Եթե կողմերը հրաժարվում են Մոսկվայում կամ Բրյուսելում բանակցություններից, չի բացառվում, որ արդեն իսկ բանակցվածը զրոյանա․ վերլուծաբան

«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են»,- այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում 2024թ. պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Եթե կողմերը հավատարիմ եմ մնում այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական»,- ասել է նա։

Փաշինյանը հիշեցրել է, թե որոնք են այդ սկզբունքները. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ ՀՀ տարածքը 29,800 քառակուսի կմ է, Ադրբեջանինը՝ 86,600 քառակուսի կմ։

Այս թվերի ճշգրտությունը նաև քննադատությունների առաջիկա թիրախ է դառնում, կլոր թվերի նկատմամբ ավանդական անվստահությունն այստեղ է աշխատում։ Երկրորդ սկզբունքով կողմերը համաձայնվում են դելիմիտացիա իրականացնել Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Սա նշանակում է ելնել այն իրողությունից, որ Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցած ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ, որոնց անխախտելիությունը ճանաչել են Ալմաթիի հռչակագրով»։

Խոսելով երրորդ սկզբունքի մասին, նա ասել է, որ այն ներառված է առաջին ու երկրորդ սկզբունքների մեջ. «Այդ սկզբունքով բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները կողմերի ինքնիշխանության իրավազորության հիման վրա և այդ կոմունիկացիաները գործելու են փոխադարձության և հավասարության հիմունքներով։ Այս սկզբունքի վերաբերյալ մեր դիրքորոշումները մենք վերջերս ամփոփեցինք՝ խաղաղության խաչմերուկ նախագծին ամբողջական տեսք տալով»։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվել է խաղաղության ճանապարհային քարտեզ։

Նա ընդգծել էր, որ ճանապարհային քարտեզն արտահայտվել է նաև Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ, և վստահություն հայտնել, որ այն բեկում կապահովի խաղաղության գործընթացում։ «Հայաստանը ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերը նշված սկզբունքներին իր հավատարմությունը»,- շեշտել էր նա։

Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բանակցային բնականոն գործընթաց այս պահին չկա, քանի որ ադրբեջանական, ինչպես նաև հայկական կողմերը հրաժարվում են հանդիպումներից, առաջինը՝ Արևմուտքում, երկրորդը՝ Բիշքեկում։

Ըստ նրա, սա նշանակում է, որ ինչ-որ կարևոր հարցում կամ հարցերում չկա փոխըմբռնում։

«Երբ չկա փոխըմբռնում, բանակցային օրակարգը ևս կարող է զրոյացվել կամ բովանդակությունը փոփոխվել, եթե բանակցություններն Արևմուտքից տեղափոխվեն մեկ այլ մայրաքաղաք։ Իհարկե, պատահական չէ, որ անընդհատ հայկական կողմը նշում է, որ կա ճանապարհային քարտեզ, կան համաձայնեցված սկզբունքներ, սա ասվում է, քանի որ կա մտավախություն, որ այն կարող է կորսվել, երևի թե այդ օրակարգը հայկական կողմի համար կարևոր է։ Իսկ դա բանակցվել է Բրյուսելում։ Սակայն Ադրբեջանը չի ցանկանում այս պահին բանակցել այդ օրակարգով կամ այդ բանակցային հարթակում, ինչը նշանակում է, որ այն, ինչ համաձայնեցվել է, կարևոր չէ ադրբեջանական կողմի համար, քանի որ Ադրբեջանը բանակցություններն իր համար այնպես կազմակերպեց, որ փուլ առ փուլ հասավ իր նպատակներին։ Ադրբեջանի համար ԼՂ հարցի լուծումից հետո կարևորը ճանապարհների հարցն էր և միջանցքը, այս հարցում հասկանալի չդարձավ, թե ինչպես ձևավորվեցին դիրքորոշումները և թե ներկայումս ինչ դիրքորոշում ունի Ադրբեջանը, քանի որ ճանապարհ է բացվում Իրանի հետ, ինտենսիվ երկկողմ աշխատանքներ են ընթանում։ Հասկանալի չէ՝ Ադրբեջանը հրաժարվե՞լ է այդ գաղափարից, թե՞ ոչ, սա էական է՝ հասկանալու համար, թե Ադրբեջանն ինչ է ակնկալում ռեգիոնալ միջնորդական հարթակներից։ Սա, որքանով հասցրել եմ հետևել և հասկանալ, այս փուլում ամենաորոշիչ հարցն է, որն ազդում է կողմերի դիրքորոշումների վրա»,- նկատեց վերլուծաբանը։

Ըստ նրա, ռեգիոնալ զարգացումները, հատկապես հիմա, երբ իսրայելապաղեստինյան պատերազմն ընթացքի մեջ է, պետք է դիտարկել այդ կոնտեքստում։

«Ուշադրություն դարձրեք, թե ինչ հայտարարություններ են անում Իրանն ու Թուրքիան, ինչպես են դիտարկում այս հարցում Արևմուտքին և ռեգիոնում ինչպես են կազմակերպվում Արևմուտքի դեմ։ Բնականաբար՝ Ռուսաստանը ևս։ Սա չի կարող չանդրադառնալ կողմերի դիրքորոշումների վրա, Ադրբեջանը ևս դիրքավորվում է ռեգիոնալ տիրույթում, իսկ Երևանը՝ արևմտյան։ Սակայն սա կարող է ժամանակավոր լինել՝ կախված աշխարհաքաղաքական զարգացումներից։ Սրանով է պայմանավորված հանգամանքը, որ Երևանը չի ցանկանում, սակայն մասնակցում է 3+3 հարթակին։ Այս իրավիճակում այս հարթակի հեռանկարն ավելի է ամրապնդվում»,- նման կարծիք հայտնեց փորձագետը։

Նա այն կարծիքին է, որ քանի դեռ ստորագրված փաստաթուղթ չկա, համաձայնեցումներից խոսելը նման լարված իրավիճակում, երբ ըստ էության որևէ պայմանավորվածություն չի հարգվել, տեղին չէ։

«Չի հարգվել, քանի որ եղել է վստահություն, որ որևէ միջնորդ չի լինելու այդքան հետևողական, որպեսզի կետ առ կետ բոլոր պայմանավորվածություններն իրագործվեն։ Այսօր ևս ոչինչ չի փոխվել, ավելին՝ աշխարհաքաղաքական «զբաղվածությունն» ավելացել է ու շարունակելու է ավելանալ, իսկ Հարավային Կովկասի վերաբերյալ ակնկալիքը լինելու է հնարավորինս արագ բոլոր հարցերի «փակումը»»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս