«Այսպես ինչքա՞ն պետք է շարունակվի՝ Ղարաբաղը տան՝ գցեն ռուսների ջեբը, Վարդենիսի հողերից տան՝ ասեն՝ ՀԱՊԿ-ը մեզ չի պաշտպանում». Բագրատյան

Այսօր ՀՀ նախագահականի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի կառավարման 6 տարին արդեն լրանում է, և այդ ամբողջ ընթացքում ժողովուրդն այս իշխանութունից ստացել է միայն «երեք մատի կոմբինացիա»։

«Դուք տեսել եք՝ պետության կոնցեպցիան լինի այն, որ ասի, թե նախկիններից փող եմ խլելու` բերեմ ձեզ տամ, մի 6 տարի էլ սպասեք՝ կարող է ստացվի։ Կամ՝ տեսե՞լ եք, որ իրավապահ համակարգը կանչում է ու ասում, թե՝ ապացուցիր, որ անմեղ ես, բայց պետությունը պետք է ապացուցի, որ դու մեղավոր ես։ Այսպիսի բաներից լավ բաներ չսպասեք։ Այսօր ամենակաշառակեր մարմինները կամաց-կամաց դառնում են այդ հակակոռուպցիոն մարմինները»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

168.am նախկին վարչապետից նաև հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրատեսական օրվա իշխանությունների այն հայտարարությունները, երբ նշում են, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանի բացումը երկրի համար ապահովելու է տնտեսական աճ, ինչին ի պատասխան՝ Հրանտ Բագրատյանը նախ ասաց, որ եթե խոսում են խաղաղության խաչմերուկի մասին, ապա այդտեղ պետք է խաչմերուկ լինի, ինչը չկա, հիշատակվում է 5 ճանապարհի մասին՝ Ադրբեջանից Նախիջևան, իսկ թե ի՞նչ է ստանալու Հայաստանը՝ հիշատակված չէ։

«Ես 7 տարեկան երեխա եմ եղել, տատիկս ինձ սովորեցրել է, որ խաչմերուկն այն է, երբ երկու ճանապարհ իրար հետ հատվում են, խաչմերուկը նման է խաչի, խաչ բառից է։ Դուք այդտեղ խաչ տեսե՞լ եք, բա մեկը չասի՝ տղա ջան, ինչո՞ւ ես խաբում, որ, ասենք, քեռու եզան գյուղից մեկը եկել է ու չի կարողացել խորանա, հավատա՞ քեզ։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանի բացմանը, իրենք չեն կարողանա շնորհքով բացել, մինչև հիմա ես չեմ կարդացել կոնցեպտ։ Բացելու արդյունքում կարող է հակառակ արդյունք էլ ունենա՝ հանրապետության տնտեսությունը զրոյանա։ Ամբողջ հարցը նրանում է, թե ինչպես ես կարողանում դա բացել, կարողանո՞ւմ ես այնպես անել, որ դրանից օգուտ քաղես։ Բայց քանի որ թուրքերը հիմար չեն, նրանք էլ իրենց հերթին են, չէ՞, մտածում։ Դրա համար Թուրքիայի սահմանը բացելուց առաջ քեզ պետք է հաշիվ տաս՝ արդյո՞ք մեր տնտեսական միտքն ավելի հզոր է, քան թուրքականը, չեմ կարծում, որ այդպես է։ Սահմանի բացումը լավագույն դեպքում կարող է լինել այն, ինչ եղավ Աջարիայում, որն այսօր ամբողջովին մահմեդականացվել է»,- շեշտեց Հրանտ Բագրատյանը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշմանը և կառույցի հետ հարաբերությունների հնարավոր սառեցմանը, Հրանտ Բագրատյանը նկատեց՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները չեն կարող սառեցնել, որովհետև կա՛մ մնում են, կա՛մ դուրս գալիս։

«Շուտով ՀԱՊԿ-ում էլ կհասկացնեն՝ կա՛մ մնացեք, կա՛մ գնացեք։ Ասում են, մեր սահմանին պատերազմ էր՝ ռուսները չօգնեցին, ամեն ինչ սուտ են ասում։ Ռուսները եկան մեր թիկունքին կանգնեցին, իրենք դեռ 1992 թվականին, որ Ղարաբաղում չօգնեին, մենք չէինք հաղթի, մենք մեզանից մոգոնել ենք ֆիդայի, հերոսներ և այլն, այդպես չէ։ 2022 թվականին սրանք ասեցին՝ մեր վրա հարձակվել են, եկեք, ռուսներն ասացին՝ սահմանները ճշտեք, բայց եկան մեր թիկունքին կանգնեցին, եթե չգային, նրանք խորանալու էին։

Դու հայտարարում ես, որ Արցախն Ադրբեջան է, Ադրբեջանն էլ զանգում է ռուսներին ու ասում՝ գիտե՞ս՝ իրենք ասում են՝ Արցախն Ադրբեջանն է, զորքերդ հավաքիր ու ցվրվի։ Այդտեղ ռուսները քաշվեցին մի կողմ, ասացին՝ «կորիդորը. Փակում եք, ինչ ուզում եք՝ արեք։ Չեմ արդարացնում ռուսներին, կարող էին այդպես չանել, այնտեղ կար Արցախի ժողովուրդ, բայց դու ես անում։ Այսպես ինչքա՞ն պետք է շարունակվի՝ Ղարաբաղը տան՝ գցեն ռուսների ջեբը, Վարդենիսի հողերից տան՝ ասեն՝ ՀԱՊԿ-ը մեզ չի պաշտպանում»,- եզրափակեց Հրանտ Բագրատյանը։

Տեսանյութեր

Լրահոս