ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգը փաստացի ստեղծվել է. յուրաքանչյուր պետության, այդ թվում՝ Հայաստանի հետ կա համաձայնագիր. Շոյգու
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասնակից երկրների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգը փաստացի ստեղծվել է և յուրաքանչյուր պետության հետ կան համապատասխան երկկողմ համաձայնագրեր ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Փաստացի այն (միասնական հակաօդային պաշտպանության համակարգը) ստեղծվել է, ստեղծվել է երկկողմ մակարդակով, մենք ունենք համաձայնագիր յուրաքանչյուր պետության հետ։ Դա վերաբերում է Հայաստանին, Ղազախստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին, իհարկե Բելառուսին։ Բնականաբար, այն հագեցված է, աշխատում է, պարբերաբար վարժանքներ ենք անցկացնում և պահում մարտական վիճակում։ ՀՕՊ միասնական համակարգ կա ԱՊՀ-ում։ Իսկ ՀԱՊԿ-ը փաստացի է դա արել։ Եթե փաստաթղթեր են պահանջվում, կարծում ենք՝ փաստաթղթերով կձևակերպենք: Բայց մենք երկկողմանի համաձայնագիր ունենք ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի հետ։ Եվ այս երկկողմ պայմանագրով ստեղծվել է համակարգը»,- ասել է Շոյգուն: