«Եթե այսպես շարունակվեց՝ վաղը բոլորս բեռներս հավաքած՝ լքելու ենք Հայաստանը». Հուսիկ Արա

Հինգ տարվա ընթացքում կարողացան հասարակությանը հասցնել այս հոգեբանական վիճակին։ Եթե հինգ տարի առաջ որևէ մեկն ասեր, որ Արցախը հանձնելու են, կամ կորուստներ ենք ունենալու՝ բոլորը տեղներից ցատկելով պայթելու էին, այդ ասողին խելագար էին անվանելու, ծաղրելու էին։ Սակայն այսօր տեսնում ենք, որ բոլորը համակերպվել ու հաշտվել են։ Այս մասին 168TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց բանաստեղծ Հուսիկ Արան՝ խոսելով Արցախի կորստից հետո հասարակության համակերպված վիճակի մասին։

Նրա դիտարկմամբ՝ երբ սկսում են մարդուն քայլ առ քայլ ունեզրկել, մարդն աստիճանաբար հաշտվում է իր կորստի հետ։

Բանաստեղծը վստահ է՝ այն, ինչ կատարվեց Արցախի հետ, կատարվելու է նաև Հայաստանի հետ։ Ադրբեջանն այսօր մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել ՀՀ տարածքից՝ ռազմավարական նշանակության բարձունքներ։

Հետևաբար, ըստ նրա՝ Արցախի կորստի ու այս ամենի հետ չհամաձայնվելու համար հայ հասարակությունը պետք է իրեն գոնե պահեր հրեաների նման։

Կարդացեք նաև

«Հրեաներն այսօր Նեթանյահուին չեն ներում նրա համար, որ մեկ օր Պաղեստինը ռմբակոծել է Իսրայելի տարածքը։ Եթե անգամ նա Պաղեստինը քարտեզից ջնջի, միևնույն է՝ Իսրայելի ժողովուրդը նրան չի ներելու, որովհետև մեկ օր Իսրայելը ռմբակոծել է։ Սա է ազգը, ժողովուրդը, որ պետություն ունի ու պահելու է։

Եթե այսպես շարունակվեց՝ վաղը բոլորս բեռներս հավաքած՝ լքելու ենք Հայաստանը։

Հասարակությունը և՛ չի գիտակցում իրեն սպառնացող վտանգները, և՛ թքած ունի։ Նախորդ տարի Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, մեկ տարի չանցած ունեցանք հայաթափված Արցախ։ Ալիևն աշխարհին ասաց՝ Հայաստանի ղեկավարը ճանաչել է իմ տարածքը, ես էլ գործողություններ եմ կատարում։ Հիմա էլ ասում է՝ Ադրբեջան, 8 գյուղ քոնն է, վաղը ռազմական գործողություններ է անելու, և աշխարհը չի կարող ասել՝ Ալիև, ի՞նչ ես անում, որովհետև Փաշինյանն ասել է՝ դրանք քոնն են։

Իբրև խաղաղության դարաշրջանն ավարտեց՝ Արցախը հանձնելով, հիմա էլ խաղաղության խաչմերուկ է ասում, վերջում էլ կասի՝ խաղաղության աշտարակ, ու կհանձնի Երևանը»,- նշեց Հուսիկ Արան։

Ըստ նրա, հասարակությանն ամեն օր քարոզվում է, որ պետք է զիջել, հասարակություն, որը գտնվում է  նվաստացված վիճակում, իսկ այդ նվաստացման ամենավառ օրինակը Ադրբեջանի կողմից առևանգված և 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունն էր։

«Իսկ այդ ֆոնին ադրբեջանցիները Բաքվի դատարանում բղավում են, թե հայերն այդ ինչ վատն են եղել, նման բան է ասում մի ազգ, որը 1988 թվականին Սումգայիթում 16 տարեկան հայ աղջկան փողոցում մորթում ու խորոված է անում։ Դիմեք Լարիսա Ալավերդյանին, նա ձեզ բոլոր փաստերը ցույց կտա։ Ադրբեջանցիները, Ալիևը հայաֆոբ են։ Վաղը սկսվելու է Արցախի նախկին նախագահների ավելի նվաստացնող դատավարությունը, իսկ մենք անտարբեր ենք, կարծես թե այդ ամենը մեզ հետ կապ չունեցող է։ Չեմ ասում՝ ժողովրդի 100 տոկոսն այդպես է, բայց հիմնական մասը կարծես թե ասում է՝ ինձանից հեռացնեմ, իբր ինձ հետ կապ չունի։

Եթե կորցնում ես հայրենիքդ, կորցնում ես տունդ, այդ դեպքում չես կարող պետություն ունենալ։ Մի սերունդ եկավ, ամեն ինչ սարքեց ու ձեռքները տվեց, բայց կորցրեցին, եթե հիմա էլ փրկենք, 5-10 տարի հետո նորից կորցնելու են։ Մեր գենի մեջ չկա պետություն պահել, հայրենիքը զգալ, ոչինչ չկա։ Այսօրվա մեղավորն էլ ենք մենք, այն ժողովուրդը, որը չի ուզում սպանվել՝ չի սպանվում։

Եկեք չնեղանանք՝ հասկանանք՝ ով ենք, գուցե դրանից հետո գիտակցենք։ Կարծում եք՝ Սյունիքը հետաքրքրո՞ւմ է ժողովրդին, միայն սյունեցուն է հետաքրքրում, Արցախը հայաթափվում էր, այստեղ մարդիկ խորոված սարքելով և ուտելով օր էին անցկացնում։ Նման ժողովրդին ոչ միայն մարդկությունն է պատժում, այլև Աստված։

Միայն ազգային մտածելակերպով առաջնորդվելը կարող է արդյունք ունենալ, այսինքն՝ ինքնության գիտակցումն է, եթե դրանից հեռացան, ուղղակի չեն կարող գոյատևել։ Մենք մեր առաջին դպրոցը տվեցինք թուրքին՝ ապրելու իրավունք ունե՞նք, թե՞ ոչ, թող ժողովուրդը որոշի՝ իր գոյությունն արդարացվա՞ծ է։ Վաղն Ալիևը մեր երեք նախագահներին է տանելու, Նիկոլին էլ՝ որպես ծաղրածու»,- ընդգծեց Հուսիկ Արան։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս