ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն անցնում է քրեական գործով. բացահայտում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, որն աչքի է ընկնում ուժային կառույցների ղեկավարների նկատմամբ հատուկ ուշադրությամբ, իրականում իր լուրջ պատճառներն ունի:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե հետեւյալ բովանդակությամբ. «Հարգելի՛ պարոն Քյարամյան, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի՝ առ այն, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է: Հաշվի առնելով այդ իրողությունը, համաձայն ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, խնդրում եմ տեղեկացնել.

Ի՞նչ գործ է եղել հարուցված, որով անցել է Արփի Դավոյանը:

Ի՞նչ կարգավիճակ է նա ունեցել քրեական գործով:

Եթե քրեական գործ հարուցված չի եղել, ի՞նչ քննություն է տարվել:

Ի՞նչ փաստական հանգամանքներ են պարզվել Արփի Դավոյանի գործունեության մասով»:

ՀՀ քննչական կոմիտեից, ի պատասխան մեր գրության, ստացել ենք աղքատիկ տեղեկություններ. «ՀՀ ՊԵԿ քննչական վարույթում քննված քրեական վարույթով Արփինե Դավոյանը հարցաքննվել է որպես վկա։ Նկատի ունենալով, որ ներկայումս շարունակվում է հիշյալ քաղաքական վարույթի նախաքննությունը՝ ուստի հարցման մեջ բարձրացված մյուս հարցերի պատասխանները հրապարակման ենթակա չեն, քանի որ հանդիսանում են նախաքննական գաղտնիք»:

Այսպիսով, Արփի Դավոյանը, որ օրուգիշեր ԱԺ ամբիոնից բարոյախրատական դասեր է տալիս ընդդիմախոսներին, քրեական գործով վկա է անցնում:

Իհարկե, վկայից մեղադրյալ մեկ քայլ է, բայց թերեւս ոչ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը կհետեւի այս քրեական գործի քննությանը եւ ավարտին»:

Տեսանյութեր

Լրահոս