«Չենք պատկերացնում՝ հետագան ինչ է լինելու». Արցախից բռնի տեղահանված Աննան ու 3 անչափահաս եղբայրները հոր զոհվելուց հետո մնացել են միայնակ

Սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը 100 հազարից ավելի խաղաղ բնակիչների դարձրեց գաղթական։ Ադրբեջանը պատերազմի ու ցեղասպանության վտանգի տակ Արցախում իրականացրեց էթնիկ զտում։ Արցախի պաշտպանության ժամանակ մարտիրոսվեցին տասնյակ հայորդիներ, նրանցից մեկն էլ Վովա Ավանեսյանն էր՝ աշխարհազորային։ Սեպտեմբերի 19-ին պատերազմը սկսվելու հենց առաջին վայրկյանին գնացել էր դիրքեր՝ հայրենի Մարտակերտն ու մյուս բնակավայրերը թշնամու ներխուժումից պաշտպանելու համար։ Ցավոք, և՛ նա զոհվեց, և՛ Արցախը կորսվեց։

Ինչպես հազարավոր արցախցիներ, այնպես էլ Վովա Ավանեսյանի ընտանիքը՝ չորս երեխաները, բռնի տեղահանվեցին Արցախից։

168.am հետ զրույցում Վովա Ավանեսյանի ավագ դուստրը՝ Աննա Ավանեսյանը, պատմեց, որ երեք անչափահաս եղբայրների հետ հոր մահից հետո մնացել են միայնակ, ապրում են հոր երկրորդ կնոջ հետ Երևանում՝ 2 սենյականոց բնակարանում, որի համար վճարում են 250 հազար դրամ։

«Ապրում են միայն այն աջակցությամբ, որը տալիս են:  Պետությունից տված գումարը միայն ես եմ ստանում, հայրիկս որ զոհվել է, այդ գումարն այլևս ոչ մեկը չի կարողանում ստանալ։ Սեպտեմբերի 19-ին է հայրս զոհվել, աշխարհազորային էր։

Կարդացեք նաև

Երբ պատերազմը սկսվեց, ես Ստեփանակերտում էի, Մարտակերտում երեք եղբայրներս էին, 17 տարեկան եղբայրս է հանել 14 և 10 տարեկան մյուս եղբայրներիս»,- նշեց Աննան։

19-ամյա աղջիկն ասաց նաև, որ պետությունից ստացած գումարը չի բավարարում և տան վարձ տալու, և օրվա ապրուստը հոգալու համար։

«Հայրիկս մեզ գումար էր թողել, բայց երբ տուն վարձեցինք, մեզանից միանգամից 2 ամսվա վարձ ուզեցին, եղած գումարը՝ 500 հազար դրամ, տվեցինք, որ տուն վարձենք։ Եղբայրներիցս երկուսը դպրոց են ընդունվել, մյուս եղբայրս և ես հաճախում ենք քոլեջ։ Ինքս նաև մատնահարդար եմ, 2020 թվականից աշխատում էի և տանը, և վարսավիրանոցում։ Բայց երբ դուրս եկանք Արցախից, ես որևէ գործիք, նյութ չեմ բերել, եթե լինեն այդ գործիքները, հիմա էլ կաշխատեմ»,- նշեց Աննան։

Նրա խոսքով՝ առաջնահերթ խնդիրը, որը հրատապ լուծելու կարիք ունի՝ տան վարձն է, քանի որ, երբ երկու ամիսը լրանա, չգիտեն, թե 250 հազար դրամ որտեղից պետք է գտնեն։

Հարազատներ չունեն, միայն հոր երկրորդ կինն է, որի հետ դուրս են եկել Արցախից, այլ բարեկամ չունեն Երևանում, որ դիմեն աջակցություն ստանալու համար:

«Դեռ անորոշության մեջ ենք, չենք պատկերացնում, թե հետագան ինչ է լինելու»,- ասաց Աննա Ավանեսյանը։

Տեսանյութեր

Լրահոս