Սամվել Շահրամանյանի հերթական բարդ քննությունը. ո՞ւմ փաստարկներն ուժեղ կլինեն՝ ի՞ր, թե՞ Սամվել Բաբայանի
Հոկտեմբերի 19-ին Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն արցախցիներին հուզող մի շարք հարցերի վերաբերյալ հրապարակային մեկնաբանությամբ է հանդես գալու:
Նույն օրը «Հայկական ժամանակը» հոդված էր հրապարակել՝ «Լուծարման հրամանագիրը կամովի՞ն որոշում է, թե՞ պարտադրել է երրորդ պետություն. հարցեր ՀՀ-ում գտնվող ԼՂ իշխանական էլիտային» վերնագրով, որտեղ մի շարք հարցադրումներ էին արվել:
Եվ այսօր ՀՀ-ում ԼՂ ներկայացուցչության դիմաց՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի դեմ բողոքի ակցիա էր կազմակերպվել։ https://168.am/2023/10/20/1946839.html Սամվել Շահրամանյանն ի պատասխան դիտարկմանը, որ անցած՝ ավելի քան 30 տարիների ընթացքում պայքարի արդյունքում ստեղծված հանրապետությունը լուծարվել է մի րոպեում, շեշտել է՝ Արցախի Հանրապետությունը չի լուծարվել:
«Այստեղ մարդ կա՞, որ տեսել է այդ փաստաթուղթը: Եթե կա, ապա պետք է իմանա, որ այդ փաստաթղթի հետ կապված ահագին հարցեր կան, որը ես այստեղ չեմ կարող ասել: Բայց, ես վստահեցնում եմ ձեզ, որ և՛ այս փաստաթղթի դրական կողմից ենք մենք տեղյակ, և՛ դրա բացասական կողմերին: Ոչ մի փաստաթղթով չի կարելի լուծարել ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը»,- շարունակել է Շահրամանյանը՝ հավելելով, որ այս ու մի շարք այլ հարցերի պատասխանն ինքը տալու է հրապարակային ձևով՝ Հանրային հեռուստատեսության տաղավարում:
«Առաջիկայում անդրադառնալու եմ և՛ այս փաստաթղթին, և՛ այն փաստաթղթին, որն ընդունվել է ռազմական գործողությունները կանգնեցնելու նպատակով: Այն, որ ամսի 20-ին՝ 24 ժամ հետո, ռազմական գործողությունները կանգնեցվել են: Դուք գիտեք, թե որտեղ է կանգնել: Թող որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, որ եթե մենք իմանայինք, որ մենք կկարողանային հաղթել այդ ռազմական գործողություններում՝ մենք մինչև վերջ կկանգնեինք: Մենք խնայել ենք մեր տղերքին, մենք խնայել ենք մեր քաղաքացիական բնակչության կյանքը, որը վտանգված է եղել: Եթե պատերազմը կանգնեցվեր մի ժամ ուշ, ապա կմտնեին քաղաք, կին ու երեխաներին կմորթեին»,- հավելել է Արցախի նախագահը, ով պարբերաբար ասում էր, որ Հայաստանը չեն կարող վտանգել, և, որ պատրաստ է դահլիճային պայմաններում լսել արցախցիներին, թեպետ քիչ անց ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում ընդունեց և պարզաբանումներ տվեց մի խումբ քաղաքացիների հնչեցրած հիմնական հարցերին, որոնք, նրա խոսքով՝ մեծամասամբ վերաբերում էին սոցիալական վիճակին:
Ավելի ուշ ArmLur.am-ը գրեց, որ այսօր երեկոյան Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հյուր է լինելու Հանրային հեռուստաընկերությունում և հարցազրույց է տալու Պետրոս Ղազարյանին: Իսկ «Հրապարակ» օրաթերթն էլ, հղում անելով իր աղբյուրներին՝ գրեց, որ որ Շահրամանյանը սպասում է Նիկոլ Փաշինյանի ընդունելությանը, որը ոչ մի կերպ չի կայանում: Արցախի նախագահն այսօր բողոքի ակցիայի ժամանակ վստահեցրել է.
«Երբեք ես չեմ հրաժարվել որևէ մեկի հետ բանակցել կամ հանդիպել, այդ թվում՝ այն մարդկանց հետ, որոնց դուք համարում եք, որ անհրաժեշտ է ներգրավվեն։ Լրիվ բաց ենք բոլորի համար»:
Թե ինչու ՀՀ ղեկավարությունը մի սեղանի շուրջ չի նստել մինչ օրս Արցախի ռազմաքաղաքական էլիտայի հետ, որին հարցեր է ուղղել հեռակա՝ հոդվածի տեսքով, հայտնի չէ, և հնարավոր է՝ Սամվել Շահրամանյանի հարցազրույցից այս առումով որոշ բաներ պարզ դառնան:
Ինչ վերաբերում է բողոքի ակցիային, դրա շարժառիթներին, կամ, ինչպես ասում են՝ դրա հետևում կանգնած մարդկանց, ապա կարող ենք միայն ենթադրություններ անել կամ հղում տալ մամուլի հրապարակումներին: Օրինակ, ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ բողոքի ակցիան նախաձեռնել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Մենք կարող ենք միայն ենթադրություններ անել՝ ելնելով ինչ-ինչ փաստերից կամ հանգամանքներից:
Առաջին, ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ մասնակիցներից մեկը դիմելով Շահրամանյանին՝ ասաց.
«Եթե Ձեզ Հայաստանի իշխանությունը, կապ չունի՝ Փաշինյանն է, Սերժը թե Քոչարյանը, եթե Ձեզ չեն վստահում, Դուք ո՞նց եք լուծելու ժողովրդի հարցերը: Ասեք՝ ժողովուրդն իմանա: Եթե Ձեզ հետ զրույցի դուրս չեն գալիս…»:
Արցախի նախագահը, իհարկե, արձագանքեց՝ ասելով, որ իրեն չվստահելու վերաբերյալ արտահայտված տեսակետն այդ քաղաքացու կարծիքն է միայն, մյուս կողմից, թերևս պարզ է հարցի ենթատեքստը և թաքնված պատասխանը, թե ում կարող է վստահել ՀՀ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը:
Երկրորդ, հոկտեմբերի 14-ին, լրատվամիջոցների հետ զրույցում «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանն ասել էր, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա, և, որ այսօր միակ լեգիտիմ մարմինն Արցախի ԱԺ-ն է, որը պետք է նայի այդ հրամանը, ուղարկի դատարան:
«Դատարանում կնայեն, թե որքանով է իրավական առումով համապատասխանում դա, կամ չի համապատասխանում: Հետո արդեն պառլամենտը կորոշի իր քայլերը: Եթե չի համապատասխանում՝ կհեռացնի նախագահին, կընտրի նոր մարմին, որը կկառավարի, կփորձի ամբողջ ժողովրդին վերաբնակեցնելու կամ բնակեցնելու խնդիր լուծել»,- ասել էր նա:
Նույնը Բաբայանը կրկնել էր նաև «Ա1+»-ին տված հարցազրույցում:
«Պետք է դիմենք դատարան և մինչև հունվարի 1-ը հասկանանք՝ Արցախը լուծարելու մասին այդ հրամանը սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ։ Հետո մի կառույց ստեղծենք, որն Արցախից եկած մարդկանց խնդիրներով պետք է զբաղվի։ Այսօր Գագիկ Բաղունցն է Արցախի ԱԺ-ի փաստացի նախագահը, հանդիպել եմ նրա հետ և խնդրել, որ կազմակերպի դա»,- նշել է ՊԲ նախկին հրամանատարը՝ չբացառելով, որ այդ կառույցը բանակցի նաև Ադրբեջանի հետ։
Հարցին, թե Սամվել Շահրամանյա՞նը պետք է ղեկավարի այդ կառույցը, Սամվել Բաբայանը պատասխանել է, թե Արցախը լուծարելու հրամանագիր ստորագրած մարդը չի կարող Արցախի անունից բանակցել։
«Իմ պատկերացմամբ՝ ես պետք է ղեկավարեմ։ Եթե նախագահն օրենքով է գործել, նա էլ կմնա ու կղեկավարի։ Իսկ եթե դատարանը որոշի, որ օրենքով չի գործել, ինչի՞ մասին է խոսքը»,- շեշտել է նա:
Երրորդ, Արցախից Երևան հասնելով՝ ԱՀ ԱԽ նախկին քարտուղարը Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց էր տվել, որտեղ քննադատել էր Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և գործող նախագահ Սամվել Շահրամանյանին:
«22 դեպուտատի հետ այ էս չորս-հինգ հոգին, մեկ էլ այն չորս հոգին՝ Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Շահրամանյան, 22 դեպուտատի հետ՝ ամբողջ էս խումբը պետք է դատարանի առաջ կանգնեն»,- ասել էր Բաբայանը։
Ավելի ուշ «Ազատությանը» Գլխավոր դատախազությունից փոխանցել էին, որ Հանրային ՀԸ տված հարցազրույցից հետո՝ հոկտեմբերի 6-ին, Սամվել Բաբայանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, և Սամվել Բաբայանի հայտարարությունների ու հաղորդման հետքերով քրեական գործ է հարուցվել: Թե ինչ հետևանք կունենա սա, երբ Սամվել Շահրամանյանը պնդում է, որ Արցախի Հանրապետությունը չի լուծարվել որևէ փաստաթղթով, սպասենք զարգացումներին, և թե որքանով հերթական քննությունը Սամվել Շահրամանյանը կհանձնի: Առաջինի առջև նա, թերևս, կանգնեց, երբ սեպտեմբերի 9-ին ճակատագրի հեգնանքով, դավադրության զոհ դառնալով կամ ինքնազոհության ճանապարհով ստանձնեց Արցախի նախագահի պարտականությունները:
Իսկ մեզ մինչև հիմա հայտնի չէ՝ ինչու հենց այդ ժամանակ որոշեց հեռանալ Արայիկ Հարությունյանը, երբ նման պահանջ իր առջև դրվել է այլ ժամանակներում: