Ստեփանակերտի քաղաքապետը մինչև նոյեմբերի 1-ը կշարունակի հավաքագրել Ստեփանակերտի բնակիչների տվյալներն ու կհանձնի հատկացված սենյակը

Հոկտեմբերի 19-ին տեղեկացվեց՝ Արցախի տեղեկատվական շտաբը փակվում է: Երևանի Խ. Աբովյան 9 հասցեում գործող Արցախի օպերատիվ շտաբը, որը բացվել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ արցախահայության խնդիրներով զբաղվելու նպատակով, դադարեցրել է աշխատանքները։ Իսկ Արցախից բռնի տեղահանվածներին աջակցության, այդ թվում՝ առողջապահական, կրթական, սոցիալական օգնության և համանման այլ հարցերով աշխատանքները շարունակում է համակարգել Հայաստանի Հանրապետության կառավարության Հումանիտար կենտրոնը։

Նույն հասցեում է գտնվում Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին հատկացված սենյակը, որտեղ նա հավաքագրում է Ստեփանակերտի բնակիչների  վերաբերյալ բոլոր տվյալները։

Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում Դավիթ Սարգսյանն ասել էր, որ Ստեփանակերտի բնակիչները ՀՀ տարբեր մարզերում ու Երևանում են գտնվում։

«Հիմա ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբում առանձին սենյակ ենք վերցրել, մեր բոլոր աշխատողներին հավաքում ենք իրար գլխի, որ հասկանանք՝ մեր բնակիչներից ով որտեղ է գտնվում։ Ես միայն Ստեփանակերտի բնակիչներով եմ զբաղվում, քանի որ Արցախի յուրաքանչյուր համայնքի ղեկավար իր համայնքի բնակիչների ճակատագրով հետաքրքրվում է։ Հազարավոր բնակիչներ այս պահին ՀՀ-ում իրենց բարեկամի կամ ծանոթի տանն են ժամանակավոր ապրում»,- ասել էր Ստեփանակերտի քաղաքապետը։

Կարդացեք նաև

168.am-ն օրերս Արցախի օպերատիվ շտաբի փակվելուց հետո Դավիթ Սարգսյանից հետաքրքրվեց՝ իրենց հատկացված սենյակը նո՞ւյնպես վերցրել են։

«Այս պահին մենք մեր աշխատանքները շարունակում ենք, մինչև ամսի 1-ը ես իմ քաղաքապետի աշխատանքը շարունակում եմ այս տարածքում։ Կաշխատեմ այնքան ժամանակ, մինչև բոլոր տվյալները հանձնեմ։ Մենք նույն տարածքում ենք, բայց օպերատիվ շտաբի հետ կապ չունեինք։ Ամսի 1-ին բոլոր տվյալները կհանձնեմ ՀՀ Կառավարության հումանիտար կետրոնին»,- նշեց Դավիթ Սարգսյանը։

Առայժմ պարզ չէ, թե  նոյեմբերի 1-ից հետո Արցախի օպերատիվ շտաբում հավաքված աշխատողներն ինչով են զբաղվելու, Ստեփանակերտի քաղաքապետն էլ չգիտի, թե ինչով է զբաղվելու, որտեղ է աշխատելու:

Տեսանյութեր

Լրահոս