«Վաղարշակ Հարությունյանի դիֆերամբները՝ Վիկտոր Կրիվոպուսկովին»․ «Առավոտ»
Aravot.am-ի տրամադրության տակ է հայտնվել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի շնորհավորանքը՝ Հայաստանի հետ համագործակցության եւ բարեկամության հարցերով ռուսաստանյան ընկերության նախագահ, «Խռովահույզ Ղարաբաղ» գրքի հեղինակ Վիկտոր Կրիվոպուսկովի 70-ամյա հոբելյանին:
«Հարգելի Վիկտոր Վլադիմիրի, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան եւ անձամբ իմ անունից շնորհավորում են Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Դուք առանձնահատուկ անձնավորություն եք, ով ներդաշնակ եւ արդյունավետ կերպով իր մեջ ամբողջացնում է գրական էությունը, գիտական, հասարակական եւ քաղաքացիական գործունեությունը:
Ցանկանում եմ հատուկ ընդգծել Ձեր ջանքերը՝ ուղղված հայ-ռուսական համագործակցության ամրացմանն՝ ամենատարբեր ոլորտներում եւ մեր ազգերի միջեւ բարեկամական փոխհարաբերությունների խորացմանը: Ի սրտե Ձեզ ցանկանում եմ ամուր առողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ նոր հաջողություններ՝ ձեր ակտիվ եւ բազմաոլորտ գործունեության մեջ:
Հարգանոք՝ Վաղարշակ Հարությունյան»,- ասված է ՌԴ-ում ՀՀ դեսպանի շնորհավորանքում:
Առաջին հայացքից, այս շնորհավորանքում արտառոց ոչինչ չկա: Ավելին, դիվանագիտական էթիկայի տեսանկյունից, բավական ընդունելի-ընկալելի է՝ թե շնորհավորանքը, թե շնորհավորանքի տեքստը:
Բայց, կա մի բայց, որը առնվազն ծիծաղելի է դարձնում դեսպան Վաղարշակ Հարությունյանի թե շնորհավորանքը, թե Վիկտոր Կրիվոպուսկովին ձոնված դիֆերամբները:
Այսպես, ընդամենը երկու ամիս առաջ, օգոստոսի 24-ին, ՀՀ իշխանություններն արգելեցին Վիկտոր Կրիվոպուսկովի մուտքը Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում, մի քանի ժամ սպասեցնելուց հետո, պարոն Կրիվոպուսկովին տեղեկացրել են, որ ինքը չի կարող մուտք գործել Հայաստան, քանի որ մեր երկրի համար անցանկալի անձ է: ՀՀ ԱԳՆ-ն այս առիթով պաշտոնական դիրքորոշում, որեւէ բացատրություն չի ներկայացրել, սակայն, տեղի ունեցածից հետո, ՌԴ-ում ՀՀ դեսպանի նման կեցվածքը առնվազն տարակուսելի է: Վաղարշակ Հարությունյանն, իհարկե, լինելով մշտապես ռուսական տիրույթում հայկական շահերը ներկայացնող անձ, շատ լավ գիտե պարոն Կրիվոպուսկովի դերն ու նշանակությունը Հայաստանի նորագույն պատմության շրջանում: Սակայն, պետության տեսանկյունից, ստացվում է առնվազն զավեշտ, ինչպես ընդունված է ասել՝ «համ դաղում ենք, համ՝ յուղում», ինչն այս պարագայում, պարզապես լուրջ չէ: Ու նորից՝ աջ ձեռքը չգիտե՞ ինչ է անում ձախ ձեռքը, իսկ գլուխն էլ չի կառավարում ձեռքերը:
Հիշեցնենք, Վիկտոր Կրիվոպուսկովը 1990-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ՆԳՆ հետախուզական-օպերատիվ խմբի շտաբի պետը ԼՂԻՄ-ում, տարիներ շարունակ աշխատել է Հայաստանում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունում, ղեկավարել է «Ռոսսոտրուդնիչեստվոն»: Իր տարբեր հարցազրույցներում եւ հոդվածներում, Վիկտոր Կրիվոպուսկովը Արցախի հարցում, միշտ հանդես է եկել Արցախի հայկականության տեսանկյունից, քննադատել է նաեւ ադրբեջանական վայրագությունների նկատմամբ աչք փակելու ՌԴ-ի քաղաքականությունը: Նրա պաշտոնավարման շրջանում եւ նրա նախաձեռնությամբ վերանորոգվեցին Գյումրիի «Պլպլան ժամը», Օշականում ռուս-պարսկական պատերազմի հուշարձանը: