Նոր տարածքներ կկորցնենք՝ ավելի ստրատեգիական. նման կասկածներ ունեմ. Հայկ Մամիջանյան
Հայաստանը որևէ երկրի առաջ իր տրանսպորտային ուղիները չի փակել, ընդհակառակը՝ Հայաստանի առաջ են ճանապարհներ փակել, և դա արել են Թուրքիան և Ադրբեջանը։
Հենց այս երկրներն են, որ Հայաստանը բլոկադայի են ենթարկել, ուստի մենք չէ, որ պետք է մտնենք ճանապարհներ բացել-չբացելու քննարկումների մեջ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի հռչակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին, նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Կամ ենթադրենք՝ Հայաստանի իշխանությունը մտնում է ճանապարհներ բացել-չբացելու քննարկման մեջ, բայց ինչի՞ գնով՝ Արցախի կորստի՞։ Այդ ճանապարհների օգուտից եկող փողը կուլ չի գնա»,– ասաց Մամիջանյանը՝ նշելով, որ Արցախը հանձնած Փաշինյանն Ադրբեջանի բոլոր պայմանները բավարարելուց հետո միայն հնարավորություն կստանա իր դեմքը փրկել, ինչին միտված գործընթացը կարող է դառնալ հենց այդ նույն ճանապարհների ապաշրջափակում ասվածը։
«Ուզում եմ, որ մեր քաղաքացիներն իմանան՝ Փաշինյանն ու իր խմբակը մեր երկրի հետ ինչ էլ անեն, փաթեթավորվելու է ինքնիշխանության, անկախության և խաղաղության տեսքով»,- ասաց Մամիջանյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանի հետ աշխատող «մարզիչները» եկել են այն համոզման, որ սեփական ժողովրդին արհավիրք և պատերազմ բերած Փաշինյանը ճիշտ կանի հասարակության հետ շփման մեջ օգտագործի որոշակի կոդեր, դրա համար էլ «Հայկական խաչմերուկ» նախագիծը դարձավ «Խաղաղության խաչմերուկ»։
«Փաշինյանն էմոցիա ուտող և վաճառող է, ինքը դրանով է զբաղված անդադար։ Ամենավատն այն է նաև, որ դրսում նրա այդ ծրագիրը չի աշխատում»,- ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը՝ կրկնելով, որ Փաշինյանի վաճառած էմոցիաները հետաքրքիր չեն աշխարհին, ուստի, ամենևին էլ պետք չէ խաբվել, թե նրան դրսում ծափահարում են։
«Եվրոպայում հնչած վերջին ծափահարությունների վերաբերյալ ասեմ, որ ծափահարողներից շատերը հանդիսանում են Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ, որը հստակ հայտարարել է՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է։ Ավելին ասեմ, նույն ծափահարողներից շատերը նշում են, որ իրենք ծափահարում էին ոչ թե Փաշինյանին, այլ հայ ժողովրդին՝ իր կրած զրկանքների համար»,- ասաց Մամիջանյանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի խոսքով` Փաշինյանի նպատակը միայն սեփական իշխանությունը պահելն ու էմոցիաներ վաճառելն է՝ այդ վաճառքում էլ առաջխաղացում ունենալով, ինչպես անում են ամենասովորական SMM-շիկները: Ակնհայտ է, որ Հայաստանն Ադրբեջանից սահմանագծվելու և սահմանազատվելու է նույն տրամաբանությամբ՝ չգիտակցելով ամեն մի ստրատեգիական բարձունքի կարևորությունը։
«Նոր տարածքներ կկորցնենք՝ ավելի ստրատեգիական. նման կասկածներ ունեմ։ Հետո էլ ասում է՝ հայրենիքը պետությունն է. հարց՝ դրա համա՞ր ես մաս-մաս հանձնում»,- ասաց Մամիջանյանը՝ շեշտելով՝ Փաշինյանը ցանկանում է վերացնել մեր հայրենիքը՝ այդ նպատակը հետապնդելով է, որ պղծեցին մեր ազգի հերոսների կենսագրությունները։
«Ինչ Փաշինյանը եկել է, ամեն ինչ արել է, որ մեր ազգը հերոս չունենա. պղծել է, օրինակ, Մոնթե Մելքոնյանի կերպարը՝ փորձելով ինքը նրան նմանվել, հետո փառապանծ հերոսներին սկսեց ներկայացնել՝ որպես հանցագործներ։ Հարց եմ տալիս՝ որտե՞ղ է տուշոնկայի գողը, որտե՞ղ է Յուրի Խաչատուրովի վերաբերյալ դատավճիռդ, ի՞նչ վիճակում է նրա որդին՝ Գրիշա Խաչատուրովը։ Ամեն մեկին մի կեղտ են կպցրել»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։
Հայկ Մամիջանյանն ամփոփելով միտքը՝ շեշտեց՝ Փաշինյանի վրա արել են երկիրը ծախելու խաղադրույք, բայց ընտրել են նրան, որովհետև առաջինը հենց ինքն է դրան իր համաձայնությունը տվել։
«Փաշինյանին թվում է, եթե իրեն ներվեց 44-օրյա պատերազմում պարտությունը, դրանից հետո ամեն ինչ է ներվելու։ Փաշինյանը հո լա՞վ գիտի, որ իրեն ատում են։ 2018 թվականին մասնակցածների ահռելի տոկոսն արդեն ամաչում է, որ նրան աջակցել է։ ՔՊ-ական լինելը դարձել է խարան, նիկոլական բառը՝ ամենավատ հայհոյանքներից մեկը»,- միտքը եզրափակեց պատգամավորը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։