Շվեդիան Թուրքիային է արտահանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցության գործով հետախուզվողին
Շվեդիան Թուրքիային է արտահանձնել երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության գործով հետախուզվողին։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի փոխարտգործնախարար Բուրաք Աքչապարը։
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն արդեն կսկսի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմումի ուսումնասիրությունը։
Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսին, Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին, ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել։ Ապրիլի 4-ին Ֆինլանդիան դարձավ դաշինքի 31-րդ անդամը։ Շվեդիայի դիմումը դեռևս չի ստացել հունգարական և թուրքական վերջնական հավանությունը։ Շվեդիան, որպես Եվրամիության անդամ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններում համաձայնել է, որ դիմումը վավերացնելու դիմաց, նպաստի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացմանը։
Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու և Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցերը կապված չեն միմյանց հետ։ Օգոստոսին նա հույս էր հայտնել, որ Շվեդիան կմիանա դաշինքին այս աշնանը: