Ծնելիության աննախադեպ աճ ունենք. հազարավոր զոհերի պատճառ դարձած Կառավարության ղեկավար
Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ ՀՀ-ն, ի հեճուկս բոլոր բարդությունների, շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում և բոլոր կանխատեսումների համաձայն՝ 2023թ-ին ՀՀ-ն կունենա բարձր տնտեսական աճ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վստահ ենք, որ առնվազն պետական բյուջեով նախանշված 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը կապահովենք, բայց սա շատ զուսպ գնահատական է։ Սրա հետ ուղղակի և անուղղակի կապված մի ցուցանիշի մասին էլ եմ ուզում խոսել։
Շատ կարևոր մի բան է տեղի ունեցել ՀՀ-ում, 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը՝ վերջին հինգ տարիների համեմատ։ Սա ժողովրդագրության, առողջապահության ոլորտում կառավարության վարած քաղաքականության արդյունքն է։
Մենք նաև լավ արդյունք ունենք այն առումով, որ մեռելածինների թվի էական նվազում ունենք, դա նշանակում է, որ առողջապահության ոլորտում մեր կողմից վարվող քաղաքականությունը դառնում է ավելի արդյունավետ»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ առողջապահության ոլորտում ունեցած արդյունքները արդյունք են ոչ միայն աշխատավարձերի բարձրացման, պետպատվերի շրջանակում առողջապահական հիմնարկների ֆինանսավորման մեծացման, այլև տնտեսական արդիականցման ծրագրերի շրջանակներում լիզինգային ծրագրերից օգտվելու հնարավորության։