Ներդրումները «հորդո՞ւմ են», թե՞ փախնում
Ինչքան էլ իշխանությունները կաշվից դուրս գան ու փորձեն տպավորություն ստեղծել, թե ներդրումները Հայաստանում «հորդում են», միևնույն է, անվտանգային այն միջավայրը, որի մեջ հայտնվել ենք, ոչնչով չի նպաստում և չի կարող նպաստավոր լինել ներդրումների իրականացման համար։ Առավել ևս, երբ խոսքն օտարերկրյա ներդրումների մասին է, որոնք շատ ավելի մեծ վստահության կարիք ունեն։
Երասխի մետալուրգիական գործարանի օրինակով բոլորովին վերջերս տեսանք, թե ներդրումները որքանով են Հայաստանում պաշտպանված ու անվտանգ։ Նույնիսկ մեր երկրի սուվերեն տարածքում չկարողացան ապահովել ներդրողի անվտանգությունը։ Զարմանալի չէ, որ այդքանից հետո ունենք օտարերկրյա ներդրումների այսքան տխուր պատկեր։
Պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ այս տարվա առաջին կեսին Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 23,4 մլրդ դրամ։ Նախորդ տարի կազմել էին 43,9 միլիարդ։
Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի դրանք կրճատվել են 20,5 միլիարդով։
Հիշեցնենք, որ զուտ հոսքերը ստացումների ու մարումների տարբերությունն է։
Տարվա առաջին կեսին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերն ավելացել են, բայց ընդամենը 3,7-3,8 մլրդ դրամով։ Սա 7-8 մլն դոլարին համարժեք գումար է։
Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերն այս տարվա առաջին վեց ամիսներին կազմել են շուրջ 77,7 մլրդ դրամ։ Անցած տարի կազմել էին 73,9 միլիարդ։
Ուղղակի ներդրումները խիստ բևեռացված են ու սահմանափակ ոլորտներում։
Դրանք ստացվել են գերազանցապես 2 երկրից, որոնցից մեկը Ռուսաստանն է։ Այն Ռուսաստանը, որի հետ Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում գնում են բացահայտ առճակատման՝ հաշվի չառնելով ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական բազմաստիճան հարաբերությունները։
Որ ռուսական ներդրումային կապիտալը միշտ էլ գերակշռող է եղել Հայաստանի տնտեսության մեջ, նորություն չէ։ Այսօր էլ այդպես է, չնայած այն տնտեսական խնդիրներին, որոնք վերջին երկու տարիներին ի հայտ են եկել այդ երկրում՝ կիրառված համատարած պատժամիջոցների հետևանքով։
Ռուսաստանից ստացված ուղղակի ներդրումների զուտ հոսքերը Հայաստանի տնտեսության մեջ տարվա առաջին կեսին հասել են գրեթե 118,5 մլրդ դրամի։ Եթե վերածենք տարադրամի՝ կստացվի շուրջ 248 մլն դոլար։
Նախորդ տարվա համեմատ՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերն այդ երկրից ավելացել են 61 մլրդ դրամով կամ 156 մլն դոլարով։
Որևէ այլ երկրից Հայաստանի տնտեսություն այնքան ներդրումային հոսքեր չեն եղել, որքան Ռուսաստանից։
Օրինակ՝ Միացյալ Նահանգների պարագայում դրանք կազմել են ընդամենը 4,5 մլրդ դրամ։ Նախորդ տարի նույնիսկ 1 միլիարդի չէր հասնում։
Հայաստանի տնտեսության մեջ ուղղակի ներդրումների զուտ հոսքերը Ֆրանսիայից այս տարվա առաջին կեսին կազմել են 1,8 մլրդ դրամ։ Դրանք նախորդ տարվա համեմատ 1,6 միլիարդով կրճատվել են։ Կրճատվել են նաև իտալական ներդրումները՝ 1,1 միլիարդով։ Շվեյցարական ուղղակի ներդրումների զուտ հոսքերը Հայաստանի տնտեսության մեջ կազմել են ընդամենը 748 մլն դրամ։ Բազմաթիվ այլ երկրների պարագայում ևս պատկերը նույնն է՝ չնչին ներդրումներ են եղել։
Բացառություն է, թերևս, Արաբական Միացյալ Էմիրությունները. ուղղակի ներդրումների զուտ հոսքերն այդ երկրից կտրուկ ավելացել են՝ կազմելով 101 մլրդ դրամ։ Նախորդ տարի ընդամենը 1,8 միլիարդ էին։
Թե ինչո՞վ է պայմանավորված էմիրաթական ներդրումների նման կտրուկ հետաքրքրությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ, կներկայացնենք ներդրումների կառուցվածքում։ Մինչ այդ անդրադառնանք այն երկրներին, որոնք հանել են իրենց գումարները Հայաստանից։
Ի տարբերություն Ռուսաստանի և ԱՄԷ-ի, կտրուկ նվազել են ուղղակի ներդրումների զուտ հոսքերը Նիդեռլանդներից։ Դրանք կրճատվել են շուրջ 141,8 մլրդ դրամով։ Խոսքն ավելի քան 363 մլն դոլարի մասին է։
Կրճատումն ավելի մեծ է եղել, քան նույնիսկ ռուսական հոսքերի ավելացումը։
Բայց սա առաջին տարին չէ, որ նիդեռլանդական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ կրճատվում են։ Անցած տարի էլ էին կրճատվել. ուղղակի ներդրումների զուտ հոսքերը պակասել էին 24,5 միլիարդով։
Մյուս երկիրը, որի հետ ներդրումային հարաբերությունները բարվոք չեն եղել, Կիպրոսն է։
Կիպրական ուղղակի ներդրումների զուտ հոսքերն էլ տարվա առաջին կեսին նվազել են շուրջ 42,5 մլրդ դրամով կամ ավելի քան 100 մլն դոլարով։
Հիմնականում այս չորս երկրներն են, որոնք եղել են Հայաստանի ներդրումային հոսքերի առանցքում։ Ինչպես տեսնում ենք, երկուսի դեպքում ներդրումներն ավելացել են, երկուսի դեպքում՝ գնացել։ Գուցե տարօրինակ թվա, բայց այդ գումարների տեղաշարժերը տեղի են ունեցել գերազանցապես տնտեսության մի ճյուղում, և այդ ճյուղը բոլորին լավ հայտնի հանքարդյունաբերությունն է։
Նիդեռլանդական 141,8 մլրդ դրամ ուղղակի ներդրումների զուտ հոսքի կրճատումն ամբողջությամբ տեղի է ունեցել մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտում։ Այն, ըստ էության, փոխարինվել է ռուսականով։ Այստեղ ռուսական ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են 105 մլրդ դրամ։
Էմիրաթական ներդրումները ևս ամբողջությամբ գնացել են մետաղական հանքաքարի արդյունահանման մեջ։ Դրանց զուտ հոսքերն էլ կազմել են 101,8 մլրդ դրամ։
Կիպրական ներդրումները ևս ամբողջությամբ դուրս են եկել հանքարդյունաբերությունից։ Նույնիսկ ավելի շատ, քան ընդհանուր նվազումն է եղել։
Կիպրական ուղղակի ներդրումները զուտ մետաղական հանքաքարի արդյունահանման մեջ այս տարվա առաջին կեսին նվազել են ավելի քան 48,5 մլրդ դրամով։
Այս փոփոխությունները ցույց են տալիս, թե ինչքանով է դրսի ներդրումային կապիտալը հետաքրքրություն ցուցաբերում Հայաստանի տնտեսության նկատմամբ։
Հետաքրքրությունները գերազանցապես մեկ ոլորտում են՝ մեկը դուրս է գալիս, մյուսը՝ մտնում։ Այլ ոլորտներում մեծ տեղաշարժեր չկան։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ