«Վստահորդս մահացել է պայթյունի ժամանակ, պետք է տեղափոխեին Իտալիա, ինքնաթիռից իջեցրել են. կա խափանման միջոց». Ռոման Երիցյան
Հայաստանում փախստականի կարգավիճակ ստացած՝ Արցախից բռնի տեղահանված արցախահայերը, եթե Հայաստանից գնան Ֆրանսիա, կարիք չկա, որ այնտեղից ապաստան հայցեն, որ իրենց փախստական ճանաչեն, քանի որ Փախստականների վերաբերյալ Կոնվենցիան ստորագրած բոլոր երկրներում նրանք ինքնին համարվում են փախստական։ Պարզապես այդ մարդիկ Ֆրանսիայում բնակություն պետք է հաստատեն տեղի օրենքին համապատասխան։
168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռոման Երիցյանը:
Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև բռնի տեղահանված արցախահայության կարգավիճակին ու դրանից բխող այլ խնդիրներին։
«Հանրայինի եթերում Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանին երբ հարցնում են, թե արդյո՞ք փախստականի կարգավիճակը չի նպաստելու արտագաղթին, նա պատասխանում է, որ այլ երկիր գնալ ու ապաստան հայցելը, փախստականի կարգավիճակ ձեռք բերելը դժվար է լինելու, քանի որ այդ այլ երկիրն ասելու է՝ դուք Հայաստանում ապրելու հնարավորություն ունեցել եք, ինչո՞ւ եք եկել ապաստան հայցելու։ Զարմանում եմ, թե ինչո՞ւ է նման պատասխան հնչում, երբ Կոնվենցիան ստորագրած բոլոր պետություններում տվյալ անձինք ունենալու են նույն կարգավիճակը»,- շեշտեց փաստաբանը։
Արցախից բռնի տեղահանվածները գրեթե ամեն օր բախվում են բազմաթիվ իրավական խնդիրների: Ռոման Երիցյանը ներկայացրեց դրանցից մի քանիսը՝ օրինակ, Արցախի Հանրապետության Ընդհանուր իրավասության դատարանում 2023 թվականի ընթացքում մոտավորապես 3 հազար քաղաքացիական գործ կար, որտեղ անձը կա՛մ պատասխանող էր, կա՛մ հայցվոր: Այսպես մի դեպքում դիմել էր ժառանգության ընդունման խնդրանքով, մեկ այլ դեպքով՝ պետությունից գումար բռնագանձելու կամ աշխատավարձ բռնագանձելու խնդրանքով, և այլն։
«Հիմա առաջին հարցը, որը բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հետաքրքրում է, այն է, թե իրենց գործերն ինչ են լինելու։ Օրինակ, պետական տուրք են վճարել պետությանը՝ դատական պաշտպանությունից օգտվելու համար, կա՛մ գրավի դիմաց դուրս են եկել կալանքից, կա՛մ էլ որպես դեպոզիտ՝ գումարներ են վճարել, թե ինչ է լինելու այս ամենի հետ՝ անհայտ է։ Ոչ միայն անհայտ է, այլև օրինական ուժի մեջ մտած դատական վճիռներով մարդիկ ալիմենտների պարտավորություններ ունեին, պատկերացնո՞ւմ եք, թե Արցախում որքան էին նման մարդիկ։ Հիմա Արցախի ԴԱՀԿ-ն ըստ էության չկա, դրանով չի զբաղվում, Հայաստանի ԴԱՀԿ-ն էլ այդ գործառույթով չի զբաղվելու։
Կան նաև այլ խնդիրներ, օրինակ, Արցախում ինչ-որ քրեական հետապնդման հիմքով անձից պահանջվել է ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոց։ Այդ որոշման հիման վրա ՀՀ սեկտում երկրից դուրս գալու արգելք են դրել։ Հիմա այդ մարդիկ չեն կարողանում դուրս գալ, իսկ սեկտից նրանց տվյալները հանելու համար պետք է այդ նույն քննիչը որոշում կայացնի տվյալ անձի վերաբերյալ այդ խափանման միջոցը վերացնելու մասին, բայց քննիչը ներկա դրությամբ նման իրավական հնարավորություն չունի։ Ինձ վստահորդ ունեմ, ով մահացել է պայթյունի ժամանակ, իրեն պետք է տեղափոխեին Իտալիա, ինքնաթիռից իջեցրել են, ասել են, որ կա խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Արցախում 10-15 հոգի մեղադրվում էին պետական դավաճանության մեջ, հիմա այդ անձանց Հայաստանը քրեական պատասխանատվության ենթարկել չի կարողանալու, քանի որ արարքը կատարվել է ոչ թե ընդդեմ Հայաստանի, այլ Արցախի։ Թե իրավական առումով ներքին որևէ կարգավորում կմտածեն, չեմ կարող ասել, այնուամենայնիվ այս պահին իրավական որևէ լուծում չկա»,- շեշտեց Ռոման Երիցյանը։
Փաստաբանն ընդգծեց, որ պետք է նախ օրենսդրական փոփոխություններ լինեն, առաջին հերթին՝ պետական կենսաթոշակների մասին օրենքում, պետք է հաշվեն Արցախում հանրային ծառայողների աշխատանքային ստաժը։
«Այն, ինչը հասանելի է ՀՀ քաղաքացիներին, պետք է հասանելի լինի Արցախի Հանրապետության քաղաքացիներին, եթե մեզ ֆորմալ առումով կամ դե ֆակտո հայրենակից են համարում»,- շեշտեց նա։