Ես չեմ կարող մեկնաբանել մարդու, ով ստամոքսով է գնահատում հայրենիքը. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն Արցախի հանձնման դեմ երիտասարդական լուռ բողոք-երթի ժամանակ համոզմունք հայտնեց, որ նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր հայի համար ցավի չսպիացած վերքի օր է, որը կարող է բուժվել, երբ այդ ցավը վերափոխվի ցասման:

Անդրադառնալով լրագրողի հարցին, թե տեղի ունեցածից հետո էլ ի՞նչ պետք է լինի, որպեսզի ժողովուրդը, ի վերջո, դուրս գա ներկա թմբիրից՝ Մամիջանյանը պատասխանեց, որ այս պարագայում ժողովրդին մեղադրելն անթույլատրելի է:

«Իրավիճակը, որում մենք ապրում ենք, ցավի շոկ կարելի է անվանել: Յուրաքանչյուր մարդ այդ շոկից դուրս է գալիս տարբեր ձևով: Ես դեմ եմ, որ մեղադրենք մեր հայրենակիցներին: Մենք առաքելություն ու անելիք ունենք ու մենք կկատարենք մեր պարտքը»,- ասաց Մամիջանյանը՝ հայտարարելով, որ Արցախի էջը փակված չէ:

Լրագրողները հիշեցին, թե ինչպես էր 3 տարի առաջ Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրում Շուշի՝ մուղամ լսելու:

Կարդացեք նաև

Հայկ Մամիջանյանն էլ ցավով արձանագրեց, որ նրա ասածները միշտ իրականություն են դարձել:

«Այսօր մենք ապրում ենք մղձավանջի մեջ: Դրա համար եմ ասում, որ սա իրենց հայրենիքը չէ: Այդպես վերաբերվել սեփական հայրենիքին՝ անհնար է: Տարբեր պաշտոնյաներ, ՔՊ-ական տարբեր երեսփոխաններ անընդհատ խոսում էին, որ իրենք բանակցում են Արցախում հայերի իրավունքների և ազատությունների համար: Հենց հիմա թող բոլորով հավաքվեն ու գնան իրենց բանակցած իրավունքների ու ազատությունների պայմաններում ապրեն, տեսնեմ՝ քա՞ղցր է, թե՞ չէ»,- ասաց Մամիջանյանը:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի խոսքով՝ Փաշինյանն իր հակահայկական բոլոր ծրագրերը բրենդավորում է «խաղաղություն» բառով: Այդպիսի վառ օրինակ է նաև կառավարության ներկայացրած «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

«Մի քանի օր առաջ ԱԺ-ում հպարտորեն հայտարարում էր, թե կապիտուլյացիան ու հողերը հանձնելն արդեն խորհրդանիշ ունի: Այսուհետ լոգոյի տակ ենք հող հանձնելու: Վերջին 5 տարիներին Փաշինյանը երբ խոսել է խաղաղության մասին՝ ցավ, արյուն և մահ է բերել: Ես սարսափում եմ, երբ ինքն օգտագործում է այդ բառը»,- ասաց պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Նրա խոսքով՝  ՀՀ իշխանություններն իրենց հայրենավաճառությունը փորձում են ներկայացնել՝ որպես Հայաստանի սուվերենության, ինքնիշխանության, անկախության ու տարածքային ամբողջականության պահպանման մեծագույն ձեռքբերում, ինչը նախկինում երբևէ չի դրվել հարցականի տակ:

«Այս պարագայում խոսքը վերաբերում է ո՛չ միայն Սյունիքին. ամբողջ Հայաստանն է վտանգի տակ: Ես ավելի վաղ ասել էի, որ հայրենիքը քառակուսի կիլոմետրերով չեն համեմատում: Այդ 29.800 քկմ-ն կեղծ օրակարգ է: Երեսփոխան Գևորգ Պապոյանը հպարտորեն ասում էր, որ իրենք հետ են բերելու մի քանի արոտավայրեր՝ Տավուշի մարզում: Բայց ինքը ոնց որ թե «մոռացավ» նշել, որ մենք դրա դիմաց զրկվելու ենք Տիգրանաշենից, 8 գյուղերից, զրկվելու ենք Հայաստանը մեր բարեկամ և հարևան Վրաստանին կապող ճանապարհներից մեկից՝ այն առնվազն թողնելով ադրբեջանական վերահսկողության ներքո»,- ասաց Մամիջանյանը:

168.am-ը հիշեցրեց, թե ինչպես էր նույն Պապոյանը խոսում պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանը բեռնափոխադրման հիանալի տարբերակ դիտարկելու մասին, մեկ այլ պաշտոնյա էլ Ադրբեջանից գազ ներմուծելու հույսեր էր հայտնում, իսկ Ալեն Սիմոնյանը հայտարարում էր, թե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սահմանները բացելու դեպքում ճանապարհները կապաշրջափակվեն ու ՀՀ տնտեսությունը ներկայից եռակի անգամ ավելի աճ կգրանցի:

«Ինձ միշտ հետաքրքիր է եղել, թե որտեղ է առաջացել «որտեղ հաց, այնտեղ կաց» ասույթը, քանի որ այն ոչնչով նման չէ հայկական ասացվածքին: Երևի իր նմաններն են դա ժամանակին հորինել ու տարածել: Գիտե՞ք, չեմ կարող մեկնաբանել մի մարդու ասածները, ով ստամոքսով է գնահատում Հայրենիքը»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս