Առանց Արցախի, բանակի և դիվանագիտության՝ մեր երկիրն այսօր չունի ո՛չ ինքնիշխանություն, ո՛չ ազդեցություն․ Արթուր Խաչիկյան

Մեր երկիրը կորցրել է իր ազդեցությունն ու սուվերենությունը։ Երբ կար Արցախը, ունեինք բանակ ու դիվանագիտություն, մեզ հետ հաշվի էին նստում։ Հիմա այդպես չէ, այլ երկրներն են որոշում, թե մեր տարածքով միջանցքն ի՞նչ կարգավիճակ կունենա, կլինի արտատարածքայի՞ն, թե՞ ոչ, և այլն։ Շատ այլ օրինակներ էլ կան։ Սրանք ասում են, թե Հայաստանը պիտի դառնա չեզոք երկիր, որևէ դաշինքի հետ կապ չունենա։ Այդպիսի երկրների օրինակներ, այո՛, Եվրոպայում կան, բայց տեսնենք, թե միտումը դեպի ուր գնաց։ Չեզոք Շվեդիան և Ֆինլանդիան ռուս-ուկրաինական պատերազմից հետո որոշեցին միանալ ՆԱՏՕ-ին, նրանք այլևս չեզոք չեն, նույն խոսակցություններն այսօր Ավստրիայում են։ Այս երեք երկրները չեզոք էին, Շվեյցարիան լրիվ այլ դեպք է, նրանք շատ ավելի հեռու են՝ Արևմտյան Եվրոպայում։ Բայց այս երեք երկրներից երկուսն արդեն ՆԱՏՕ-ի անդամ են, Ավստրիայում էլ 50 քաղաքական գործիչ արդեն դիմել են կառավարությանը՝ փոխելու երկրի ուղեգիծը դեպի ՆԱՏՕ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը:

«Եթե այս երեք եվրոպական երկրները, որոնք տասնյակ անգամ ավելի կարևոր ու մեծ են, քան Հայաստանը, սպառնալիք տեսնելով՝ հրաժարվում են իրենց չեզոք կարգավիճակից, դա ի՞նչ է նշանակում։ Այնտեղ չկա ցեղասպանության պատմություն, երկու պետություն, որոնք ուզում են ոչնչացնել իրենց, այն էլ՝ իրենց անմիջական սահմանին։ Ֆինլանդիայում կա, բայց ռուսները ցեղասպանություն չեն գործել, նվաճել ու հալածել են այդ երկիրը, բայց ցեղասպանություն չի եղել։ Նրանք չունեն երկու հարևան, որոնք ասում են՝ դուք այստեղ պետություն չպետք է ունենաք, ձեզ ռուսներն են բերել այստեղ, դուք չպետք է լինեք այստեղ։ Այս համատեքստում ինչպե՞ս, ի՞նչ հիմքով են այս մարդիկ առաջարկում, որ մենք չունենանք որևէ դաշինք կամ պոտենցիալ՝ դիմադրելու մեր հարևաններին։ Այս անհիմն հայտարարություններին դժվար է պատասխանել, քանի որ դրանք շատ հեռու են միջազգային հարաբերությունների բնագավառից»,- ասաց գիտնականը:

«Գոնե ինչ-որ ռացիոնալ փաստարկ լիներ, որ, այո՛, մենք կլինենք չեզոք երկիր, Թուրքիայի և Ադրբեջանի հետ պայմանագրեր կլինեն, նրանք կհրաժարվեն Հայաստանը ոչնչացնելու, միջանցք բացելու, հարյուր-հազարավոր ադրբեջանցիների այստեղ բերելու, անկլավներ ստանալու, Սևանի ու Երևանի մասին մտքերից, կընդունեն, որ հայերն ապրել են այս տարածքում, ցեղասպանություն է եղել, մեր աչքի առաջ՝ էթնիկ զտում։ Սա որևէ կերպ չի առնչվում որևէ ռացիոնալ մտքի հետ, դժվար է այս ամենին արձագանքել, սա շատ հեռու է բանականությունից։ Եթե կա ինչ-որ լուրջ ծրագիր՝ Հայաստանը դարձնելու Արևմուտքի իրական դաշնակից, կարելի է քննարկել։ Բայց այս ֆուտբոլը պետք չէ խաղալ։ Իսկ այս հակառուսական ճամբարը, որը ֆինանսավորվում է արտասահմանից, և բոլորին պարզ է՝ ինչու է դա անում, խոսում է այնպես, կարծես սուրճի բաժակ է նայում։ Սուրճի բաժակում էլ գրված է, թե քիչ անց ամերիկյան բանակը կգա, Ֆրանսիան մեզ սուզանավեր կուղարկի, և այս հեքիաթները պատմելով՝ ապրում են»,- նշեց քաղաքագետը:

Կարդացեք նաև

Փորձագետի կարծիքով՝ հնարավոր է քննարկել բացառապես լուրջ փաստարկներն ու ծրագրերը, բայց դրա համար պետք է հարցեր տրվեն. «Օրինակ, հիմա մենք խոսում ենք Մեծ Բրիտանիայի կամ ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության մասին։ Պետք է հարցնել՝ արդյո՞ք նրանք երաշխավորում են Հայաստանի տարածքը։ ԱՄՆ Սենատում օրերս կայացած լսումներում ակնարկ արվեց, որ դա հնարավոր է։ Ասվեց նաև, որ եթե չկնքվի խաղաղության պայմանագիր, իրենք չեն կիրառի 907-րդ բանաձևը, որը կանխում է ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանին։ Երբ ուղիղ հարց է տրվում՝ իսկ սանկցիաներ լինելո՞ւ են, ի պատասխան՝ հնչում է՝ տեսնենք, այլ մեթոդները կաշխատե՞ն, թե՞ ոչ, հիմա պետք չէ այդ մասին խոսել»:

«Ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ը սանկցիաներ չեն կիրառում, չեն ընդունում, որ եղել է էթնիկ զտում։ Վաղը մենք բոլորս ենք արցախցի լինելու, և այն, ինչ կատարվեց Արցախում, կատարվելու է ՀՀ-ում։ Եվրախորհրդարանն ընդունեց, որ եղել է էթնիկ զտում, Ֆրանսիայում տասնյակ քաղաքական գործիչներ իրենց ձայնը բարձրացրին, բայց Ֆրանսիայի ԱԳՆ-ն այդպես էլ չընդունեց, որ եղել է էթնիկ զտում»,- ամփոփեց քաղաքագիտության դոկտորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս