Բաժիններ՝

Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում որպես աշխատանք փնտրող հաշվառվել է 3490 բռնի տեղահանված

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում աշխատանքային պայմանագիր է կնքվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2384 անձի հետ։ Նոյեմբերի 14-ի դրությամբ միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոններում, որպես աշխատանք փնտրող, հաշվառվել է 3490 անձ, որից 3035-ը ստացել են գործազուրկի կարգավիճակ։ Այդ թվից 1336 հոգի ուղեգրվել է տարբեր գործատուների մոտ։

ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ Սարգսյանը նշեց, որ միասնական սոցիալական ծառայության գրասենյակում այս պահին գրանցված է 10445 թափուր աշխատատեղ տարբեր մարզերից և տարբեր գործատուների կողմից։ Այդ աշխատատեղերի վերաբերյալ քաղաքացիները կարող են տեղեկատվություն ստանալ e-work.am և workforall.am կայքերի «Գտիր աշխատանք» բաժնում, որտեղ ավելի մանրամասն տեղեկատվություն է ներկայացված աշխատատեղերի բաշխվածության, աշխատավարձերի չափերի, աշխատաժամերի և այլ մանրամասների մասին։

Քաղաքացիները կարող են նաև դիմել տարածքային գրասենյակներ և ավելի մանրամասն ծանոթանալ պայմանների հետ։ Տարածքային կենտրոններում նախարարության մասնագետներն անհրաժեշտության դեպքում կուղղորդեն մարդկանց համապատասխան գործատուների մոտ՝ ըստ նրանց պահանջների։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը UNDP կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ մեկնարկում է փորձնական ծրագիր, որն ի սկզբանե ընդգրկելու էր շահառուների երեք խումբ՝ 18-30 տարեկան չաշխատող և սովորող երիտասարդներ, 30-40 տարեկան կանայք և սոցիալական նպաստ ստացողներ։ Բայց իրադարձությունների զարգացման հետևանքով ավելացել է ևս մեկ թիրախային խումբ՝ ի դեմս ԼՂ-ից բռնի տեղահանվածների։ Ծրագրով նախատեսված է տարբեր մասնավոր գործընկերների միջոցով իրականացնել զբաղվածության ծրագրեր, որոնք ունեն ուսուցման, վերապատրաստման և աշխատանքի տեղավորման բաղադրիչներ»,- տեղեկացրեց փոխնախարարը։

Նրա փոխանցմամբ՝ այս պահին քննարկման փուլում են երկու ծրագրեր, որոնց շահառուներն առաջին հերթին բռնի տեղահանված մեր հայրենակիցներն են։

«Ծրագրերից մեկը վերաբերում է ուսուցմանն ու վերապատրաստման կամ պրակտիկայի ձեռքբերման միջոցով աշխատանքի տեղավորմանը։ Պետությունը մասնակցում է կրթության ծախսերի, կրթաթոշակի կամ փորձարարության ժամանակահատվածում աշխատավարձի ծախսերի փոխհատուցմանը, իսկ հետագայում նախատեսվում է նաև գործատուի հարկերի որոշ չափով փոխհատուցում։ Իսկ երկրորդ ծրագիրն ավելի շատ ուղղված է ինքնազբաղվածությանը, որում կա բիզնես վարելու և համապատասխան հմտություններ դրսևորելու պարտադիր պահանջ։ Լավագույնները կֆինանսավորվեն պետության կողմից։ Երևանում ծրագրերից մեկի իրականացման դեպքում այն կֆինանսավորվի մոտ երկու միլիոն դրամի չափով, իսկ մարզերում՝ չորս միլիոն դրամի չափով»,- ասաց Սարգսյանը։

Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախատեսվում է իրականացնել համատեղ ծրագրեր նաև միջազգային ու տեղական գործընկերների միջոցով։ Նախարարությունն այս պահին մշակում է զբաղվածության ռազմավարությունը, ինչի հիման վրա կիրականացվեն նոր ծրագրեր, որոնց շնորհիվ ԼՂ-ից բռնի տեղահանվածները կգտնեն նոր աշխատանք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս