
Բլինքեն․ ՀԱՄԱՍ-ի հետ «սովորականի պես ոչ մի գործ չի կարող լինել»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը արաբական երկրներ կատարած իր շրջագայության ժամանակ մերձավորարևելյան առաջնորդներին ասել է, որ ՀԱՄԱՍ խմբավորման պաղեստինցի զինյալների հետ «այլևս ոչ մի գործ չի լինի սովորականի պես», հայտնում է Reuters-ը։
Քաթարի վարչապետ Շեյխ Մուհամմեդ բեն Աբդուլռահման ալ-Թանիի հետ հանդիպմանը հաջորդած լրագրողների հետ զրույցում Բլինքենն ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Վաշինգտոնը պահանջում է Քաթարից փակել ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակը Դոհայում, սակայն ասել է, որ յուրաքանչյուր երկիր «պետք է դատապարտի ՀԱՄԱՍ-ին» իսրայելական քաղաքներում կատարած վայրագությունների համար, որոնք հանգեցրին 1200 իսրայելցիների մահվան»:
ԱՄՆ-ն Իսրայելի և մարդասիրական կազմակերպությունների հետ քննարկում է, թե ինչպես կարելի է Գազայում խաղաղ բնակիչների համար «անվտանգ գոտիներ» ստեղծել, ասել է Բլինքենը:
«Մեր ուշադրության կենտրոնում այժմ ապահով գոտիներ ստեղծելուն օգնելն է», – նշել է նա: «Մենք կարծում ենք, որ սա լավագույն միջոցն է՝ համոզվելու, որ ՀԱՄԱՍ-ի խաչաձև կրակի տակ հայտնված խաղաղ բնակիչները կարող են ապահով լինել և ստանալ իրենց անհրաժեշտ օգնությունը»:
Շեյխ Մուհամեդն իր հերթին ասել է, որ Քաթարը փորձում է բաց պահել հաղորդակցության ուղիները` կանխելու համար հակամարտության երկու կողմի մարդկանց տառապանքները, ինչպես նաև կոչ է արել կիրառել միջազգային իրավունքը:
«Մարդիկ ամենուր մարդիկ են՝ լինեն իսրայելցիներ, թե պաղեստինցիներ, նրանք նույն արժեքն ունեն», – ասել է նա:
Բլինքենն ընդլայնել է իր ուղևորությունը Իսրայելից և Հորդանանից՝ ներառելով Պարսից ծոցի բոլոր արաբական երկրները և Եգիպտոսը՝ դարձնելով այն իր ամենամեծ շրջագայությունը տարածաշրջանում 2021 թվականի հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր: Դոհա մեկնելուց առաջ նա Ամմանում հանդիպել է Հորդանանի թագավոր Աբդալահի և Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ և նախատեսում էր այցելել Բահրեյն ուրբաթ օրը՝ նախքան Սաուդյան Արաբիայում գիշերելը: