Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը
Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում, հաղթեց Ֆրանսիան: Ֆրանսիան հաղթել էր նաև «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթում՝ այն տանելով Նիցցա:
Ըստ մրցույթի քվեարկության կարգի՝ մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին: Քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 24-ից jesc.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր մասնակիցների ելույթների նախնական տարբերակները:
Քվեարկությունն ավարտվեց մրցույթի օրը՝ շոուից անմիջապես առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում՝ բոլոր ելույթներից հետո: Քվեարկությունը տևեց 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն վերածվեց միավորների՝ դառնալով մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը ձևավորվեց ժյուրիի գնահատականի հիման վրա:
Հայաստանի պատվիրակ «Yan Girls» խումբը «Do It My Way» երգով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
Հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքում «Yan Girls»-ը վաստակեց 180 միավոր:
Հայաստանում մրցույթի պաշտոնական հեռարձակողը Հանրային հեռուստաընկերությունն է:
Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան «Yan Girls» խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել: Երիտասարդ, գույնզգույն և ըմբոստ. նրանք երգում են սեփական ես-ն ունենալու կարևորության, ինքնավստահության և լավագույնին ձգտելու իրենց եղանակի մասին:
Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերը՝ Մալենայի և Վահրամ Պետրոսյանի: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆը՝ Վիկա Մարտիրոսյանը, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան: