Բրյուսելում Փաշինյանի ու Ալիևի միջև հանդիպումը որևէ արդյունքի չի հանգեցնելու․ վերլուծաբան
ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի գլխավոր միջնորդի հնարավոր փոփոխության ուղղությամբ ակտիվ գործընթացների ֆոնին հանդես է եկել ուշագրավ մեկնաբանություններով։
ԱՄՆ Պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Politico հանդեսում լույս տեսած՝ «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակման հետ:
Ի պատասխան՝ Պետքարտուղարությունն ընդգծել է, որ «Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ ամենաբարձր մակարդակներում՝ ձգտելով արժանապատիվ և տևական խաղաղության, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները: Ուժի կիրառումն անընդունելի է, և ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի այս երկարատև հակամարտության կարգավորման համար»։
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև նշել է, որ «ԱՄՆ-ը աջակցում է Հայաստանի կառավարության ջանքերին՝ մարդասիրական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ օգնելու տեղահանվածներին ապաստան և հարմարավետություն գտնել Հայաստանում։ Մենք մեր կարեկցանքն ենք հայտնում տեղահանված անձանց՝ գիտակցելով, թե ինչ շոկի և տրավմայի միջով են նրանք անցնում և ինչ անորոշության հետ են բախվում»:
Պետքարտուղարությունը նաև հավելել է, որ Բաքուն պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու և բոլորի նկատմամբ մարդկային վերաբերմունք ապահովելու համար, ներառյալ նրանց, ում կասկածում է ռազմական գործողությունների մասնակցության մեջ:
«Ադրբեջանը նաև պատասխանատու է, որ իր (զինված) ուժերը համապատասխանեն միջազգային իրավունքին, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի, որը կարգավորում է ռազմական գործողությունների իրականացումը, խաղաղ բնակչության պաշտպանությունը և ռազմական գործողությունների մասնակիցների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը»,- ասված է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությանն ուղղված Պետքարտուղարության պատասխանում:
Իր հերթին՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ Երևանում և Բաքվում քննարկել է համապարփակ կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը:
Կլաարն այս մասին տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում: «Վերադարձ Բաքվից և Երևանից, որտեղ քննարկեցի համապարփակ կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը։ Ադրբեջանի և Հայաստանի համար կարևոր է հավատարիմ մնալ դրական և համաձայնեցված օրակարգին: Ակնկալվում է, որ այս ներգրավվածությունը կհաստատվի այս ամսվա վերջին Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակի հանդիպման ժամանակ»,- նշել է նա:
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է մինչև հոկտեմբերի վերջ հանդիպել Բրյուսելում։ Հիշեցնենք, որ սա տեղի է ունենում Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների այն հայտարարությունների ֆոնին, որ բանակցություններն Ադրբեջանի ու Հայաստանի միջև կարող են շարունակվել Մոսկվայի միջնորդությամբ։ Ալիևն օրերս իր վստահությունը հայտնեց Մոսկվային, իսկ Պուտինն ասաց, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական ջանքեր ներդնել։
168․am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին ասաց՝ պարզ է, որ Արևմուտքում սկսում են անհանգստանալ հատկապես այն գործիչները, որոնք միջնորդել են, որպեսզի կողմերը վերսկսեն բանակցել Արևմուտքում բանակցություններում երկարատև դադարներից հետո, խոսքը Բլինքենի ու Միշելի մասին է։
Ըստ նրա, արևմտյան գործընթացը և օրակարգը խաթարվել է, եթե առաջիկա հանդիպմանն ակնկալվում է, որ կողմերը պետք է հաստատեն իրենց ներգրավվածությունը, սա նշանակում է, որ կան արդեն լուրջ հիմքեր, տեղեկատվություն, որ այլ ձևաչափով են շարունակվելու բանակցությունները։
«Սա փաստում է թե ԵՄ ներկայացուցչի, թե Պետքարտուղարության անդրադարձը, որն ավելի կոշտ բնույթ է կրում Ադրբեջանի հասցեին, քանի որ նա է կարծես հայտարարել մոսկովյան հարթակ վերադառնալու նախընտրելիության մասին։ Միջազգային հանրության տեսանկյունից պատասխանատու չէ միևնույն փաստաթուղթը կես տարի քննարկել մեկ միջնորդի հետ, անել ինչ-որ քայլեր, ապա շարունակել քննարկումները մեկ այլ միջնորդի հետ ու դրանով խաթարել գործընթացը ու ռեգիոնալ անվտանգությունը։
Հենց այս պատճառով էր, որ այս հակամարտության համար նախընտրելի ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն էր, սակայն այն չունեցավ այն հեղինակությունը, որպեսզի կարողանա շարունակել աշխատանքը։ Կարծում եմ՝ դիվանագիտական որոշ խնդիրներ կլինեն ԱՄՆ-ի հետ, եթե գործընթացը տեղափոխվի Մոսկվա, ԱՄՆ-ը կսկսի նկատել բոլոր այն խնդիրները, հումանիտար ոտնձգությունները, որոնց վրա դիվանագիտական գործընթացի փխրունությունից ելնելով՝ աչք էր փակում։ ԱՄՆ վերջին հաղորդագրությունից դա նկատելի է։ Սակայն որքան էլ ներկայումս կա Արևմուտք-ՌԴ առճակատում, պատերազմ Ուկրաինայում, ՌԴ թուլացող ազդեցություն հետսովետական տարածքում, այնուամենայնիվ ավանդական ազդեցությունները գործում են, և հաջողվում է խոչընդոտել Արևմուտքի ջանքերը, քանի որ ռեգիոնում բոլոր երկրները չէ, որ նվիրված են Արևմուտքին և Արևմուտքի ու ՌԴ-ի հետ կարճաժամկետ խնդիրներ են փորձում լուծել»,- նման կարծիք հայտնեց Մենաղարիշվիլին։
Ըստ նրա, առաջիկա հանդիպումը Բրյուսելում Փաշինյանի ու Ալիևի միջև որևէ արդյունքի չի հանգեցնելու, քանի որ գործընթացը դեպի Մոսկվա տանելու ռուս-ադրբեջանական պայմանավորվածություն կա, ուստի մինչ այդ Արևմուտքի քայլերը տապալված են լինելու։
«Չի բացառվում, որ դրանից վերջին պահին որևէ կողմ հրաժարվի, ինչպես սովորաբար պատահում է։ Սա նշանակում է, որ Արևմուտքը կրկին չկարողացավ հասկանալ, թե ինչպես է պետք գործել այս տարածաշրջանում, կողմերին ինչ առաջարկել, երբ ինչ անել»,- նկատեց նա։