Բաժիններ՝

«Ես բոլոր նկարների ստեղծմանը ներկա եմ եղել». բացվել է Հակոբ Հակոբյանի «Հոգու հայելի» հոբելյանական ցուցահանդեսը

ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված «Հոգու հայելի» ցուցահանդեսում ընդգրկված են անվանի արվեստագետի շուրջ 100 գեղանկարչական և գրաֆիկական գործեր, քանդակներ՝ ստեղծված կյանքի տարբեր փուլերում: Առաջին հայացքից պարզ, հողեղեն գույներով ստեղծագործություններն արտացոլում են հեղինակի մտահոգությունները, տրամադրությունը, բնավորությունն ու աշխարհընկալումը:

Ցուցադրությունը, որը բաց կլինի հոկտեմբերի 11-ից, կազմակերպվել է ժամանակագրական հաջորդականության և ժանրաթեմատիկ բազմազանության սկզբունքով. ներկայացված են թե՛ հեղինակի ստեղծագործական շրջանների լավագույն գործերը, թե՛ անցումային փուլերի աշխատանքները:

Ցուցահանդեսի համադրող Մարգարիտա Խաչատրյանն ընդգծում է՝ ներկայացված են ստեղծագործություններ Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի, ինչպես նաև՝ մասնավոր հավաքածուներից, սակայն առյուծի բաժինը նկարչի ընտանիքինն է: Ընտանիքի հավաքածուից ավելի քան 70 աշխատանք է ընդգրկվել ցուցահանդեսում:

«Ժամանակագրական որոշ խախտումներ կան՝ էքսպոզիցիոն լուծումներն ավելի շեշտադրելու նպատակով: Օրինակ՝ մանեկենների սրահում խտացրել ենք հեղինակի՝ 1970-ականներից մինչև 2000-ականները ստեղծված աշխատանքները, որոնցում մանեկեններ են, կոստյումներ և այլն»,-նշում է համադրողը:

Ցուցահանդեսի առանցքային ստեղծագործությունը «Մարդը և բույսը» կտավն է, որը նկարչի անցումային շրջանի աշխատանքներից է. Հակոբյանն այն սկսել է Եգիպտոսում, ավարտել է Հայաստանում: «Կտավում կծկված մարդու կերպարն է, նրա տառապանքը, որին զուգահեռ մենք տեսնում ենք ափերի մեջ ծլարձակած բույսի կտորը, որը կյանքի սկիզբը, շարունակությունն է խորհրդանշում»,-նշում է Մարգարիտա Խաչատրյանը:

Անդրադառնալով ցուցասրահներում ներկայացված քանդակներին՝ համադրողը հիշեցնում է, որ Հակոբ Հակոբյանը քանդակին անդրադարձել է մեծ տարիքում և մի առիթով ասել է՝ եթե երկար չապրեր, հավանաբար քանդակին հերթը չէր հասնի: «Նա ասում էր՝ չէր գալու ժամանակը, չէր հասունանալու այն պահը, որ ինքը տեղափոխվեր եռաչափ տարածություն: Աքցաններից, հարթաշուրթերից և այլ գործիքներից Հակոբյանը քանդակներ էր ստեղծում՝ շունչ հաղորդելով անշունչ առարկաներին»,-ասում է Մարգարիտա Խաչատրյանը:

Ցուցադրությունը կազմակերպվել է պատկերասրահի չորս սրահներում: Սրահներից մեկում մանեկեններ, հագուստներ պատկերող գործերն են, մյուս սրահում տարբեր տարիներին ստեղծված նատյուրմորտներն են, անհատների պատկերները, հաջորդ սրահում բնանկարներն են, որոնք մինչև 1970-ական թվականներ են ծնվել, սրահներից մեկում էլ եգիպտական շրջանի աշխատանքներն են:

Երջանկահիշատակ նկարչի տիկինը՝ Մարի Հակոբյանը, որը պայծառ հայացքով հետևում էր ցուցասրահներում տիրող անցուդարձին, բոլոր հարաբերություններում կարևորում է սերը, քանի որ այն մարդուն մեծ ուժ է տալիս:

Նա թանկ է համարում հեղինակի բոլոր աշխատանքները: «Եթե տասը երեխա ունենաս, մեկը մյուսին նման չի լինի, և դու յուրովի սիրելու ես տասին էլ: Ստեղծագործությունները ծնվել են տաբեր զգացական պահերի, տարբեր ապրումների ընթացքում: Ես բոլոր նկարների ստեղծմանը ներկա եմ եղել: Մենք շատ երիտասարդ էինք, որ ամուսնացանք ու երկար ենք ապրել, և ինձ համար հարազատ են բոլոր գործերը: Ես սիրում եմ Հակոբ Հակոբյանի արվեստը, բարձր եմ այն գնահատում ոչ որպես նրա կին, այլ որպես անհատ, արվեստասեր: Նա բացառիկ մարդ էր. ազնիվ, մաքուր, հայրենասեր, իր ժողովրդի մասին անընդհատ մտածող ու նրա համար տառապող»,-պատմում է Մարի Հակոբյանը, որին շնորհավորում էին ցուցադրությանը ներկա բոլոր արվեստասերները:

Երկրում տիրող իրավիճակից ելնելով՝ ցուցահանդեսի բացումը մի քանի անգամ հետաձգվել է, սակայն պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի խորին համոզմամբ՝ մշակույթը, արվեստն այն լծակներն են, որոնցով հնարավոր է զարթոնք ապրել, կանգնել, պայքարել ու հաղթանակ կերտել:

«Հակոբյանը 20-րդ դարի երկրորդ կեսի, 21-րդ դարասկզբի առանցքային արվեստագետներից է, և պատահական չէ, որ ցուցադրության գլխավոր նկարը «Մարդը և բույսը» աշխատանքն է, քանի որ այն շատ արդիական է նաև այսօր: Այստեղ և՛ մարդը, և՛ բույսը խորհրդանշում են մարդու և բնության, մարդու և կյանքի փոխհարաբերությունները: Կարծում եմ՝ բոլորս մեծագույն պատասխանատվություն պետք է ստանձնենք մեր և շրջակա աշխարհի, մեր և բնության, մեր և այլ մարդկանց հետ փոխհարաբերությունները ճիշտ կառուցելու գործում»,-շեշտեց Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, որը ցուցադրության կազմակերպումը նախարարության կենտրոնական միջոցառումներից է համարում: Նրա խոսքով՝ նախարարության դերն է կարևորել մեծերին ու նպաստել նրանց աշխատանքների հանրահռչակմանը: «Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նշել, որ այս օրերին «Սարերում» որմնանկարը, որը պատկանում է Հակոբ Հակոբյանի վրձնին, և Գյումրու թատրոններից մեկում էր, սակայն ոչ բարենպաստ պայմաններում, շուտով կտեղափոխվի Գյումրու դպրոցներից մեկի սրահ, որտեղ ավելի բարենպաստ պայմաններ են»,-ասում է նա ու հավելում՝ ՀՀ կառավարությունը նախարարության միջոցով ներդրում է կատարում ՀՀ ԿԳՄՍՆ-ի ենթակայությամբ գործող թանգարաններում, ինչի շնորհիվ արդեն աշխատում են Հայաստանի ազգային պատկերասրահի վերելակները, որոնք երկար տարիներ չէին փոխվել, ևս 250 մլն դրամ կտրամադրվի պատկերասրահի վերանորոգմանը:

«Հոգու հայելի» ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հակոբ Հակոբյանի ընտանիքի աջակցությամբ:

Հակոբ Հակոբյանի արվեստի ձևավորման ակունքներում կյանքի անձնական ընկալումներն են: Ստեղծագործական երկար տարիների ընթացքում նկարչին մշտապես հուզել է մարդու թեման, կյանքի տարբեր փուլերում կենցաղային կամ այլաբանական կողմերից նրան ներկայացնելու կերպը: Նա փնտրել է նաև այլ ուղիներ՝ ազատագրվել երկչափ հարթությունից, անշունչը շնչավոր դարձնել:

Հակոբ Հակոբյանը կարողացել է գեղարվեստական միջավայր ներմուծել ուրույն գունամտածողություն, ոճական ու գեղագիտական սկզբունքներ, որոնք ընդունվել և հաստատվել են իբրև այլընտրանքային մտածողության դրսևորում՝ ձևավորելով յուրօրինակ պատկերային մտածողություն:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս