Հռոմի պապն ասել է, որ Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունն անցել է պատերազմի սահմանները և հասել «ահաբեկչության»
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 22-ին առանձին հանդիպումներ է ունեցել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Գազայում պահվող իսրայելցի պատանդների հարազատների, ինչպես նաև պաղեստինցիների հետ, որոնց հարազատները Գազայում են։
Reuters գործակալությունը հաղորդում է, որ այդ հանդիպումներից հետո սուրբ Պետրոսի հրապարակում գլխավոր ուկնկնդրության ժամանակ Ֆրանցիսկոս պապը հայտնել է, որ քիչ առաջ լսել է, թե ինչպես են հակամարտությունից տառապում երկու կողմերը։
«Ահա թե ինչ են անում պատերազմները։ Բայց այստեղ մենք անցել ենք պատերազմների սահմանը։ Սա պատերազմ չէ։ Սա ահաբեկչություն է», – ասել է Հռոմի պապը։
Ֆրանցիսկոս պապը խնդրել է աղոթել, որպեսզի երկու կողմերն էլ «տեղի չտան կրքերին, ինչը, ի վերջո, բոլորին կսպանի»։
Հռոմի պապը կողմերի հետ հանդիպումներ է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել քառօրյա հրադադարի, ինչպես նաև Գազայում պահվող 50 պատանդների և Իսրայելում բանտարկված 150 պաղեստինցիների փոխանակման շուրջ։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ներխուժման հետևանքով Իսրայելում զոհերի թիվը շուրջ 1200 է, 240 մարդ գերեվարվել է։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհված իսրայելցի զինծառայողների թիվը գերազանցել է 380-ը։
Իսկ իսրայելական գնդակոծությունների հետևանքով Գազայի հատվածում կա ավելի քան 13 300 զոհ, որոնցից 5600-ը երեխաներ են