ՌԴ-ում հայտնել են, որ ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից զոհվել է «Ռոսիա 24»-ի թղթակիցը
Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի մարզում զոհվել է «Ռոսիա-24» հեռուստաալիքի թղթակից Բորիս Մաքսուդովը։ Այս մասին հաղորդել է «Սոլովյով Live» ալիքը։
Ռուսաստանի լրագրողների միության նախագահ և հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը նշել է. «Առավոտյան ժամը վեցին Ջանկոյ տանող ճանապարհին վախճանվել է մեր գործընկերը»:
Սոլովյովը հավելել է, որ Մաքսուդովն Ուկրաինայում հակամարտության սկսվելու առաջին իսկ օրերից աշխատում էր ռազմական գործողությունների գոտում։
Մաքսուդովը նոյեմբերի 22-ի երեկոյան հայտնվել էր ուկրաինական անօդաչու թռչող սարքի գնդակոծության տակ, իսկ նոյեմբերի 23-ի առավոտյան մահացել է ստացած վիրավորումներից։
Վլադիմիր Սոլովյովը հայտնել է, որ Ռուսաստանի լրագրողների միությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել լրագրողի ընտանիքին և առաջարկել է նրան հետմահու պարգևատրել Արիության մեդալով։