Երկրի վիճակը բոլորիս առողջությունը քայքայում է, լույս չենք տեսնում. ՀՀԿ հանդիպում Եղեգնաձորում
Շարունակվում են Հայաստանի Հանրապետական կուսակցության մարզային այցերը։ Սյունիքի, Գեղարքունիքի մարզերից հետո կուսակցության անդամների հանդիպումների շարքը Վայոց ձորի մարզում էր՝ հերթական հանդիպումը Եղեգնաձորի բնակիչների հետ։ Խնդիրները՝ շատ, թեմաները՝ տարաբնույթ, բայց մարդկանց ամենամտահոգող հարցը մնում էր անվտանգությունը, երկրում ստեղծված վիճակը:
Հանդիպման եկած բնակիչներից մի կին իր անհանգստությունն արտահայտեց երկում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այդ վիճակը բոլորի առողջությունը քայքայում է։
«Ի՞նչ առողջության մասին է խոսքը, երբ ոչ մի լույս թունելի վերջում չես տեսնում, ամեն օր անհանգիստ քնում ես… երկու քայլ է մեզանից հեռու թուրքը: Առողջապահությունը և անվտանգությունը առաջնային պետք է լինեն… պետք է մի քայլ առաջ գնան, որ գոնե տասը րոպե հանգիստ քնենք»,- դիմելով ՀՀԿ անդամներին՝ ասաց կինը։
Ի պատասխան, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ մինչև հիվանդությունը չախտորոշես, դիագնոզ չանես, բուժումը չես գտնի։ Նա նաև իր կուսակից գործընկերներին իր անհանգստությունն ու ինչ-որ տեղ զարմանքը փոխանցեց, թե երբ այսքան արհավիրքներ տեսած ժողովուրդը շարունակում է լռել, տանը նստած զայրանալ, բայց դրսում լռել, հետո գնալ ընտրություններին, ինչպես 2021-ին, ձայն տալ 5000 զոհ տված, տարածքներ կորցրած իշխանությանը, անհասկանալի է ոչ միայն իրենց, այլ նաև միջազգային հանրության համար: Եվ այսօր այս իշխանություններն ամեն առիթով հայտարարում են, թե իրենք ժողովրդից մանդատ են ստացել և ինչպես ուզեն՝ կորոշեն և, ըստ էության այդպես էլ վարվում են.
«Մեր նպատակը նա է, որ այդ մարդկանց հասկացնենք, որ իրենք չեն որոշողը, որոշողը ժողովուրդն է, դուք եք»,- շեշտեց Վահրամ Բաղդասարյանը։
Հանդիպմանը ներկա մարդկանց հետաքրքրում էին նաև աշխարհաքաղաքական զարգացումներն ու Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հնարավոր հետևանքները։
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանն էլ հավաքվածներին ներկայացրեց աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի իշխանությունների վեկտորը փոխելու հայտարարություններն ու դրանց հետևանքները Հայաստանի համար.
«Ընդամենը մի քանի օր առաջ այս վայ իշխանությունները հայտարարեցին, թե որոշվել է դիվերսիֆիկացնել անվտանգային գործընթացները, հետո, թե Հայաստանը որոշել է ոչ բլոկային երկիր դառնալ, երկու հայտարարությունն էլ ՌԴ դեմ էին… չուշացավ արձագանքը»,- ասաց Գագիկ Մինասյանը։
Մեր տարածաշրջանում երեք պետություն՝ ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը, չնայած որոշ հարցերում առկա տարաձայնություններին, մի հարցում միակարծիք են, որ Հարավային Կովկասում որևէ այլ երկիր իր իշխանությունը չպետք է տարածի։ Բացատրեց Գագիկ Մինասյանն ու շարունակեց։
«ՌԴ-ի և Իրանի Իսլամական Հանհարպետության հետ ունենք մշտական դրական հարաբերություններ, բայց երբ ՀՀ իշխանությունները փորձում են տարածաշրջան ներմուծել ՆԱՏՕ-ական երկիր, մենք միանգամից զրկվում ենք մեր երկու բնական դաշնակիցների աջակցությունից։
Ի՞նչ է լինելու սրա վերջը. Հայաստանը դառնալու է մի երկիր, որը ոչ մի բարեկամ չունի… ուզում եմ բարձր գնահատել Ֆրանսիան, բայց նա ՆԱՏՕ-ական երկիր է, իսկ ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրը Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելն է։ Իսկ եթե դրա համար պետք է ինչ-որ չափով կամ ամբողջապես Հայաստանի շահերը ոտնահարել, ապա կգնան դրան»։
Իշխանությունների վարած արկածախնդիր քաղաքականությունը մեզ համար նոր մարտահրավեր է, շարունակելով միտքը՝ ասաց Գագիկ Մինասյանը, Արցախը տալով Ադրբեջանին, նույնը բանը կանեն նաև Սյունիքում և Վայոց ձորում։
«Իսկ եթե այս չարիքից չազատվենք, մենք քայլ առ քայլ գնում ենք կործանման… վեց տարի առաջ ո՞վ կմտածեր, որ սարի պես Արցախը կտապալվի, այ, հիմա եթե սա մնա, վաղը նույն ուղտը չոքելու է մեր բոլորի դռանը ոչ միայն Վայոց ձորում, Երևանի Հանրապետության հրապարակում Էրդողանի արձանն են կանգնեցնելու:
Քանի դեռ այս չարիքը կա, բոլոր պրոբլեմները խորանալու են»,- հավելեց Վահրամ Բաղդասարյանը։
Ներկաները խոսեցին գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում առկա խնդիրների մասին, բայց մարդկանց մեկ այլ, ոչ պակաս կարևոր հարց էլ էր անհանգստացնում։ Այս համատեքստում ներկաներից մեկն էլ ասաց, որ երբեք մեր երկրի մեջ այսքան ատելություն չի եղել, ինչ եղել է 2018 թվից այս կողմ։
Եղեգնաձորի բնակիչներից մեկն էլ դիմելով ՀՀԿ-ականներին՝ ասաց.
«Երբ Փաշինյանը Չալոյի հետ Լենինականից գալիս էր, չէինք իմանում՝ ինչ է լինելու, էսօր յուրաքանչյուրս մեղքի մեր բաժինն ունենք… սրա ռեյտինգը պակասում է թվաբանական պրոգրեսիայով, բայց անհաջողությունները երկրաչափական պրոգրեսիայով են աճում, մինչև ռեյտինգը զրո դառնա՝ ստեղ բան չի մնա»։
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները շարունակելու են մարզային այցերը մինչև տարվա վերջ։
Մանրամասները՝ տեսանյութում։