Երկու ամսում շուրջ 1000 աշխատատեղ է կրճատվել, նաև աշխատավարձն է նվազել

Նիկոլ Փաշինյանը, որ այդքան սիրում է խոսել աշխատատեղերի ու աշխատավարձերի ավելացումների մասին, վերջին ամիսներին դադարել է անդրադառնալ դրանց։ Ոչ թե նրա համար, որ ժամանակ չի ունեցել կամ նպատակահարմար չի համարել, այլ, որովհետև աշխատատեղերը կրճատվել են, իսկ աշխատավարձերը՝ նույնիսկ նվազել։

Երկու ամիս անընդմեջ պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում աշխատատեղերի նվազում է արձանագրել։ Գրանցված աշխատատեղերը կրճատվել են՝ ինչպես հուլիսին, այնպես էլ՝ օգոստոսին։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հունիսին Հայաստանում գրանցված է եղել 725 հազար 972 աշխատող։ Հուլիսին գրանցված աշխատողների թիվը կազմել է 725 հազար 711։ Այլ կերպ՝ նվազել է 261-ով։

Օգոստոսին ևս աշխատատեղերը կրճատվել են։ Բայց ոչ միայն կրճատվել են, այլև կրճատման տեմպը մի քանի անգամով արագացել է։ Հուլիսի համեմատ՝ օգոստոսին 718-ով պակաս աշխատատեղ է գրանցվել։ Հուլիսին եղել է 725 հազար 711 աշխատատեղ, օգոստոսին մնացել է 724 հազար 993-ը։

Կարդացեք նաև

Երկու ամսվա ընթացքում՝ խոսքը հուլիս-օգոստոսի մասին է, հայտարարագրված, կամ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում ասել, աշխատավարձ ստացող աշխատողների քանակը Հայաստանում կրճատվել է 979-ով։

Շա՞տ է, թե՞ քիչ, ինքներդ որոշեք։ Փաստն այն է, որ երկու ամսում գրեթե հազար մարդ զրկվել է աշխատավարձի տեսքով եկամուտ ստանալու ու իր սոցիալական կարիքները բավարարելու հնարավորությունից։

Բայց խնդիրը միայն աշխատատեղերի կրճատումը չէ, որն արձանագրվել է հուլիս-օգոստոսին։ Նաև աշխատավարձերն են նվազել։

Մասնավորապես՝ օգոստոսին միջին աշխատավարձը Հայաստանում ավելի ցածր է եղել, քան հուլիսին էր։

Հուլիսին այն կազմել էր 269 հազար 729 դրամ, արդեն օգոստոսին կազմել է 265 հազար 471 դրամ։

Մեկ ամսվա ընթացքում միջին աշխատավարձը նվազել է 4 հազար 258 դրամով կամ 1,6 տոկոսով։

Օգոստոսի նվազումն ավելի մեծ է, քան հուլիսին արձանագրված բարձրացումը։

Հուլիսին այն բարձրացել էր գրեթե 2 հազար դրամով, օգոստոսին նվազել է ավելի քան 4 հազարով, ինչ հետևանքով էլ օգոստոսին միջին աշխատավարձն ավելի ցածր է եղել, քան նույնիսկ հունիսին էր։

Հունիսին այն կազմել էր 267 հազար 691 դրամ, օգոստոսին կազմել է 265 հազար 471 դրամ։

Միջին աշխատավարձի նվազում է արձանագրվել՝ ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր հատվածում։ Հուլիսին պետականում միջին աշխատավարձը եղել է գրեթե 218 հազար դրամ, օգոստոսին դարձել է 208 հազար։

Մեկ ամսում պետական հատվածում 10 հազար դրամով միջին աշխատավարձը նվազել է։

Մասնավորում օգոստոսին միջին աշխատավարձի նվազումը կազմել է 2,3 հազար դրամ։

Բայց, ի տարբերություն պետականի, այստեղ նաև հուլիսին է նվազում գրանցվել։ Այդ ամսին էլ միջին աշխատավարձը նվազել էր գրեթե 3,2 հազար դրամով։

Ընդհանուր առմամբ երկու ամսում մասնավոր հատվածում միջին աշխատավարձը կրճատվել է 5,5 հազար դրամով։ Այս փոփոխությունների հետևանքով վերջին շրջանում նկատվում է նաև միջին աշխատավարձի տարեկան աճի տեմպի թուլացում։ Տարեսկզբին այն անցնում էր նույնիսկ 20 տոկոսից։ Հունիսից աճի տեմպը կտրուկ ընկել է։

Եթե մայիսին միջին աշխատավարձի աճը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել էր 18 տոկոս, արդեն հունիսին կազմեց 13,8 տոկոս, իսկ հուլիսին՝ 12,6 տոկոս։

Օգոստոսին, նախորդ տարվա օգոստոսի համեմատ, միջին աշխատավարձի աճը 10,7 տոկոս է։

Աճի տեմպը տարվա երկրորդ կեսին անհամեմատ ավելի ցածր է, քան տարեսկզբին էր։

Տարեսկզբին, երբ Նիկոլ Փաշինյանը հաճախակի էր խոսում աշխատավարձերի բարձր աճերի մասին, դրանց վրա մեծ էր անցած տարվա արտաքին շոկային գործոնների և ցածր բազայի ազդեցությունը։ Երբ այդ ազդեցություններն աստիճանաբար սկսեցին չեզոքանալ, միջին աշխատավարձի աճի տեմպը գնալով նստեց։ Առաջիկայում ևս այդպես կլինի։

Մի շարք ոլորտներում նկատելի է միջին աշխատավարձի աճի տեմպի կտրուկ թուլացում։

Դա երևում է առավելապես ՏՏ-ում, որտեղ անցած տարվա բուռն դրսևորումներից հետո, ինչը հիմնականում դրսից տեղափոխված բարձր վարձատրվող աշխատուժի ներհոսքի արդյունք էր, այս տարվա առաջին ութ ամիսներին միջին աշխատավարձի աճը կազմել է ընդամենը 7,7 տոկոս։

Հանքարդյունաբերության ոլորտում վերջին մեկ տարվա կտրվածքով աշխատավարձի աճը նույնիսկ 1 տոկոսի չի հասնում՝ պայմանավորված ոլորտում ի հայտ եկած ֆինանսական դժվարություններով ու դրամի ամրապնդման հետևանքով առաջացած խնդիրներով։

Տարեկան կտրվածքով միջին աշխատավարձի աճի տեմպը ցածր է նաև առողջապահության ու բնակչության սոցիալական սպասարկման ոլորտներում։ Մեկ տարվա ընթացքում այստեղ զբաղված քաղաքացիների աշխատավարձերի միջին աճը եղել է ընդամենը 2,7 տոկոս։

Այդքան խոսվում է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին, բայց տարվա կտրվածքով, այստեղ միջին աշխատավարձի աճը կազմել է հազիվ 6,6 տոկոս։

Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, նույնիսկ կրթության ոլորտի աշխատավարձերի նվազում է գրանցվել։ Եթե հուլիսին միջին աշխատավարձը կազմել էր գրեթե 148 հազար, օգոստոսին կազմել է 145,6 հազար դրամ։

Օգոստոսին կրթության ոլորտում ոչ միայն միջին աշխատավարձն է նվազել, այլև աշխատատեղերն են կրճատվել։

Աշխատատեղերը կրճատվել են նաև սպասարկման մի շարք հատվածներում, որտեղ, թվում է, ակտիվությունը բարձր է և հակառակը պիտի լիներ։

Աշխատանքի շուկայում ու հատկապես աշխատավարձերի ոլորտում վերջին ամիսներին նկատվող դրսևորումները գուցե նաև սեզոնայնության տարրեր ունեն։ Բայց կան նաև խորքային խնդիրներ, որոնք անկախ սեզոնայնությունից, սկսել են իրենց զգացնել տալ։ Դրանք առաջիկայում շատ ավելի ակնկառու կարտահայտվեին, եթե, իհարկե, չլիներ Արցախից տեղահանված և Հայաստանում հաստատված մեր ավելի քան 100 հազար հայրենակիցների գործոնը։ Այդ գործոնի ազդեցությունը դեռևս շուտ է գնահատել աշխատաշուկայի ու աշխատավարձերի առաջիկա միտումների վրա։ Բայց որ այն կլինի, կասկած չկա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս