Իսրայելը Գազայում գործողության ժամանակ ազատել է գերի զինվորներից մեկին
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայում գործողության ընթացքում ազատել է շարքային կին զինվոր Օրի Մեգիդիշին։
Մեգիդիշին ազատել են հոկտեմբերի 29-ի գիշերը, այդ մասին Իսրայելի պաշտպանության բանակը և Անվտանգության ծառայությունը հայտարարություն են տարածել հոկտեմբերի 30-ին։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալները Օրի Մեգիդիշին առևանգել էին հոկտեմբերի 7-ին Իսրայել ներխուժման ժամանակ։ Այժմ նա իր ընտանիքի հետ է։ Բուժզննման արդյունքների համաձայն՝ զինվորի առողջական վիճակը լավ է։
Իսրայելի պաշտպանության բանակի և Անվտանգության ծառայության հայտարարությունում նշվում է, որ կգործադրվի յուրաքանչյուր ջանք՝ ազատ արձակելու մնացած գերիներին։ Ըստ վերջին տվյալների՝ ՀԱՄԱՍ-ի մոտ գերի է պահվում Իսրայելից առևանգված 239 մարդ։
ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը Al Jazeera հեռուստաընկերությանը հայտնել է, որ պատրաստ է իսրայելական կողմի հետ գերիների փոխանակում կատարել։ Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել գերիներին՝ Իսրայելում բանտարկված բոլոր պաղեստինցիների վերադարձի դիմաց։
Իսրայելն ընդլայնել է իր ցամաքային գործողությունները Գազայի հատվածում։ Երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Գազայում ռազմական գործողության 3-րդ փուլի մեկնարկի մասին։