ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրով վերջին հացաբուլկեղենի արտադրամասը դադարեցրել է գործունեությունը Գազայի հատվածում
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հետ աշխատող 23 հացաբուլկեղենի արտադրամասերից վերջինը դադարեցրել է գործունեությունը Գազայի հատվածում։ Այդ մասին հայտնել է ՊՀԾ-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Քորին Ֆլեյշերը:
«Հիմա Գազայում գրեթե հաց չի մնացել: Այս հակամարտության սկզբում ՊՀԾ-ն հաց տրամադրեց 400 հազար մարդու: 130 հացաբուլկեղեննի արտադրամասերից միայն մի քանիսը կարող են հաց թխել 2,2 միլիոն մարդու համար, ովքեր դրա կարիքն ունեն: ՊՀԾ-ի պայմանագրով 23 հացաբուլկեղենի արտադրամասեր երեկ դադարեցրել են իրենց աշխատանքը: Մեր խանութները հայտնում են, որ բոլորում կաթնամթերք չի մնացել,10-ից 9-ում ալյուր չկա, 10-ից 8-ում պահածոներ և շշալցված ջուր չկա»,- ասել է Ֆլեյշերը։
Նրա խոսքով՝ Գազայի բնակչությանը հիմնական սննդով ապահովելու համար օրական 100 բեռնատար է անհրաժեշտ, մինչդեռ հակամարտության սրման սկզբից ի վեր օրական միջինը 10 բեռնատար է ժամանել պաղեստինյան անկլավ։
«Գազայի գրեթե ողջ բնակչությունը պարենային օգնություն է պահանջում, այսինքն՝ 2,2 միլիոն մարդ»,- ասել է ՊՀԾ-ի ներկայացուցիչը: