Անկախ բոլոր ճնշումներից, հետապնդումներից` պետք է չհուսահատվել և շարունակել պայքարը. ՀՀԿ-ի հանդիպումը Գավառում
ՀՀԿ Գավառի շրջանային կազմակերպությունն օրերս իր հարկի տակ էր հավաքել հանրապետական կուսակցության անդամներին ու համակիրներին՝ կուսակցության գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպման:
Մինչև հարցուպատասխանին անցնելը՝ ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նախ գնահատեց կուսակցության մարզային կառույցների աշխատանքը, կարևորեց նրանց դերն ու նշանակությունը. «Այն փաստը, որ Հանրապետականը եղել է ու շարունակում է մնալ ամենահզոր կուսակցությունը Հայաստանում, պայմանավորված է տեղի կառույցներով, ու կառույցները շենք-շինությունները չեն, այլ մարդիկ, որոնք իրենց կյանքով հարգանքի են արժանի»:
Անկեղծ ու անկաշկանդ զրույցի անհրաժեշտություն ակնհայտորեն կար։ Այցի նպատակն էլ դա էր, և ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը, գուցեև մեկնարկային կաշկանդվածությունը զգալով, այսպես ասենք, «սառույցը փորձեց կոտրել» և հավաքվածներին հորդորեց ազատ կարծիք հայտնել ու հարցեր տալ։
Իսկ հարցերը բազմաթիվ էին՝ ստեղծված բարդ անվտանգային իրավիճակում ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական գործունեության արդյունավետությունից՝ մինչև կուսակցությանն առնչվող այս ու այն կուլիսային քննարկումներ, քաղբանտարկյալներից՝ մինչև երկրում ստեղծված վիճակ ու դրանից դուրս գալու ելքեր: Կարծիք հայտնողներն էլ քիչ չէին։
Ինչ-որ մարդիկ լուրեր են տարածում, թե Նիկոլին Հանրապետականն է բերել, այսինքն՝ հասկացել են, որ նախկին-ներկա թեզն այլևս չի աշխատում, հիմա էլ մեղքն ուրիշների վրա բարդելու նոր հնարք են գտել, եթե այդպես էր, ի՞նչ շահեց ՀՀԿ-ն՝ ռեպրեսիանե՞ր, քաղբանտարկյալնե՞ր։
«Ի՞նչ ենք շահել Նիկոլին բերելուց. իշխանությունը կորցրել ենք, հայրենիքը կորցրել ենք,- նշեց Արտակ Զաքարյանը, իսկ Հայկ Մամիջանյանն էլ հիշեցրեց,- Մեր երկրում հիմա 50 քաղբանտարկյալ կա»:
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանն էլ լրացրեց գործընկերոջ միտքը. «Արմեն Աշոտյանն անազատության մեջ է ու քաղբանտարկյալ. Արմենը անազատության մեջ է բացառապես իր պայքարի արդյունքում՝ պայքարի էս ամեն ինչի դեմ, դա ակնհայտ բան է:
Ինչ վերաբերում է մեր գործունեությանը՝ մենք պետք է կարողանանք վարակիչ դարձնել պայքարելու ձգտումը, որ մարդիկ հուսահատ չլինեն, որ չմտածեն, որ անզոր են: Այդ պայքարի արդյունքում ենք կարողանալու պահել մեր երկրից մնացածը»:
Ինչո՞ւ մանդատները վայր չեն դնում, որ ԱԺ-ն լուծարվի, ու նոր վարչապետ լինի, այս հարցը Գավառ էլ էր հասել, ու մարզային կառույցում հավաքվածներից մեկն ուղիղ հարցրեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։
Ի պատասխան՝ Աննա Մկրտչյանը պարզաբանեց. «ԱԺ մանդատների բաշխումն ավարտվում է ընտրությունների հաջորդ օրը: ԱԺ-ն չի լուծարվում, թեկուզ բոլորը մանդատը դնեն:
Մենք չնայած ռեպրեսիաներին ու վախի տարածմանը՝ մեր կարծիքը ասում ենք ու պայքարում ենք. ուզում ենք էս երկրում ինչ-որ փոփոխություն լինի, որովհետև մի քանի ամիս հետո էս երկիրը չի լինելու»:
ՀՀԿ մարզային այցերը շարունակվում են:
Մանրամասները՝ տեսանյութում