Գործող իշխանությունները շարունակում են հետևողականորեն լռել. բացասական և ոչ ականջահաճո զարգացումներ մշակող արդյունաբերությունում

ՀՀ տնտեսությունն ավելի քան մեկուկես տարի «օգտվում է» ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած արտածին գործոնների դրական ազդեցությունից։ Մասնավորապես, հիշյալ ժամանակահատվածում դեպի ՀՀ մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքը, ինչպես նաև ՌԴ նկատմամբ արևմտյան պատժամիջոցների կիրառումը դրականորեն են անդրադարձել ՀՀ տնտեսության վրա, որով հիմնականում պայմանավորված՝ 2022 թվականին ու 2023 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ում արձանագրվել է բավական բարձր տնտեսական աճ: Սակայն արդեն 2023թ. հունիսից տնտեսական ակտիվությունը սկսել է աստիճանաբար դանդաղել, իսկ սեպտեմբերին հասել է ռեկորդային ցածր մակարդակի՝ ընդամենը 5.6%-ի։

Տնտեսական ակտիվության դանդաղման հիմնական պատճառներից մեկը արդյունաբերության ոլորտում արձանագրված անկումն է։ Հունվար-սեպտեմբերին արդյունաբերության ոլորտի կուտակային անկումը կազմել է 0.6%։ Արդեն հունիս ամսից ոլորտում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ անկում է արձանագրվում։ Ավելին, նույնիսկ 2022-ին և 2023-ի առաջին կիսամյակում՝ տնտեսական բավական զգալի վերելքի պայմաններում, արդյունաբերության ոլորտում արձանագրված դրական տեղաշարժերը համեմատաբար համեստ էին։

Ի դեպ, հիշատակված բարձր տնտեսական աճի ժամանակահատվածում հանքարդյունաբերությունում շարունակաբար անկում էր գրանցվում, և արդյունաբերության ոլորտի աճն ապահովվում էր հիմնականում ի հաշիվ մշակող արդյունաբերության։ Իսկ վերջին ամիսներին բացասական երևույթները խորացել են նաև մշակող արդյունաբերությունում. օգոստոսի տվյալներով (սեպտեմբեր ամսվա տվյալները դեռևս չեն հրապարակվել)՝ այստեղ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ անկումը կազմել է 9.4%։ Հատկանշական է, որ այս ենթաոլորտում ևս անկումը սկսվել է դեռևս հունիս ամսից: Ընդ որում, օգոստոսին անկում է արձանագրվել ենթաոլորտի առավել խոշոր չորս հատվածներում («սննդամթերքի արտադրություն», «խմիչքների արտադրություն», «այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն», «հիմնային մետաղների արտադրություն», որոնք կազմում են ենթաոլորտի ավելի քան 2/3-ը)։

Նշենք, որ նախկինում Ն. Փաշինյանը և նրա թիմակիցները նախանձելի հետևողականությամբ առիթը բաց չէին թողնում խոսելու մշակող արդյունաբերության ոլորտում «աննախադեպ», «պատմական ռեկորդ» բնորոշվող նվաճումների մասին։ Մասնավորապես, օրինակ, Փաշինյանը դեռևս 2019թ. օգոստոսին արտահանողների և տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ հանդիպման ժամանակ խոսել էր այն մասին, որ «․․․մշակող արդյունաբերությունը պետք է դառնա երկրի տնտեսության կարևոր հենասյուներից մեկը», իսկ կառավարության 2020թ. փետրվարի 27-ի նիստում՝ որպես այդ նպատակի իրականացման փաստարկ հայտարարել էր, որ «մշակող արդյունաբերությունը 2019 թվականին աճել է 12 տոկոսով` 2008-ից ի վեր առաջին անգամ տնտեսության կառուցվածքում 12.1 տոկոս կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը»: Այս առնչությամբ էկոնոմիկայի նախարար Վ. Քերոբյանն էլ բազմիցս աչքի էր ընկել իրեն բնորոշ անհիմն լավատեսությամբ. «Արտահանման կառուցվածքում էապես նվազել է հանքահումքային արտադրանքի մասնաբաժինը՝ իջնելով մինչև 30 տոկոսի: Դա նաև թույլ է տալիս հուսալ, որ մենք շուտով կդադարենք զուտ հանքահումքային արտադրանք արտահանող երկրի իմիջ ունենալ» (ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի 07.09.2022թ. նիստ), կամ. «Ամենաուրախալին արդյունաբերության 119% ցուցանիշն է, որը հանքարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին նշանակում է մշակող արդյունաբերության զգալի աճ» (25.07.2022թ. ֆեյսբուքյան գրառում), կամ. «2022 թվականին Հայաստանում մշակող արդյունաբերությունն էապես աճել է և թողարկման ծավալը 13.5 տոկոսով ավելացել է…» (ԱԺ 10.02.2023թ. նիստ)։

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գ. Պապոյանն էլ, 15.06.2023թ. անդրադառնալով 2022թ. բյուջեի կատարողականին, նշել էր, որ «արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում 2008-ի 21%-ի փոխարեն, 2022-ին հասել է 32%-ի» և ավելացրել, որ «վերջին տարիներին տնտեսությունը ունեցել է կառուցվածքային և որակական լուրջ փոփոխություններ»։

Մինչդեռ, արդյունաբերությունում, մասնավորապես՝ մշակող արդյունաբերությունում, վերջին ամիսներին տեղի ունեցող ոչ ականջահաճո զարգացումների մասին նրանք  նույնքան հետևողականորեն և միասնաբար լռում են։

Ի դեպ, 2023թ. սեպտեմբեր ամսին բացասական է դարձել նաև տնտեսական աճին արդյունաբերության ոլորտի նպաստումը։

Հարկ է արձանագրել, որ արդյունաբերության ոլորտում ամիսներ շարունակ ընդհանուր տնտեսական աճին էապես զիջող աճի տեմպը, իսկ վերջին ամիսներին՝ արդեն անկումը, խիստ մտահոգիչ է: Պետք է հաշվի առնել արդյունաբերության ոլորտի կարևորությունը՝ որպես արտահանելի ճյուղ:  Բացասական զարգացումները ոլորտում խոսում են տնտեսության մրցունակության անկման մասին: Փաստ է, որ արդյունաբերության կշռի նվազումը տնտեսության կառուցվածքում կհանգեցնի ՀՀ տնտեսության պոտենցիալի նվազմանը, որի արդյունքում կվտանգվի ՀՀ երկարաժամկետ տնտեսական աճը:

Տեսանյութեր

Լրահոս