Մի «գլխացավանքից» էլ գլուխներն ազատեցին

Արցախն Ադրբեջանին հանձնելով՝ կառավարությունն իրեն մի «գլխացավանքից» էլ ազատեց. այլևս փող չի տա Արցախին օգնելու համար։

Հայտնի է, որ Հայաստանի բյուջեից տարեկան 130-140 մլրդ դրամի, այսպես կոչված, բյուջետային վարկ էր հատկացվում Արցախին։ Պատերազմից հետո՝ նույնիսկ ավելի շատ՝ հաշվի առնելով այն համատարած խնդիրները, որոնք առաջացել էին թե՛ տնտեսական, և թե՛ սոցիալական առումով։

Պատերազմից հետո Արցախը կորցրել էր տնտեսական պոտենցիալի զգալի մասն ու զրկվել բավական լուրջ եկամուտներ ստանալու հնարավորությունից։

Չնայած այդ խնդիրներն առաջացել էին Հայաստանի իշխանությունների մեղքով, ամեն անգամ գումարները հատկացնելիս՝ Նիկոլ Փաշինյանը երեսով էր տալիս։ Կարծես իր գրպանից էր փողը տալիս և ոչ թե՝ հարկատուների վճարած հարկերից։ Մի բան էլ պարծենում էր, որ նախկինները երբեք այդքան առատաձեռն չեն եղել Արցախի նկատմամբ ու դա պատրվակ էր օգտագործում ասելու՝ հիմա ո՞վ է ավելի նվիրված Արցախին՝ ի՞նքը, թե՞ նախկինները։

Կարդացեք նաև

Արցախին Նիկոլ Փաշինյանի նվիրվածությունն այսօր տեսնում ենք դատարկված Արցախի տեսքով։

Արցախը հանձնելուց հետո Փաշինյանն իրեն ընդհանրապես ազատեց Արցախին Հայաստանի բյուջեից ֆինանսական օժանդակություն տալու պարտավորությունից։ Այդ գումարներն այլևս հատկացնելու կարիք չի լինելու, եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով արցախցիների մի մասը շարունակի ապրել այնտեղ։ Ադրբեջանն այլևս դա թույլ չի։

Հայաստանից Արցախին տրվող բյուջետային վարկերը հաջորդ և հետագա տարիներին այլևս չեն լինելու։

Թվում էր, թե դրանից հետո կառավարությունն այդ գումարները գոնե պիտի ուղղեր տեղահանված արցախահայության սոցիալական ու կենցաղային խնդիրների լուծմանը։

Բայց հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով, որն օրերս հաստատվեց կառավարությունում և ուղարկվեց Ազգային ժողով, արցախցիներին օժանդակելու համար նախատեսված է ընդամենը 10 մլրդ դրամ։

«Մենք բյուջեն հաստատում ենք այնպիսի միջավայրում, երբ ունենք տասնյակ-հազարավոր բռնի տեղահանված փախստականներ, որոնց պետք է ապահովենք առաջնային՝ հոգատարությամբ, իսկ միջնաժամկետ հատվածում՝ նաև նրանց արժանապատիվ կեցությունը։ Այս պահին, չունենալով բռնի տեղահանվածների քանակի վերաբերյալ հստակ թիվ, մենք բյուջեում հստակ տող ենք սահմանել նրանց վերաբերյալ, որտեղ նախնական նախատեսել ենք 10 մլրդ դրամ, որի չափն անհրաժեշտության դեպքում կավելացնենք»,- 2024թ. պետական բյուջեի նախագիծը կառավարությունում ներկայացնելիս՝ հայտարարեց ֆինանսների նախարարը։

10 միլիարդն այն գումարների ընդամենը 5-7 տոկոսն է, որը նախկինում կառավարությունը տրամադրում էր Արցախին բյուջետային վարկի տեսքով։ Հիմա այդ վարկն այլևս չի լինելու, իսկ կառավարությունը որոշել է, որ նախնական 10 մլրդ դրամը բավարար է՝ Հայաստան տեղափոխված Արցախի գրեթե ողջ բնակչության սոցիալական խնդիրները լուծելու համար։

Դեռ հարց է, դրա մեջ մտնո՞ւմ են նաև Արցախից տեղահանված ու տեղափոխված կենսաթոշակառուների թոշակների,  նպաստառուների՝ նպաստների վճարման ծախսերը, թե՞ ոչ։ Այս հարցում հստակություն չկա, բայց չի բացառվում, որ հենց դրա համար է հատկացվել այդ 10 մլրդ դրամը։

Եթե նույնիսկ 10 միլիարդը դառնա 20 միլիարդ, դա մեծ գումար չէ տուն ու տեղ կորցրած տասնյակ-հազարավոր մարդկանց անգամ տարրական կենցաղային խնդիրների լուծմանն օժանդակելու համար։ Իսկ ո՞ւր են այն մյուս տասնյակ միլիարդները, որոնք ամեն տարի պետական բյուջեից հատկացվում էին Արցախին։ Ի՞նչ է մտադիր անել կառավարությունն այդ գումարները, ո՞ւր է պատրաստվում ուղղել։ Այս հարցերն առայժմ անպատասխան են։ Բայց մի բան ակնհայտ է, որ այսօր առավել ևս՝ արցախցին ունի դրանց կարիքը, կարևոր չէ՝ Արցախո՞ւմ կլինի, թե՞ Հայաստանում։

Կառավարությունն ու իշխանությունները պարտավոր են այն միջոցները, որոնք նախկինում Արցախ էին ուղարկում, հիմա հատկացնել Հայաստան տեղափոխված արցախահայերի սոցիալական ու մյուս խնդիրները հնարավորինս արագ լուծելու, նրանց կրած զրկանքներն ինչ-որ կերպ մեղմելու համար։ Այդպիսի հնարավորություններ կան և միանշանակ պետք է օգտագործվեն առավելագույնս։ Եվ ոչ թե բավարարվեն 10, գուցե և 20 մլրդ դրամ հատկացնելով ու համարեն, որ մեծ օժանդակություն են տրամադրել ամեն ինչից զրկված այս մարդկանց։

Անհրաժեշտ են սոցիալական շատ ավելի մեծ ծրագրեր՝ ընդհուպ մարդկանց բնակարանային խնդիրները լուծելու համար. ոչ թե ժամանակավոր, այլ մշտական։ Դրա համար հարկավոր են պետական ծրագրեր։

Այլ բան, իշխանությունները մտադիր են այդպիսի ծրագրե՞ր իրականացնել, թե՞ կբավարարվեն ժամանակավոր ու մեկանգամյա այնպիսի օժանդակություններով, ինչպես, օրինակ, հայտարարված 100 հազար դրամի միանվագ հատկացումն է՝ պետական բյուջեի միջոցների հաշվին։

Վաղը սա, անշուշտ, Նիկոլ Փաշինյանը ներկայացնելու է՝ որպես իշխանության կողմից մեծագույն հոգատարության ու աջակցության դրսևորում՝ Արցախի «մեր քույրերի ու եղբայրների» նկատմամբ։ Բայց ոչինչ չի ասի այն մասին, թե ինչո՞ւ և ո՞ւմ մեղքով այս մարդիկ հայտնվեցին այդ վիճակում։ Ինչո՞ւ ստիպված եղան թողնել ամեն ինչ ու մազապուրծ հեռացան։

Ո՞վ պիտի պատասխան տա այս մարդկանց կորուստների ու կրած տառապանքների համար։

Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, հազիվ թե նրանք կարող էին նման մղձավանջ պատկերացնել իրենց կյանքում, որի միջով անցան վերջին երեք տարիներին՝ պատերազմի ժամանակ ու նաև պատերազմից հետո։ Կորցրեցին ոչ միայն հարազատներին, այլև Հայրենիքը։

Պատերազմից ու անգամ հսկայական կորուստներից հետո դեռ հույս կար, որ մարդիկ կշարունակեն ապրել իրենց հայրենի հողում, սակայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, բոլոր հույսերը վերացան։ Այդտեղից սկսվեցին արցախցիների հերթական տառապանքներն ու զրկանքները, որոնք ավարտվեցին Արցախից նրանց հարկադրված  տեղափոխմամբ։

Այսօր, երբ Հայաստանի իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե ինչքան հոգատար են Արցախի «մեր քույրերի ու եղբայրների» նկատմամբ, ինչպիսի ջերմությամբ են ընդունում ու տեղավորում նրանց, լավ կլիներ ժամանակին իրենց հաշիվ տային ու իրենց արկածախնդիր քայլերով արցախահայությանն ու ամբողջ հայ ժողովրդին չկանգնեցնեին այսպիսի ողբերգության առաջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս