Իշխող խմբակում շամաններ են՝ բոլշևիկյան լոզունգներով, աղանդավորական ցանցով, գործակալներով. բոլշևիկներն էլ ասացին՝ հացը գյուղացուն, վերջում գնդակահարեցին աշխատավարձ պահանջող բանվորներին. Արթուր Խաչիկյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն  է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Իսրայելը պատրաստվում է ներխուժել Գազա։ Լինելու են տասնյակ-հազարավոր զոհեր։ Իհարկե, պաղեստինյան ռազմականացված ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա հարձակումը պետք է դատապարտել, բայց արձագանքը համարժեք չէր։
  • Իրանի մասնակցությունը պատերազմին խոշորագույն աղետի է բերելու Մերձավոր Արևելքում, ինչն անմիջականորեն ազդելու է մեզ վրա։ Դա նաև որպես պատրվակ կօգտագործեն Թուրքիան և Ադրբեջանը՝ ուժով վերցնելու համար Զանգեզուրի միջանցքը, և, ինչպես միշտ, մեզ կծախեն մի ուրիշի վրա։
  • Մերձավոր Արևելքում ընթացող այս պատերազմը կարող է վերածվել համաշխարհային պատերազմի, բայց կլինի պրոքսի պատերազմ։ Մենք գնում են մեծ ու շատ վտանգավոր պատերազմի, և շատ վտանգավոր է հատկապես այն, որ այս իրավիճակում Հայաստանն ունի նման ղեկավարություն։

  • Տեսեք՝ ինչ տարբերություն կա մեր և արաբա-իսրայելական այս իրավիճակի մեջ. ամբողջ Արևմուտքն այսօր պաշտպանում է Իսրայելին, իսկ մեր դեպքում, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, 120 000 մարդ բռնի տեղահանվեց, ենթարկվեց ցեղասպանության, բացի գեղեցիկ բառերից, ոչինչ չեղավ նույն այդ Արևմուտքի կողմից։ Սկսեցին աշխատեցնել շամանական մոտեցումը, թե դուք՝ Հայաստանը, պրոռուսական եք, ՀԱՊԿ-ում եք, դրա համար Արևմուտքը ձեզ չի օգնում… Այսինքն՝ Ցեղասպանության միջազգային կոնվենցիայում գրված է՝ ցեղասպանել չի կարելի, բացի այն ժողովուրդներից, ովքեր պրոռուսական արտաքին քաղաքական  դիրքորոշո՞ւմ ունեն։ Սա խելագարություն է, աբսուրդ է:
  • Մենք դարձանք պատմության մեջ առաջին ժողովուրդը, որը պարտվելով՝ չփոխեց ղեկավարությանը, համաձայնեց, որ իր տարածքի մի մասը, որն ունի ղեկավար, հանձնվի թշնամուն, որ հրաժարվի իր իսկ քաղաքացիների մի մասից, հայաթափվի… Պատմության մեջ նման բան չկա։ Մենք ռեկորդ խփեցինք։ Շատ լուրջ հարց է առաջանում՝ մեր ժողովուրդն ուզո՞ւմ է ունենալ պետություն, թե՞ ոչ։ Աշխարհում կան 5-6000 էթնիկ խմբեր, ցեղախմբեր։ Մենք պիտի պատասխանենք՝ ուզո՞ւմ ենք ունենալ պետություն, թե՞ ուզում ենք լինել առանց պետության էթնիկ խումբ, բայց չաղ ու բախտավոր։ Իսրայելի նախագահ Նեթանյահուն կարող է վարել պատերազմն ու հաղթել, բայց նա, միևնույն է, չի մնալու իշխանության։ Իսրայելի ժողովուրդը նրան չի ներելու, որովհետև նրանք թասիբ ունեցող ժողովուրդ են։
  • Հայաստանում գործում է աղանդավորների ցանց և արտաքին գործակալներ։ Երկուսին էլ պետք չէ թերագնահատել։ Աղանդը սարսափելի ուժ է, և մենք դարձանք աղանդավորների հասարակություն։
  • Եվրոպայում, ԱՄՆ-ում հաստատ կտեսնենք ահաբեկչական գործողություններ։ Ցավոք սրտի, դա լինելու է։ Նման պատասխանը սպասելի է։
  • Անգլիայի և բոլշևիկների խաղը 20-րդ դարասկզբին բերեց հայ ժողովրդի ցեղասպանությանը։ Աշխարհում մեծ տեղաշարժեր եղան, թուլացավ ԱՄՆ ազդեցությունը։ Սարսափելի սխալ էր ՆԱՏՕ-ի ընդլայնումը։ Հիմա կրկին փոփոխությունների շրջան է։ Փոքր ռեգիոններում դա սովորաբար բերում է պրոքսի պատերազմների։
  • Թրամփն ասում էր՝ դուք Իրաքը սարքեցիք տեռորիզմի Հարվարդը։ Այսինքն՝ վերահսկելի քաոսը չստացվեց։ Բարաք Օբաման դեմ էր Իրաքի պատերազմին։
  • Արևմտյան դեմոկրատիան շատ ու շատ հեռու է կատարյալ լինելուց․ այնտեղ էլ կան երեսպաշտություն, կեղծավորություն, երկակի ստանդարտներ։ Ժողովրդավարական Եվրոպան ասաց՝ Ադրբեջանի հետ մեր նավթի և գազի պայմանագրերն ավելի կարևոր են, քան Հայաստանի պաշտպանությունը։ Ժողովրդավարական ԱՄՆ-ը ասաց՝ Արցախում էթնիկ զտում չի եղել։ Այսինքն՝ 120 000 մարդ մի օրում որոշեց գա, գնա Գառնի-Գեղարդ էքսկուրսիայի… Ֆրանսիական հեռուստատեսության եթերում ֆրանսիացի լրագրողն ասաց՝ մենք ծախեցինք հայերին։ Սա հատկապես թող լսեն այն շամանները, ում ոտքերը թուլանում են Ֆրանսիայի անունը լսելիս… (ՀՀ գործող իշխանություններին՝ ՔՊ-ականներին, և մերձիշխանական շրջանակներին Արթուր Խաչիկյանը շամաններ է կոչում,- Ս.Ս.):
  • Լավ է, որ մենք հայտարարում ենք, որ Զանգեզուրի միջանցքը մեր տարածքն է, բայց Թուրքիան և Ադրբեջանը գիտեն՝ ինչպես այն վերցնել: Սկզբում կկառուցվեն այդ երկաթուղային ճանապարհները։ Ճանապարհը գործարկելուց որոշ ժամանակ անց կլինի միջադեպ, դրա մեղավոր կհռչակվի հայկական կողմը, Ադրբեջանն էլ կասի՝ դուք չեք կարողանում ապահովել մեր մեքենաների անվտանգությունը, հետևաբար՝ մենք ենք դա կազմակերպելու, իսկ դրանից հետո Թուրքիան և Ադրբեջանը կմտցնեն իրենց զորքը, որից հետո Մեղրիի ու Սյունիքի կորուստը կարճ ժամանակի հարց է: Միջազգային պրակտիկայում շատ են նման դեպքերը: Պատրվակ կստեղծեն, կխլեն մեր տարածքները, և մենք հրաժեշտ կտանք Մեղրիին:
  • Նոյեմբերի 9-ի պայմանագիրն այլևս գոյություն չունի, քանի որ չկա Արցախը։ Ադրբեջանն իր գործողություններով խախտեց պայմանագիրը։ Հայաստանի գործող վարչախումբը գնաց Արևմուտք, ինչ-որ անհասկանալի պայմանավորվածություններ ձեռք բերեց, որի արդյունքում մենք կորցրեցինք Արցախը։
  • Բոլշևիկների ու Հայաստանում իշխող այս ՔՊ-ական խմբակի մեթոդներն են նույնը ու որոշ մարդկանց ծագումը, բայց բոլշևիկները գոնե կրթված մարդիկ էին և ունեին գաղափարախոսություն: Դա ֆունդամենտալ գաղափարախոսություն էր: Դրա համար էլ բոլշևիկներինը հեղափոխություն էր, իսկ 2018թ. ՀՀ-ում տեղի ունեցածը հեղափոխություն չէր, հեղաշրջում էր, որևէ ռադիկալ տնտեսական և գաղափարական փոփոխություններ մենք չտեսանք: Հեղափոխությունների ողբերգությունն այն է, որ իշխանության գալիս են անհայտ մարդիկ, որոնք պատրաստ չեն և ի վիճակի չեն պետություն ղեկավարել: Նրանք սովորաբար անցնում են բռնության, և հետո այդ բռնությունը միմյանց դեմ են կիրառում: Նման բան եղել է և՛ ֆրանսիական, և՛ բոլշևիկյան հեղափոխության ժամանակ: Կրկնում եմ՝ սա հեղափոխություն չէր, այլ հեղաշրջում էր ինչ-որ մարդկանց կողմից: Մեթոդները նման են: Եթե բոլշևիկներից հանենք նրանց կրթված լինելն ու գաղափարախոսություն ունենալը, այո՛, նմանություններ կան 2018-ից Հայաստանում իշխանության եկած այս խմբակի հետ: Բոլշևիկներն էլ ժամանակին Ռուսաստանը բերեցին ողբերգության: Հիշո՞ւմ եք՝ խոստանում էին «земля крестьянам, заводы-рабочим», հացը՝ գյուղացուն, գործարանները՝ աշխատավորներին: Սրանք հիմա ասում են՝ կոռուպցիա չկա, այնինչ իրականում կոռուպցիան ծաղկում է, օլիգարխները կամ մնացին նույնը, կամ հիմա նոր օլիգարխներ ունենք: Հիշում եք՝ բոլշևիկները սովամահ արեցին միլիոնավոր գյուղացիների՝ նրանց խոստանալով հաց, բայց հետո ցարից շատ ավելի վատ վերաբերվեցին այն մարդկանց, ովքեր իրենց հետևից գնացին: Ժողովրդին շատ հեշտ է խաբել: Դեմոկրատիայի պրոբլեմն այն է, որ շատ հեշտ է կեղծ, սուտ լոզունգներով մանիպուլացնել, մոլորեցնել ժողովրդին, հանել փողոց, խաբել, սուտ խոստումներով գալ իշխանության ու հետո ամեն ինչ անել հակառակը: Այդ նույն բոլշևիկները, որոնք ասում էին՝ մեր պետությունը պատկանում է աշխատավոր դասին, Նովոչերկասկում գնդակահարեցին ռուս բանվորներին, ովքեր պահանջում էին աշխատավարձեր: Նույն ձևով Հայաստանի թավշյա ՔՊ-ական ղեկավարները եկան իշխանության, հետո ասում էին՝ դուք բորդյուր եք լիզելու, ասֆալտ եք ուտելու:

Կարդացեք նաև

  • Բոլոր երկրներում կա կոռուպցիա։ Անցյալում մեր երկրում կար կոռուպցիա, ու դա շատ վատ է։ ԱՄՆ-ում և այլ երկրներում, օրինակ, կա կոռուպցիայի տեսակ, որը կոչվում է լոբբինգ։ Բայց այստեղ եղած կոռուպցիան իշխանափոխությունից հետո մնաց, ավելի ծաղկեց։ Ոստիկանության աշխատավարձ բարձրացնելը ուսանողներին ծեծելու համար՝ կոռուպցիա չէ՞։ Պարգևավճարները կոռուպցիա չե՞ն։
  • Երևանը միշտ շատ ուրախ քաղաք է եղել։ Հիմա փողոցում դուք ժպտացող մարդկանց չեք տեսնի։ Մարդիկ քայլում են այնպես, ասես նրանց վիզը կոտրել են։ Մարդիկ պլաններ չեն կազմում, շատ են արտագաղթել ցանկացողները։ Մենք առաջին ժողովուրդն ենք պատմության մեջ, որը ցեղասպանության ժամանակ իրեն պահում է այնպես, ասես դա տեղի է ունենում Սուդանում կամ Ռուանդայում։
  • Ես մարդկանց հաճախ հարցնում եմ՝ նախկին իշխանությունների կառավարման տարիներին դուք երբևէ այս վիճակում եղե՞լ եք: Նրանք բոլորը պատասխանում են՝ երբեք այս վիճակում չեն եղել, այսքան վատ չի եղել:
  • Ռուսաստանը փորձում է պայքարել՝ ՀՀ-ում իր ազդեցությունը պահպանելու համար, բայց ստեղծված իրավիճակի համար ՌԴ-ն էլ շատ մեծ մեղք ունի։
  • Ալիևը ոչ մեկից չի վախենում․ նա և՛ Եվրոպան է իր ձեռքում պահում, և՛ Ռուսաստանը, որովհետև նա իր մեջքին ունի Թուրքիա, նավթ ու գազ, և՛ խավիարային դիվանագիտությունն է շատ հաջող կիրառում։ Ադրբեջանի նկատմամբ որևէ պատժամիջոց Արևմուտքը չի էլ պատրաստվում կիրառել, միայն ոչինչ չասող որոշ դատապարտող ելույթներ են հնչում: Նրանց, ովքեր ասում են՝ Ալիևը վախենում է Արևմուտքից, հոգեբույժ է պետք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս