
Ոստիկանությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հորդորում է կամավոր հանձնել իրենց մոտ ապօրինի պահվող զենքն ու ռազմամթերքը

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հորդորում է իրենց մոտ ապօրինի պահվող զենքը և ռազմամթերքը ներկայացնել ոստիկանություն։ Այս մասին ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել․
«Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՆԳՆ ոստիկանություն
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում զենքի շրջանառությունը ներառում է զենքի պահպանումը, հաշվառումը, կրումը, տեղափոխումը (փոխադրումը), օգտագործումը և այլն:
Հաշվի առնելով զենքի շրջանառության նկատմամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հսկողական լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հորդորում ենք իրենց մոտ ապօրինի պահվող զենքը և ռազմամթերքը ներկայացնել ՆԳՆ ոստիկանություն:
Հիշեցնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի համաձայն՝ ապօրինի կերպով զենք կրող, ինչպես նաև հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների շրջանառության կանոնները խախտած անձինք նշված առարկաները մինչև իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը հանձնելու դեպքում ազատվում են քրեական պատասխանատվությունից»,- ասված է հայտարարության մեջ:
Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 30-ին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների մոտ կա բավականին մեծ քանակությամբ և՛ օրինական, և՛ անօրինական զենք: Նա նշել էր, որ ունեն որոշակի օպերատիվ տեղեկություններ, գործընթացը մշակման փուլում է։ Վահե Ղազարյանը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին հորդորել էր կամավոր հանձնել ապօրինի պահվող զենքերը։