Բաժիններ՝

Գազայում Իսրայելի պաշարումից հետո անջատվել է էլեկտրաէներգիան

Գազայում էլեկտրաէներգիան անջատվել է այն բանից հետո, երբ միակ էլեկտրակայանում սպառվել է վառելիքը: Այս մասին հաղորդում է BBC-ն։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Իսրայելը պաշարել է Գազայի հատվածը՝ դադարեցնելով սննդի, տարբեր ապրանքների, էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջրի մատակարարումները: Դա նշանակում է, որ Գազայի բնակիչների համար էլեկտրաէներգիա ունենալու միակ հույսը մնում են գեներատորները, եթե, իհարկե, դրանք գործարկելու համար վառելիք լինի:

Գազայի բնակիչներից մեկը BBC-ին հայտնել է, որ բացի էլեկտրական հոսանքից, բնակիչները զրկված են նաև ջրից և ինտերնետից։

Ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարվածների՝ Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում գնդակոծությունները։ ՀԱՄԱՍ-ին պատերազմ հայտարարելուց հետո Իսրայելը 360 000 պահեստազորայինի է զորակոչել։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հետ սահմանին զորքեր է կուտակել, այդ թվում՝ 300 000 պահեստազորայինների։

Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 1200-ի, իսկ Գազայում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 1055 մարդ է զոհվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս