Կեղտոտ խաղեր կամ ծայրագավառը ծերերի համար

«Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամ Հայաստան» կազմակերպությունը հրապարակել է բավական խորքային հետազոտություն՝ «(ԱՆ)ԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՈՒՆԴ, ՀԱՅԱՍՏԱՆ» խորագրով։  Ուսումնասիրության նպատակն է վեր հանել՝ որո՞նք են Հայաստանի երիտասարդության մտահոգությունները, ձգտումներն ու արժեքները 2018 թվականի թավշյա հեղափոխությունից, 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից և Covid-19 համաճարակից հետո։

Հետազոտությունը բավական բազմաշերտ է և կարող է հետաքրքիր լինել ամենատարբեր դիտանկյուններից երիտասարդության ներկայիս խնդիրներն ու մտահոգությունները քննարկելու համար։ Դրանում ամենաուշագրավ և միևնույն ժամանակ մտահոգիչ ցուցանիշներից մեկը վերաբերում է երիտասարդության ներգրավվածությանը քաղաքական կյանքին և ընդհանրապես երիտասարդության հետարքրքրվածությանը քաղաքականությամբ։ Տվյալները, ըստ էության, շոկային են։

Այսպես, հայ երիտասարդության կեսից ավելին հիմնականում չի հետաքրքրվում քաղաքականությամբ։ Հարցվածների գրեթե երկու երրորդն ասել է, որ իրենք ընդհանրապես չեն հետաքրքրվում քաղաքականությամբ (59.1%)։ Բարձրագույն կրթությամբ հարցվածները (ներառյալ՝ թերի բարձրագույն) համեմատաբար ավելի քիչ են հայտնել, որ իրենք չեն հետաքրքրվում քաղաքականությամբ (52.1%), քան նախնական, ոչ լրիվ և ավարտած միջնակարգ կրթություն ունեցողները (63.1%)։ Անկախ սեռից կամ զբաղվածության կարգավիճակից, մեծամասնությունը գրեթե նույն աստիճանի հետաքրքրություն է հայտնում քաղաքականության նկատմամբ։ Հետաքրքիր է, որ մինչև 17 տարեկան հարցվածներն ավելի քիչ են քաղաքականապես անտարբեր (54.7%), քան ավելի բարձր տարիքային խմբերի մարդիկ (61.5% և 62.1%)։

Իսկ ամենազարմանալի տվյալներից մեկն այն է, որ հարցումների աշխարհագրության համաձայն, Երևանի երիտասարդներն ավելի շատ են անտարբեր քաղաքականության նկատմամբ (65.3%), քան այլ քաղաքներում և գյուղերում (57.3% և 60.0%)։

Կարդացեք նաև

Այս հետազոտության արդյունքներին առաջին, մակերեսային արձագանքը կարող է լինել հասարակությանն ուղղված հերթական մեղադրանքը, տվյալ դեպքում՝ երիտասարդների պախարակումն այն լեյտմոտիվով, որ «երիտասարդներն անտարբեր են քաղաքականության նկատմամբ, այդ պատճառով էլ պետությունն այս ողբերգական վիճակում է»։

Այդպիսի մեղադրանքներում, իհարկե, կա ճշմարտության որոշակի չափաբաժին, և դա շատ ձեռնտու է առաջին հերթին՝ քաղաքականությամբ զբաղվողների, կուսակցականների համար, ովքեր իրենց անարդյունավետությունը կփորձեն պայմանավորվել հանրային պասիվությամբ։ Մյուս կողմից, սակայն, եթե խնդիրը ոչ թե այս կամ այն քաղաքական ուժին արդարացնելն է, այլ հասարակության, առաջին հերթին՝ երիտասարդների շրջանում առկա տրամադրությունների տարբեր դրսևորումները հասկանալը, ապա անհրաժեշտ է փոխել հարցադրման ուղղվածությունը և փորձել ոչ միայն և ոչ այնքան՝ մեղադրել երիտասարդությանը, այլ բացատրել նրա անտարբերության պատճառը։ Արդյո՞ք հայ երիտասարդությունն այնքան վատն է, այնքան ցածր արժեքներ է դավանում, այնքան նյութապաշտ է, որ դրա կեսից ավելին թքած ունի երկրի ճակատագրի վրա, թե՞ գուցե կա նաև հակառակ պատճառահետևանքային կապը։ Իսկ հնարավոր չէ՞ արդյոք, որ հայ երիտասարդության կեսից ավելին անտարբեր է քաղաքականության նկատմամբ ոչ թե անհայրենիքության բերումով, այլ՝ որովհետև նրա համար գրավիչ չէ, հետաքրքիր չէ կուսակցական համակարգի կողմից ներկայացվող քաղաքական առաջարկը։

Քաղաքականության մեխանիզմի հիմքում, ոչ, իհարկե, ուղղակիորեն գործարարության մոդելով, այդուհանդերձ ընկած է առաջարկի և պահանջարկի ալգորիթմը։ Քաղաքական օրակարգը, քաղաքական կյանքն ընդհանուր առմամբ գոյանում է հանրության կողմից տարբեր խողովակներով ներկայացվող քաղաքական պահանջարկի ու կուսակցական համակարգի կողմից  այն սպասարկելուն ուղղված առաջարկի հարաբերակցությամբ։ Հարաբերականորեն առողջ, կենսունակ քաղաքական համակարգ կարող է լինել միայն այն դեպքում, երբ վերջինս եթե ոչ՝ ամբողջությամբ, ապա՝ գոնե նկատելի չափով բավարարում է հանրության ամենատարբեր շերտերի, այդ թվում ու առաջին հերթին՝ երիտասարդության քաղաքական պահանջարկը։ Ահա այս հարթությունում երիտասարդության կեսից ավելիի քաղաքական անտարբերության խնդրի դիտարկումը պետք է ստիպի դրա պատճառները որոնել ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան՝ երիտասարդության որակներում, որքան քաղաքական համակարգում, որը, ըստ ամենայնի, չի կարողանում ներկայացնել երիտասարդությանը հավաքականորեն հետաքրքիր, նրա համար գրավիչ քաղաքական առաջարկ։

Չնայած նրան, որ հանրությունը, այդ թվում՝ նաև երիտասարդությունը, ունի բազմաթիվ խնդիրներ, արժեքային ու գաղափարական խեղումներ և այլն, այդուհանդերձ պրոբլեմների հիմքն ավելի մեծ չափով հենց քաղաքական համակարգում է, կուսակցական էլիտաներում ու առաջնորդությունում։ Քաղաքական համակարգը լայն իմաստով մեկուսացած է հանրությունից, գործում է այլ հարթությունում ու իրականությունում, որը գործնականում չի հատվում այն իրականության հետ, որում ապրում է հանրությունը, այդ թվում՝ երիտասարդությունը։

Այս ցուցանիշների պատճառների վերհանումն ու քննարկումն ընդհուպ ազգային անվտանգության կարևորության խնդիր է, քանի որ հասարակությունը, որի ակտիվ անդամների կեսից ավելին հետաքրքրված չէ քաղաքականությամբ, չի կարող նաև մրցունակ ու հզոր պետության պահանջատեր լինել։ Բայց կրկին, այդ արձանագրումից պետք չէ բխեցնել երիտասարդության տոտալ ու կործանարար անտարբերության իրողությունը և եզրակացնել, որ երիտասարդությունը չի ուզում մրցունակ պետություն։ Առնվազն նույնքան տեղին կարող է լինել եզրահանգումը, որ  բոլոր նրանք, ովքեր կոչված են մշակելու այդպիսի պետության համար անհրաժեշտ քաղաքականություն, չեն ներկայացնում այնպիսի քաղաքական բովանդակություն, որը կապահովվի երիտասարդության մասնակցայնությունը հանրային ու պետական կյանքին։

Սրանք հարցեր են, որոնք, նորմալ պետության ու քաղաքական համակարգի առկայության դեպքում, պետք է լինեին հանրային-քաղաքական դիսկուրսի առաջնային քննարկելիքը, բայց Հայաստանում նման բան տեղի չի ունենում, որովհետև դիսկուրս կոչվածը լցված է տեղեկատվական աղբով, որը քննարկողներին ապահովում է դիտելիություն ու հավանումներ՝ լայքեր, միևնույն ժամանակ՝ խորացնելով այն անդունդը, որում իրական քաղաքական բովանդակության բացակայության պատճառով հայտնվել է պետությունը։

Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա այն երիտասարդության պասիվության ամենամեծ շահառուն է, քանի որ քաղաքականությամբ չհետաքրքրվող երիտասարդությունն անտարբեր է այն ամենի հանդեպ, ինչ պաշտոնյաներն անում են պետության հետ։ Ճակատագրի հեգնանքով, խոսքը մի իշխանության մասին է, որի ներկայացուցիչները փողոցից կառավարական առանձնասենյակներում են հայտնվել առավելապես երիտասարդության աջակցությամբ, որին, փաստորեն, ինչպես ցույց տվեց կյանքը, նրանք ընդամենն օգտագործել են ամենակեղտոտ ձևով։ Այն, որ նրանք այսօր իշխանությունը պահպանում են,  այդ թվում՝ նաև իրենց կողմից օգտագործված երիտասարդության պասիվության շնորհիվ, իհարկե, անբարոյական է ու ցինիկ։ Բայց մյուս կողմից՝ բարոյականությունն ու առաքինությունը երբեք բնորոշ չեն եղել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, և նրանք օգտագործել են երիտասարդությանն այնպես, ինչպես ժամանակին իրենք են օգտագործվել այլոց կողմից։

Հարություն Ավետիսյան  

Տեսանյութեր

Լրահոս