդիվ, տևելու են ընդամենը մի քանի օր, չգիտեի՞նք, թե Ալիևը որքան է ծախսել սպառազինման ու մարզումների համար:
«Ինչու»ները շատ են նաև կործանիչ այդ պատերազմին հաջորդած բռնագրավումների, ընդհուպ՝ Արցախի, հուսանք՝ ժամանակավոր, կորստի պարագայում:
Սպասելով և չսպասելով որևէ արձագանքի, հարկավոր է այստեղ մտահոգությամբ արձանագրել մեր Ազգային անվտանգության ծառայության մասին մեր իսկ հասարակության մոտ առկա տպավորությունը. դա մի կառույց է, որը ծառայում է անձի, ո՛չ պետության: Պրոֆեսիոնալ մի ծառայություն՝ որն զբաղված է բացառապես քրեական հետապնդումներով, այսպես ասած՝ բռնոցի-թռնոցիներով:
Ծառայություն՝ որը հարիր է միայն ոստիկանական ստորաբաժանումներին: Մինչդեռ «սատանան»,- բառն օգտագործվում է դրական իմաստով,- իրավունք չունի անգործ մնալու: Այլապես…:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ