Մեր պայքարը մեր կենսատարածքների համար է, որոնք Ադրբեջանը ձգտում է հետևողականորեն կրճատել․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ի համահիմնադիր

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի բարձունքում, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարևանությամբ տեղակայված հուշարձան-խաչքարի մոտ հարգանքի տուրք մատուցեցին 1988-ի արցախյան գոյամարտի՝ Գանձակի նահատակների հիշատակին՝ ոգեկոչելով Ադրբեջանի կողմից իրականացված հայկական ջարդերի 35-րդ տարելիցը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության համահիմնադիր և Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը նշեց, որ նախորդ դարավերջին Ադրբեջանի կողմից Գանձակում, Սումգայիթում և Բաքվում իրականացված հայկական ջարդերը ցեղասպանական գործողություն են, եռաստիճան համամարդկային ողբերգություն, որը, սակայն, դեռ հավուր պատշաճի դատապարտման չի արժանացել միջազգային հանրության կողմից։

«Մենք ամեն տարի հավաքվում ենք՝ նշելու Գանձակի, Սումգայիթի և Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը։ Այսօր այստեղ, բնականաբար, ավելի շատ են գարդմանահայերը, թեև, մեր կարծիքով, ամբողջ հայությունը պետք է համախմբվի՝ իր կենսատարածքները պաշտպանելու համար, որոնք Ադրբեջանը ձգտում է հետևողականորեն կրճատել և հայկական էթնոսին դուրս մղել տարածաշրջանից՝ դիմելով թե՛ ցեղասպանական գործողությունների, թե՛ հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնող ակտերի։ Պատահական չէ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ ՌԴ նախագահը նշեց, որ բազում կյանքեր խլած արյունալի կոնֆլիկտի հիմքում ընկած է եղել Ադրբեջանի հայատյաց պետական քաղաքականությունը, որի պատճառով Սումգայիթում, այնուհետև այլ բնակավայրերում տեղի ունեցած հայկական ջարդերի հետևանքով էսկալացիան ավելի մեծացավ»,- ասաց Ավագյանը։

Նրա պնդմամբ՝ մեր պետությունը պետք է հետևողականորեն, արցախահայերի խնդրին զուգահեռ, բարձրաձայնի նաև գարդմանահայերի, գանձակահայերի ու նախիջևանահարեի հարցերը՝ դրանք բերելով ոչ միայն հայ-ադրբեջանական բանակցությունների, այլև միջազգային քննարկումների օրակարգ։

«Մեր հավաքները նաև յուրատեսակ ուղերձ են մեր կառավարությանը, որպեսզի տարբեր ձևաչափերն օգտագործելով՝ ավելի եռանդուն կերպով անդրադառնա բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությանը։ Հայկական ջարդերը ցեղասպանության հրեշավոր մոդելներից մեկն են՝ համամարդկային ողբերգություն, որի մասին պետք է շարունակ խոսել՝ հետագայում նման երևույթների կրկնությունը կանխելու նպատակով։ Մեր զոհերի հիշատակը ոգեկոչող նման միջոցառումները պետք է կազմակերպվեն ոչ միայն հայրենակցական միությունների, այլև պետական մակարդակով, որպեսզի ավելի բարձրացնենք մեր պետականության իմունային համակարգը»,- նշեց մեր զրուցակիցը։

Ավագյանի դիտարկմամբ՝ այսօր ՄԱԿ-ում դեռ չկան գրանցված փախստականներ Գարդմանից, Գանձակից ու Նախիջևանից, մինչդեռ այս խնդիրը հայկական կողմը պետք է տանի միջազգային օրակարգ, անի ամեն ինչ, որպեսզի քննարկման առարկա դառնան բռնի տեղահանվածների փոխհատուցման և իրենց հարազատ բնակավայրեր վերադառնալու հարցերը, և եթե անհրաժեշտ է, պետք է համապատասխան հայցերով և պետական մակարդակով դիմել միջազգային դատական ատյաններ։ Ըստ նրա՝ միջազգային առանձին կառույցներ խոսել են Սումգայիթի, Բաքվի հայկական ջարդերի մասին, սակայն մեր պետությունը ժամանակին համարժեք հենարան չի եղել այդ քննարկումներին, հետևաբար, այսօր անհրաժեշտ է շտկել այդ բացթողումը, քանի որ սեղանին դրված է հայության հարատևության հարցը։

Ավագյանի խոսքով՝ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության անդամները մեծ հույսեր են կապում նորաստեղծ կազմակերպության հետ, որն իրականացնում է կազմակերպչական զգալի աշխատանքներ, սակայն ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է պետության ավելի մեծ աջակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս