Բաժիններ՝

Իսրայելը հայտարարել է, որ չի դադարեցնի Գազայի հատվածի շրջափակումը՝ չնայած Կարմիր խաչի կոչերին

Իսրայելը հայտարարել է, որ Գազայի հատվածի շրջափակման հումանիտար դադար չի լինի մինչև ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված բոլոր պատանդները ազատ չարձակվեն։ Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, Իսրայելի հայտարարությունից առաջ Կարմիր խաչը կոչ էր արել թույլ տալ վառելիքի մուտքը Գազայի հատված, որպեսզի գերծանրաբեռնված հիվանդանոցները «չվերածվեն դիահերձարանների»։

Իսրայելի կողմից պաշարման պատճառով Գազայի միակ էլեկտրակայանը դադարեցրել է աշխատանքը, իսկ հիվանդանոցներում սպառվում է վառելիքը, ինչի հետևանքով նաև անհնար է դառնում գեներատորներով էլեկտրաէներգիա ստանալը։

«Գազայում էլեկտրաէներգիայի սպառման հետ մեկտեղ հիվանդանոցները զրկվում են էլեկտրական հոսանքից․․․ Կա վտանգ, որ առանց էլեկտրականության՝ հիվանդանոցները կվերածվեն դիահերձարանների», – հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարածաշրջանային տնօրեն Ֆաբրիցիո Կարբոնին՝ շեշտելով, որ դա վտանգի տակ է դնում նորածինների, տարբեր հիվանդություններ ունեցող անձանց կյանքը։

Իսրայելի էներգետիկայի նախարար Իսրայել Կացը X սոցիալական հարթակում գրել է, որ պաշարումը չի դադարեցվի, չեն վերականգնվի Գազայի էլեկտրամատակարարումը և ջրամատակարարումը, և «վառելիքի ոչ մի մեքենա չի մտնի այնտեղ, մինչև Իսրայելի պատանդները տուն չվերադառնան»։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։

Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1200-ի, ավելի քան 5000 մարդ վիրավոր է։

Առնվազն 150 իսրայելցի և օտարերկրացի պատանդ է տարվել Գազա։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ մտադիր է նրանց փոխանակել ԱՄՆ-ի բանտերում գտնվող պաղեստինցիների և Իսրայելում բանտարկված բոլոր արաբների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս