Կառավարությունը ձախողել է. Նիկոլ Փաշինյանի քաղաքական արձանագրումը միֆ էր

Չնայած առաջին հայացքից երևացող բարձր տնտեսական աճերին, կառավարությունը ձախողել է տնտեսական քաղաքականությունը։ Բոլորովին էլ տնտեսագետ պետք չէ լինել, դա հասկանալու կամ դրանում համոզվելու համար։ Որ կառավարությունը տապալել է տնտեսական քաղաքականությունը, կարող է փաստել տնտեսության մեջ տեղի ունեցող պրոցեսներին քիչ թե շատ տեղյակ ցանկացած մասնագետ։

Տնտեսության մեջ արձանագրվող այն աճերը, որոնք տեսնում ենք, երկրորդային-երրորդային նշանակություն ունեցող աճեր են։ Այնինչ՝ տնտեսության հիմնարար ճյուղերում որևէ առաջընթաց չկա։

Կար ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր մշակող արդյունաբերության ոլորտում «հեղափոխական» իշխանությունների «ձեռքբերումներով»։ Կարճաժամկետ արձանագրումների ու ժամանակավոր աճերի վրա հեռուն գնացող դատողություններ էր անում՝ փորձելով տպավորություն թողնել «հեղափոխական» զանգվածների վրա, ովքեր հալած յուղի տեղ էին ընդունում «հեղափոխության առաջնորդի» ասած ամեն մի անհեթեթություն։

«2019-ի արդյունքներով մշակող արդյունաբերությունն աճելով 12 տոկոսով` 2008-ից ի վեր առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում առաջինն է տնտեսության բոլոր ոլորտների թվում՝ ապահովելով 12,1 տոկոս կշիռ:

Կարդացեք նաև

Սա նշանակում է, որ մեր երկրի արտադրական պոտենցիալը վերականգնվում է և զարգանում»,- իշխանափոխությունից մեկ-մեկուկես տարի հետո ֆեյսբուքյան իր էջում գրել էր Նիկոլ Փաշինյանը։

Ընդհուպ այնտեղ էր հասել, որ մեկ տարվա արդյունքների հիման վրա սկսել էր խոսել խոստացած տնտեսության զարգացումների որակը փոխելու առումով ժամանակին արված քաղաքական արձանագրումների կատարման մասին։

«Մշակող արդյունաբերությունը մեր տնտեսության առաջատար ճյուղն է, հետևաբար, այն քաղաքական արձանագրումը, որը ես արել եմ հեղափոխությունից հետո, ամբողջությամբ կատարված է»,- հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։

Եվ ո՞ւր է հիմա այդ քաղաքական արձանագրումը։ Ո՞ւր է մշակող արդյունաբերությունը, ի՞նչ է մնացել դրա՝ տնտեսության առաջատար ճյուղ լինելուց։

Ինչո՞ւ մի քաղաքական արձանագրում էլ Նիկոլ Փաշինյանը հիմա չի անում։

Չի անում, որովհետև այն, ինչ ժամանակին ասում էր, անհեթեթություն էր։

Զարմանալի չէ, որ այսօր մշակող արդյունաբերությունը շատ ավելի վատ վիճակում է գտնվում և շատ ավելի պակաս մասնակցություն ունի մեր տնտեսության ներքին արդյունքի ձևավորման գործում, քան անգամ 2019թ. առաջ։

Անցյալ տարի էլ այդպես էր, դրան նախորդող տարում էլ։

Մշակող արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում վերջին երեք տարիներին կրճատվել է։

2021թ. այն կազմեց ՀՆԱ ընդամենը 11,3 տոկոսը, 2022թ. էլ՝ 11,7 տոկոսը։

Այս տարվա առաջին եռամսյակում մշակող արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում կազմել է՝ հազիվ ՀՆԱ 9,6, երկրորդ եռամսյակում՝ 10,4 տոկոսը։

Երրորդ եռամսյակի տվյալները դեռ չեն հրապարակվել, բայց հաշվի առնելով այն, որ վերջին ամիսներին մշակող արդյունաբերությունը եղել է անկումային, ենթադրվում է, որ ՀՆԱ-ում դրա կշիռն ավելի է ընկել։ Հազիվ էլ թե տարվա արդյունքներով կարող է բարձրանալ։ Այն լավագույն դեպքում կլինի ՀՆԱ 11 տոկոսի սահմաններում։

Ու եթե հիմա վերադառնանք Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, պիտի արձանագրենք, որ մեր երկրի արտադրական պոտենցիալը ոչ թե վերականգնվել է ու զարգացել, այլ մի բան էլ հետ է գնացել։ Մշակող արդյունաբերությունը, որը Նիկոլ Փաշինյանը խոստացել էր դարձնել տնտեսության զարգացման հիմքը, զիջել է դիրքերը։ Եվ դա տեղի է ունեցել արտաքուստ արձանագրվող բարձր տնտեսական աճերի պայմաններում։

Տնտեսության մեջ մշակող արդյունաբերության դերը, բարձրանալու փոխարեն, նվազել է։

Կառավարությունը տապալել է տնտեսության այս ճյուղում իրականացվող քաղաքականությունը։

Մինչդեռ էկոնոմիկայի նախարարը ոչ վաղ անցյալում վստահեցնում էր, թե մշակող արդյունաբերության զարգացումները կառավարության տրամաբանորեն գծած պլանների շրջանակներում են։

«Կառավարության միջոցառումների ծրագրով նախանշված է էապես ավելացնել մշակող արդյունաբերության դերը համախառն ներքին արդյունքում՝ թիրախը սահմանելով 15 տոկոս»,- ասում էր էկոնոմիկայի նախարարը։

Տեսնում ենք, թե ինչպես են ավելացրել մշակող արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում։

Ինչպես 2021թ., այնպես էլ 2022թ. այն ավելի ցածր էր, քան 2020թ.։ Այս տարի էլ ավելի ցածր կլինի. հազիվ 11 տոկոսի սահմաններում, այնինչ՝ 15 տոկոս թիրախի մասին էին խոսում։ Դեռ ինչքա՞ն պիտի ավելանա մշակող արդյունաբերության կշիռը՝ դրան հասնելու համար։ Նվազում է ոչ միայն կշիռը, այլև արտադրության ծավալը։

Մշակող արդյունաբերության բազմաթիվ կարևոր ենթաճյուղերում արտադրության ծավալներն այս տարի կրճատվել են՝ ազդելով ներքին տնտեսության արտահանման պոտենցիալի վրա։ Ու դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ առկա մարտահրավերների պայմաններում կառավարությունը ոչինչ չարեց մշակող արդյունաբերությունը ճնշումներից պաշտպանելու համար։ Եվ ոչ միայն մշակող արդյունաբերությունը։

Զարմանալի չէ, որ մեր տնտեսության կառուցվածքի դեգրադացումը գնալով խորանում է։

Մշակող արդյունաբերության փոխարեն՝ ՀՆԱ-ում ավելանում է առևտրի կշիռը։ Առևտուրը գերակշռող է մյուս բոլոր ճյուղերի նկատմամբ։

Նախկին 11 տոկոսից մեծածախ ու մանրածախ առևտրի բաժինն անցել է 13 տոկոսից։

Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի՝ տնտեսության որևէ այլ ճյուղ ՀՆԱ-ում այդպիսի կշիռ չունի։

Գերազանցապես առևտրի ու ծառայությունների վրա է նաև տնտեսության աճը։ Նախկինում էլ դրանց դերը մեծ էր, բայց հիմա շատ ավելի է մեծացել։

Անցած տարվա 12,6 տոկոս տնտեսական աճի մեջ առևտրի ու ծառայությունների բաժինը 9,3 տոկոս էր։ Այս տարվա առաջին կիսամյակի 10,5 տոկոս աճի մեջ էլ առևտուրն ու ծառայությունների բաժինը 8,6 տոկոս է։ Այն կազմել է աճի ավելի քան 82 տոկոսը։ Անցած տարի 74 տոկոսին չէր հասնում։

Առևտրի ու ծառայությունների դերը տնտեսական աճի մեծ ավելացել է, փոխարենը՝ իրական տնտեսությանը, նաև մշակող արդյունաբերությանը, նվազել է։

Այսպես են զարգացրել ու բարձրացրել մշակող արդյունաբերության դերը տնտեսության մեջ։

Իրականում առանցքային նշանակություն ունեցող այդ ճյուղը կանգնեցրել են փակուղու առաջ, ամբողջությամբ ձախողել են ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու դրված նպատակները։ Իսկ Նիկոլ Փաշինյանի ասած քաղաքական արձանագրումը, որ մշակող արդյունաբերության հաշվին տնտեսության զարգացման որակը փոխվել է, դատարկաբանություն էր և ուրիշ ոչինչ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս