«Դուրս գալուց առաջ գրկեցի մեր տունը…». Իջևանն Արցախին նման է, կարոտը մի քիչ խլանում է․ Sputnik Արմենիա
Հայաստանի տարբեր շրջաններում արցախցիներն աստիճանաբար ընտելանում են տեղի կյանքին։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է Իջևան` տեսնելու` ինչպես են այնտեղ հաստատված արցախցիները զրոյից սկսում կյանքը։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար կյանքը նոր կետից սկսելու կարևորագույն նախապայմաններից մեկն աշխատանքն է։ Տավուշի մարզի Իջևան քաղաքում հաստատված մեր հայրենակիցներից մի քանիսն արդեն կարողացել են գործ գտնել, գումար են վաստակում, լավ ընկերներ ու հարևաններ են ձեռք բերել։ Ասում են` Իջևանում մի քիչ կարողանում են խլացնել Արցախի կարոտը` բնությունն ու կլիման նման են, մարդիկ էլ` ջերմ ու սրտաբաց։
Վերջին անգամ գրկեցի մեր տունը. Ալեքս, 16 տարեկան
Ալեքսը դեռ չափահաս չէ, բայց արդեն ստանձնել է ընտանիքի միակ աշխատողը լինելու պատասխանատվությունը։ Ժպտերես արցախցին արդեն մոտ մեկ շաբաթ է` աշխատում է Իջևանի «Կենաց հաց» ռեստորանում` որպես մատուցող, զուգահեռ էլ Ստեփանակերտում կիսատ թողած ուսումն է շարունակում Իջևանի տեխնիկումում. ապագա ծրագրավորող է։
Զաքարյանների ընտանիքը Ստեփանակերտից է, 12 հոգով են դուրս եկել քաղաքից։
«Երբեք չէինք մտածի, որ մեր Ստեփանակերտը թշնամու ձեռքում կհայտնվի։ Հույս ունեի` երկրները կօգնեն, մի բան կանեն, որ կանգնեցնեն Ադրբեջանին, բայց մենակ կոչեր էին անում։ Մենք մենակ, զոռով պահեցինք մեր հողը, բայց.. Ամեն ինչի հարմարվել էինք. շրջափակմանն էլ, հաց չլինելուն էլ, էլի կմնայինք, կարևորը` մեր տանն էինք։ Խփում էին, նկուղներում էինք, լույս չկար։ Հենց հրադադարը ստորագրեցին ու Արցախը տվեցին, լույսն էլ տվեցին, բայց մեզ էդ լույսն էլ պետք չէր»։
Ալեքսը ձեռքերով փակում է աչքերը։
«Դուրս գալուց առաջ գրկեցի մեր տունը…»։
Իրենց հետ մի քանի հագուստ են վերցրել ու վերջ, անգամ Ալեքսի համակարգիչը չեն վերցրել, առանց որի հիմա դժվար է, քանի որ իր մասնագիտական գործիքն է։ 36 ժամ ճանապարհ են եկել. մտադրված էին Երևանում մնալ, սակայն մայրաքաղաքում բնակարանների վարձակալության արժեքները մի քանի անգամ բարձրացել էին արդեն (350-400 հազար դրամ էր), դրա զուգահեռ էլ` թույլ չէին տալիս, որ 4-5 հոգուց ավել մարդ ապրի տանը։ Ուստի որոշեցին տեղափոխվել Իջևան, որտեղ քաղաքապետարանը ժամանակավոր տեղ հատկացրեց։
Հիմա արդեն երկու բնակարան են վարձակալել` 150-հազարական դրամով (Իջևանում էլ են վարձակալության գները բարձրացել, նախկինում նույն բնակարանը 50-60 հազար դրամ էր), յուրաքանչյուրում ապրում են 6 հոգով։
«Այստեղ շատ լավ է, քաղաքապետարանն ապահովում է սննդով։ Իջևանը շատ նման է մեր Ստեփանակերտին, բնությունը հիանալի է, մարդիկ շատ են օգնում, ես այսպիսի բան չէի տեսել»,– ասում է Ալեքսը։
Տխրում է, հենց որ ընտանիքում խոսք է գնում Երևան տեղափոխվելու մտադրության մասին։ Հայրը երգիչ է, Իջևանում աշխատանք չի գտնում, մայրը Ստեփանակերտում էնդոկրինոլոգի բուժքույր է եղել. մայրաքաղաքում համապատասխան մասնագիտական աշխատանք առաջարկում են, իսկ այստեղ` Իջևանում, դեռ գտնել չի հաջողվում։ Եթե չստացվեց, ստիպված են լինելու տեղափոխվել։
Եթե տուն լինի, մնացածն էլ կկառուցես. Մարիամ, 22 տարեկան
22–ամյա Մարիամ Բաբալյանն ու ամուսինը` 29-ամյա Հովիկ Քամալյանը, Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից են։ Հարազատ քաղաքում Մարիամը մատնահարդարմամբ էր զբաղվում, շրջափակման ժամանակ դադարեցրեց. թե՛ ինքն արդեն տրամադրություն չուներ, թե՛ հաճախորդները։
«Դժվար օրեր էին, բայց հարմարվել էինք։ Մենք հող, անասուն, ամեն ինչ ունեինք, մենակ առնովի բաների պակասն էինք զգում։ Կոֆեն էլ նենց համով էինք սարքում` սիսեռ, ոսպ, կաղին բովում էինք, խառնում, բլենդերով մանրացնում ու եփում։ Մի քիչ հետս էստեղ էլ եմ բերել` որպես հուշ»,– ասում է Մարիամը։
Իջևանում հենց սկզբից ու անհատույց Մարիամին և Հովիկին հյուրընկալեց «Կամար» հյուրանոցը (կեցության համար պետությունը չի վճարում, հյուրանոցի տերերի անձնական որոշումն է): Այստեղ կարող են մնալ այնքան, մինչև տուն գտնեն։ Վերջերս էլ Մարիամին առաջարկեցին ժենգյալով հաց թխել (հյուրանոցն ու ռեստորանը նույն ընտանիքին են պատկանում)։ Ընդ որում, սա ոչ թե, այսպես ասած, «բարտեր է», այլ աշխատանք, որի համար Մարիամը վճարվում է։
Մարիամի ժենգյալով հացի համբավն արդեն ամբողջ Իջևանում է տարածվել։ «Պառավի պորտից» բացի մնացած անհրաժեշտ բոլոր կանաչիները գտնվել են։ Արցախյան խոհանոցի այցեքարտը պատրաստողներ քաղաքում էլի կան, բայց Մարիամը միակն է, որ այն ամբողջահատիկ ցորենի ալյուրով է թխում։