Այս ամենը ժողովուրդը պետք է կանխի, բայց ննջած՝ «պոլնի» ուղտի ականջում քնած է. Ազատամարտիկ

Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական օկուպացիայից հետո, սյունեցիների մոտ անվտանգության հետ կապված հարցերն ավելի առաջնային են դարձել, հատկապես, երբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները Սյունիքի տարբեր հատվածներում 2020 թվականից հետո առաջ են եկել՝ հասել խաղաղ բնակավայրերին շատ մոտ։

168.amի հետ զրույցում ազատամարտիկ, շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանը՝ Աշխարհապետը, ասաց, որ Արցախի օկուպացիայից հետո ՀՀ անվտանգային իրավիճակն ավելի է բարդացել, ինչն էլ ենթադրում է, որ անվտանգային խնդիրների առումով հասարակությունն ավելի զգայուն պետք է լինի։

«Լուրջ քայլեր պետք է կատարվի առաջին հերթին պետության կողմից, հետո նոր բարոյահոգեբանական քայլեր իրականացվի, որպեսզի ժողովուրդը, հասարակությունը հասկանան, թե ինչ է կատարվում։ Նաև հասկանան, թե ինչ են կորցրել, դեռ ինչ կա կորցնելու։ Սա քայլ-առ քայլ առաջ գնալ չի, այլ ամբողջովին կործանում եմ տեսնում»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա խայտառակություն որակեց Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում, այդ ամենից հետո չի կարծում, որ նույն այդ մարդը կարող է որևէ քայլ անի, որպեսզի իրավիճակը շտկի։ Սակայն Հայաստանում ապրողերը պետք է պահանջատեր լինեն և պահանջեն՝քայլեր ձեռնարկել։

Կարդացեք նաև

«Ժողովուրդը կարծես թե դմբրված վիճակում լինի, եղած օրվա իրադարձության հետ համակերպվող, իրականում չեմ հասկանում, թե ինչ է կատարվում։ Սա լուրջ խնդիր է՝ մարդու մտածելակերպի հետ կապված, դժվար է, այդտեղ բացատրություն չկա։

Առաջին հերթին պետք է ժողովրդի բարոյահոգեբանական վիճակն արթնացնեն, որ մարդկանց կարողանան ճիշտ ուղու վրա դնեն, ննջած տեղից հանեն, հասկացնեն՝ ինչ է կատարվում։

Ստեփանակերտի հրապարակում Ալիևը զորահանդես է անում, բոլորս էլ գիտենք՝ սրա հետևանքն ինչ է լինում։ Ցանկացած զինտեխնիկայի շարժում, պարադ, շատ հնարավոր է՝ հաջորդ պատերազմի մեկնարկը լինի մեր գլխին»,- շեշտեց նա։

Ազատամարտիկի խոսքով՝ չի հարմարվում այն մտքի հետ, որ Ալիևն Արցախի հարցը լուծել է՝ դա լինող բան չէ, հարցի վերջնական լուծում չէ։

«Արցախի ազատագրումը կլինի այն օրը, երբ պետության ղեկավարները մտածեն ազատագրման, այլ ոչ թե հանձնման մասին։ Մենք հաստատ ազատագրելու ենք, չգիտեմ երբ, բայց մենք դա տեսնելու ենք»,- շեշտեց նա։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի մասին, Արարատ Աղաբեկյանը նկատեց՝ դե, այդ ամենը սերիալ է, շուտով երկրորդ սերիայում ամեն ինչ կտեսնեն։

Թե ի՞նչ խորագիր կունենա երկրորդ սերիան՝ հարցին, Արարատ Աղաբեկյանը պատասխանեց.

«Դե, մի գենոֆոնդ պրծավ գնաց, մեզանից խլեցին տարան, վիրավոր թողեցին, դարդ ու ցավ թողեցին, դե սա էլ մի ուրիշ տեսակի աղետ կանեն։ «Խաղաղության խաչմերուկը» այդ նույն կինոյի երկրորդ սերիան է լինելու։

Ժողովուրդը սա պետք է կանխի, ասի՝ բոլ է, բավական է, ստոպ։ Ժողովուրդը ննջած, «պոլնի» ուղտի ականջում քնած է։

Մեր քաղաքի բանալիներն էլ տամ թշնամուն՝ դուրս գամ, խաղաղություն չի լինելու, ի՞նչ «խաղաղության խաչմերուկ»»,- եզրափակեց Արարատ Աղաբեկյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս