WSJ-ի հետ զրույցում Փաշինյանը հիշեցրել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ պատմական հարաբերությունների մասին

Ռազմական դաշինքով և տնտեսական միությամբ Ռուսաստանի հետ կապված Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում, քանի որ Մոսկվան չի կատարել իր դաշնակցային պարտավորությունները, հատկապես անցյալ ամիս Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավման ժամանակ, Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ հարցազրույցի ընթացքում ասել է  Նիկոլ Փաշինյանը։

«Այս իրադարձությունները, ըստ էության, հանգեցրին մի որոշման, որ մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր հարաբերությունները անվտանգության ոլորտում, և մենք հիմա փորձում ենք անել դա», – ասել է նա։ Փաշինյանը հավելել է, որ այս պատճառով ինքը որևէ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությունը շարունակելու մեջ։

Հարցազրույցում Փաշինյանն ասել է, որ շարունակում է լավատեսորեն նայել առաջիկա ամիսներին Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման հասնելու հեռանկարին։ Տարածաշրջանի ապագան, ըստ նրա, պետք է լինի փակ սահմանների և առևտրային ճանապարհների բացումը՝ ներառյալ Թուրքիայի և Ադրբեջանի միջև Հայաստանով անցնող ճանապարհային կապը, քանի դեռ հարգվում է Հայաստանի ինքիշխանությունը։ «Անվտանգությունը պետք է ապահովվի ոչ միայն բանակի, այլև տարածաշրջանային խաղաղության միջոցով», – ասել է նա։

Ռուսաստանի հետ պատմական հարաբերությունների մասին հարցին ի պատասխան Փաշինյանը հորդորել է դրա փոխարեն ուշադրություն դարձնել թյուրքական պետությունների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունեցած ավելի տևական պատմության վրա։ «Այստեղ են բոլոր հարցերը, և այստեղ են բոլոր հարցերի պատասխանները», – ասել է նա,- «Նախևառաջ պետք է աշխատենք մեր տարածաշրջանային հարաբերությունները բարելավելու ուղղությամբ»։

Անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացիան, որին ձգտում է Հայաստանը, հավելել է Փաշինյանը, պետք է հասկացվի որպես տևական տարածաշրջանային խաղաղության հասնելու ձգտում, ոչ թե ընդամենը արմտյան ռազմաբազաների և զենքերի տեղակայման պատրվակ։

Նշենք, որ հարցազրույցի ամբողջական տարբերակը կհրապարակվի Հայաստանի ժամանակով 22։00-ին։

Տեսանյութեր

Լրահոս