
Սյունիքում ՌԴ գլխավոր հյուպատոսության վերաբերյալ ՀՀ համաձայնությունը ուժի մեջ է. ՌԴ ԱԳՆ

Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման վերաբերյալ ՀՀ համաձայնությունը մնում է ուժի մեջ՝ անկախ հարաբերություններում առկա իրավիճակից։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։
«Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հիմնման ծրագրերը որևէ փոփոխության չեն ենթարկվել։ Հայկական կողմի համաձայնությունը դրա բացելու վերաբերյալ ուժի մեջ է մնում։
Հյուպատոսության աշխատանքի մեկնարկի կոնկրետ ժամկետների մասին անպայման լրացուցիչ կտեղեկացնենք», – ասել է նա, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանը հետ է կանչել իր համաձայնությունը` հաշվի առնելով հարաբերություններում առկա ներկայիս իրավիճակը։
Հիշեցնենք, որ Սյունիքում ՌԴ հյուպատոսության հնարավոր բացման մասին առաջին անգամ մայիսի վերջին հայտնեց ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Պալտովը։ Նրա խոսքով` Մոսկվայում մայիսի 25-ին կայացած Փաշինյան–Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել այս նախաձեռնությանը։
ՀՀ ԱԳՆ–ն դրական էր արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։