Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու մտադրություն չունի. ՔՊ-ական պատգամավոր

Երեկ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը Հայաստանը լքելու մտադրություն չունի:

ՀՀ ԱԺ ճեպազրույցների ժամանակ, արձագանքելով կառույցի այս հայտարարությանը՝ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը վստահեցրեց, որ հայկական կողմը նույնպես մտադիր չէ լքել, դուրս գալ կառույցից: Այդուհանդերձ, անդրադարձավ նաև ՀՀ իշխանությունների կողմից ցուցաբերվող գործելաոճի պատճառներին:

«Այո՛, Հայաստանը ՀԱՊԿ-ը լքելու մտադրություն չունի: Բայց Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, ունի որոշակի պարտավորություններ այդ կառույցի անդամ մյուս երկրների նկատմամբ, և այդ երկրներն ունեն նույնպիսի պարտավորություններ  Հայաստանի նկատմամբ: Այդպիսին է այդ անվտանգային համակարգի էությունը: Օրինակ՝ ՀՀ-ն երբեք չի մերժել ՀԱՊԿ-ին՝ առաքելություն ուղարկել Հայաստան: Բայց, ՀՀ-ն հստակ հարցադրում է անում՝ որտե՞ղ է գալու այդ կոնտինգենտն իր առաքելությունն իրականացնելու համար: Որովհետև, երբ եվրոպացիները գալիս են, ասում են՝ մենք ունենք այսպիսի քարտեզ, որտեղ այս բլուրը Հայաստանինն է, այս անտառափեշը, օրինակ, Ադրբեջանինը: Մենք էլ գալու ենք ու այս բլուրի մոտ կանգնենք, դիտարկենք: Երբ մենք նույն հարցը տալիս ենք մեր ՀԱՊԿ գործընկերներին՝ իրենք չեն ասում, թե որտեղ են կանգնելու: Չեն ասում, որ այդ բլուրը Հայաստանինն է, անտառափեշը՝ Ադրբեջանինը: Բայց պետք է, չէ՞, ֆիքսվի, թե որտեղ է սկսվում Հայաստանը, որտեղ՝ Ադրբեջանը»,- համոզմունք հայտնեց իշխանական պատգամավորը՝ հավելելով, որ չֆիքսելու դեպքում կարող են այլ խնդիրներ առաջանալ:

Պապոյանի խոսքով՝ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից պահանջում է հստակ դիրքորոշում՝ ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանների վերաբերյալ, որը կհամընկնի նաև ՀՀ պետական շահերի հետ:

Կարդացեք նաև

«Սա Ալմա Աթայով է ամրագրված, ՀՀ-ն ու Ադրբեջանը ՄԱԿ անդամներ են դարձել՝ այդ նույն տրամաբանությամբ՝ նախկին ՀԽՍՀ և Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության սահմաններով: Սա ֆիքսո՞ւմ են մեր ՀԱՊԿ գործընկերները, թե՞ ոչ: Սա է հարցը: Մենք չէինք ուզի, որ էդպես լիներ: Բայց դե ֆակտո իրենք են մեզ դուրս դրել այդ պրոցեսից»,- ասաց Գևորգ Պապոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս