«Տարածաշրջանում առանց ճանապարհների բացման դժվար կլինի կառուցել խաղաղություն». Նիկոլ Փաշինյան
Տարածաշրջանում առանց ճանապարհների բացման դժվար կլինի կառուցել խաղաղություն։ Այս մասին Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ «Մետաքսի ճանապարհ» պատմական տերմինը բոլորի մոտ ասոցացվում է բարեկեցության, խաղաղության, զարգացման ու համագործակցության հետ։
«Հետևաբար, եթե բանուկ, ակտիվ ճանապարհը համագործակցության, խաղաղության, հաջողության նշան է, ապա փակ ճանապարհները վկայում են պրոբլեմների մասին։ Մենք սա գիտենք սեփական օրինակով։ Մեր 4 հարևաններից 2-ի հետ մեր ճանապարհները բաց են, ինչը վկայում է նրանց հետ մեր ունեցած հարաբերությունների բարեկամական լինելու մասին։Մեր հարևաններից 2-ի հետ մեր ճանապարհները փակ են, ինչը հարաբերություններում առկա բարդությունների շատ խոսուն վկայություն է »,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց` ակնհայտ է, որ Հարավային Կովկասն ունի հաստատուն խաղաղության կարիք։ Իսկ խաղաղությունը մի վիճակ է, երբ երկրներն ապրում են բաց սահմաններով ՝ տնտեսական, քաղաքական, մարդկային կապերով կապված, և բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով, երկոսությամբ լուծելու փորձ և ավանդույթ կուտակած։
«Սա է իրական խաղաղությունը, և, ինչպես տեսնում եք, բաց սահմանները, տնտեսական, քաղաքական, մշակութային կապերը հնարավոր չեն առանց ճանապարհների։ Այս է պատճառը, որ մեր կառավարությունը մշակել ու ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս»,- ասաց Փաշինյանը։