Մոսկվայում հասկանում են, թե ինչ է անում Արևմուտքը ՀՀ իշխանությունների միջոցով. Տարասով

Հայ-ռուսական բարձրաստիճան հայտարարությունների լարված, քննադատական տոնայնությունը վերջին շրջանում չի փոփոխվում։ Եթե անցնող տարիների ընթացքում նկատվում էին լարված փուլեր, որոնք հարթվում էին գոնե հրապարակային դաշտում, ապա ներկայումս հայ-ռուսական հարաբերություններում հրապարակային սկանդալային մեկնաբանությունները մշտական բնույթ են կրում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության բանաձևի վերաբերյալ երրորդ միջազգային կոնֆերանսին, այսօր նշել է, որ Մոսկվան դա Երևանի կողմից դեմոնստրատիվ հակառուսական քայլ է որակում։

Այս համատեքստում Զախարովան հերթական անգամ հիշեցրել է Աննա Հակոբյանի այցը Կիև և Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ Դուբլինում Ալեն Սիմոնյանի հանդիպումը, Փաշինյանի հանդիպումը Ստեֆանչուկի հետ Գրանադայում։

«Երևանում պետք է իրենց հաշիվ տան, որ խոսքը ցուցադրական խաղեր տալու մասին է նրանց հետ, ովքեր ագրեսիվ կերպով դիմակայում են մեր երկրին։ Եվ այստեղ այլ ձևակերպում չկա։ Եվ ափսոսանք է առաջացնում այն, որ հանրապետության ներկա ղեկավարությունը նպատակաուղղված, համառորեն քանդում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք ոչ այնքան վաղուց ինքն էլ անվանել է Հայաստանի կայունության և բարգավաճման կարևոր գործոն»,- ասել է Զախարովան։

168.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը և հարցը, թե ի՞նչ հետևանքներ կունենան այս զարգացումները հայ-ռուսական հարաբերություններում, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ վերջին շրջանում ՀՀ իշխանություններն է՛լ ավելի մեծ ոգևորությամբ հակառուսական հարցազրույցներ են տալիս, քայլեր անում, Արևմուտքին փորձում ապացուցել իրենց արևմտամետությունը և անկեղծությունն այս հարցում։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ Արևմուտքն ակնկալում է, որ արևմտամետությունը պետք է ապացուցել հակառուսականությամբ, հստակ հակառուսական քայլերով, հակառուսականությամբ բոլոր հարցերում, ինչպես Կիևը։

«Սա նշանակում է ոչ թե ՀՀ անվտանգության ապահովում, ամրապնդում, որն իբրև թե Արևմուտքն ավելի լավ պետք է անի, քան Ռուսաստանը, այլ ՀՀ-ի համար Ռուսաստանի հետ խնդիրների ստեղծում, Ռուսաստանի կերպարի դեմոնիզացիա։ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հակամարտություններ ունեցող երկրի համար նպատակահարմա՞ր է ունենալ ևս մեկ կոնֆլիկտ Ռուսաստանի հետ։ Իհարկե՝ ոչ։ Սա նշանակում է, որ Արևմուտքին ոչ թե ՀՀ անվտանգությունն է հարկավոր, այլ Ռուսաստանին «հարվածելը»։ Նույն տիրույթում պետք է դիտարկել Պետդեպի վերջին հայտարարությունն ի աջակցություն ՀՀ տարածքային ամբողջականության։ Ի վերջո, ՀՀ իշխանությունների անդադար հակառուսական ռևերանսները տալիս են իրենց պտուղները նման հայտարարության տեսքով, որն իրականում իր ներքո որևէ լուրջ հիմք չունի»,- ասաց վերլուծաբանը։

Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները նոր չէ, որ փորձում են տեղավորվել հակառուսական դաշտում, դա հստակ նպատակ ունի, առանց դրա Արևմուտքը որևէ շփում չի ունենա Երևանի հետ, սակայն նաև այդ հարցում մինչև վերջ չեն գնում և չեն չեղարկում հայ-ռուսական դաշնակցային կապերը։

«Մոսկվայում, բնականաբար, հասկանում են, թե ինչ է անում Արևմուտքը ՀՀ իշխանությունների միջոցով։ Մոսկվայից հայտարարությունները սուր են, սակայն իրավիճակը հավելյալ սրելու մտադրություն Մոսկվայում չունեն, սա կարելի է հասկանալ՝ հաշվի առնելով նաև ՌԴ նախագահի Վալդայի մեկնաբանությունները։ Սակայն գուցեև չհաջողվի պահպանել վերահսկելի իրավիճակ, քանի որ նպատակաուղղված գործընթաց կա։

Սակայն կցանկանայի նաև նշել, որ ՀՀ իշխանությունների վերլուծությունը, թե ՌԴ-ն ռեգիոնում կորցրել է ազդեցությունը, չի համապատասխանում իրականությանը։ Ներկայումս Ադրբեջան-ՌԴ ակտիվ երկխոսություն կա խաղաղության համաձայնագրի շուրջ, ինչպես տեսնում եք՝ «3+3»-ի հարցում կա առաջընթաց, ուստի Երևանն իր աշխարհաքաղաքական վերլուծություններում պետք է հստակ լինի անձամբ ռեգիոնից դուրս չմնալու նպատակով, առանց այն էլ՝ հետպատերազմյան խոցելի իրավիճակում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս